«Չեն հասկանում, որ համախմբումը այլ բան է ենթադրում». Հովհաննես Իշխանյանը համախմբման կոչ է անում

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը կոչով դիմել է Հայաստանի իշխանությանը՝ համախմբել բոլորին պետության շուրջ և ընդունել 14 կուսակցությունների՝ այս իրավիճակից միասնաբար ելքեր գտնելու առաջարկը:

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում նա ասաց, որ նման կոչով դիմելու հիմնական պատճառները երկուսն են. «Երբ կուսակցությունների հայտարարությունը եղավ, հասկացա, որ մեր հասարակությունը մեծ ատելություն ունի ցանկացած քաղաքական ուժի նկատմամբ, որը եղել է մինչև «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության գալը, անկախ նրանից, թե ինչպիսին են եղել, ինչ դրական կամ բացասական ազդեցություն են ունեցել պետության համար: Երկրորդ՝ թեև իշխանությունն անընդհատ համախմբման կոչ է անում, բայց պետք է հասկանանք, որ սոցիալական մեդիայում և փողոցներում #հաղթելու_ենք գրելը դեռևս հաղթանակի գրավական չէ: Երկրի ամբողջ պոտենցիալն այս պահին չենք կարողանում օգտագործել»:

Նա ընդգծեց, որ, երբ իշխանությունն ասում է՝ համախմբվեք, մարդիկ կարծում են, թե համախմբումն իշխանության շուրջ է. «Համախմբումը ժողովրդի ամբողջ զանգվածով, կարողություններով և ռեսուրսներով է, և, երբ անընդհատ կրկնում ենք, որ սա մեզ համար գոյամարտ է, և ցեղասպանության վտանգ կա, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ մտածում են, թե երբ թուրքերը ներխուժեն Հայաստան, միայն մի մասին են կոտորելու, իսկ մյուս մասին թողնելու են: Չեն հասկանում, որ համախմբումը այլ բան է ենթադրում: Այսինքն՝ եթե կա Դաշնակցությունը, որն ակտիվ մասնակցում է պատերազմին, եթե կա նորաստեղծ «Հայրենիք» կուսակցությունը, և այլն, ի վերջո, պետք է հասկանալ, որ այդ համախմբվածությունը նշանակում է՝ պետության շուրջ համախմբել այդ ամբողջ ներուժը, ոչ թե՝ երբ կոչ ես անում իշխանությանը համախմբվել՝ քեզ ասեն՝ դավաճան: Եթե մի կողմից հնչում է՝ դավաճան, դա նշանակում է, որ համախմբվածություն չկա»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս