Բաժիններ՝

«Գևորգը 60-ից ավելի արկ է ուղարկել թշնամու դեմ, 60-ն էլ՝ ճշգրիտ». Զոհվածի ընկեր

«Շատ լավ, դրական, բարի, չափից դուրս ընկերասեր էր Գևորգը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված Գևորգ Օթարյանի մտերիմ ընկերը՝ Տիգրան Շահինյանը:

Գևորգը Երևանից էր, ապրում էր ծնողների, տատիկ-պապիկի և քրոջ հետ: Դեկտեմբերին կլրանար նրա 21 տարին:

«Դպրոցում սովորել է շատ լավ, գերազանց, ավարտելուց հետո անվճար ընդունվել էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, ապա 1 տարի սովորելուց հետո՝ անցած տարի ամռանը, զորակոչվել էր: Շատ գոհ էր իր ծառայությունից, ասում էր՝ օրերը շատ արագ անցնում են: Ես Գևորգից փոքր եմ, մեզ խորհուրդներ էր տալիս, ասում էր, որ բանակ գնանք՝ հրամանատարական անձնակազմի հետ լինենք լավ: Երբ պատերազմը սկսվել է, Գևորգին տեղափոխել են այլ զորամաս, բայց ինքն ընտանիքին չէր ասել, իր զոհվելուց հետո  ենք իմացել, որ առաջնագծում է եղել: Եթե հնարավոր էր լինում կապ հաստատել իր հետ, ասում էր՝ իր զորամասում է: Ինքը հաշվարկի հրամանատար է եղել, ու, ինչպես ասում են Գևորգի ծառայակից ընկերները, ինքն իր վրա դրված առաջադրանքը կատարել է գերազանց, 60-ից ավելի արկ է ուղարկել թշնամու դեմ, 60-ն էլ՝ ճշգրիտ»,- պատմեց Գևորգի ընկերը:

Տիգրանը հպարտությամբ նշեց, որ ընկերոջը ճանաչողներն էլ կարող են փաստել, որ նա հետքայլ, նահանջ չէր անի երբեք.

«Ապացույցն էլ նա է, որ տևական ժամանակ չի ուզել դադար վերցնի և շարունակել է մարտական գործողությունները: Ծառայակից ընկերներն ասում են, որ այդ դեպքից մի քանի օր առաջ բեկորներ են իր կողքով անցել և մտել պատի մեջ, շրջվել է, բեկորները հանել է ու ասել՝ հետևիցս են ընկել, հես ա իրենց հալը կտենան: Բոլորն ասում են, որ շատ դուխով է կռվել, և մի քայլ նահանջ չեն արել»:

Գևորգը որոշել էր վերադառնալ և ուսումը շարունակել, սակայն մեկ կարևոր բան ևս որոշել էր, պետք է ամուսնանար.

«Ասում էր՝ ծառայությունը վերջացնելուց հետո պետք է ամուսնանամ, միշտ ասում էր…»:

Գևորգը զոհվել է հոկտեմբերի 10-ին, սակայն հասցրել էր նույն օրը զանգել և՛ ընտանիքի անդամներին, և՛ ընկերներին.

«Հորեղբորորդուն ասել է՝ ամեն ինչ լավ է, մենք Գորիսում ենք, անգամ այդ օրը չի ասել, որ Արցախում է: Ճանապարհ գնալուց մոր հետ է խոսել, մայրը մեքենայի աղմուկը լսել և  հասկացել է, որ ճանապարհ են գնում, հարցրել է՝ այդ ի՞նչ ձայներ են, ո՞ւր եք գնում, Գևորգը պատասխանել է՝ չաստում ասֆալտ են անում: Մինչև վերջ ոչ մեկին տեղյակ չի պահել»:

Գևորգ Վարդանի Օթարյանին հուղարկավորել են հոկտեմբերի 16-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս