«Նման տեղեկություն չունեմ». ԱԳՆ խոսնակը՝ Զոհրաբ Մնացականյանի և Արցախի նախկին նախագահների հետ Կառավարությունում հանդիպման մասին
«Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Զոհրաբ Մնացականյան հանդիպումը։ Այս ընթացքում նման հանդիպումներ շատ են լինում, դա բնական է, և, այո՛, վարչապետի մոտ հիմա նախարարը հանդիպման է»,- ի պատասխան 168.am-ի հարցին՝ ճի՞շտ են մեր տեղեկությունները, որ Զոհրաբ Մնացականյանը Կառավարությունում այս պահին հանդիպում է վարչապետ Փաշինյանի հետ, ասաց ԱԳ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ճշտող հարցին՝ արդյոք Զոհրաբ Մնացականյանը Կառավարությունում մասնակցե՞լ է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպմանը, ԱԳ նախարարի խոսնակը նշեց.
«Ես նման տեղեկություն չունեմ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հրատապ կերպով Արցախից եկել են Երևան ու Կառավարությունում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց մտահոգել է երեկ ԱԱԽ նիստում և արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեղեկությունների բովանդակությունը։
Լուրի հրապարակումից րոպեներ անց էլ հրապարակեցինք տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են Ացախի երկու նախկին նախագահների մեքենաները հեռանում Կառավարության շենքից։
Աննա Նաղդալյանից փորձեցինք ճշտել նաև՝ արդյոք հստակեցվե՞լ է նախարար Զոհրաբ Մնացականյանի ԱՄՆ կատարելիք այցի ժամանակացույցը։
Ի պատասխան՝ Նաղդալյանը նշեց. «Այդ մասով միակ տեղեկությունն այն է, որ այցը նախատեսվում է հոկտեմբերի 23-ին, այլ բան դեռ չկա»։
Նշենք, որ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր հաստատել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի այցը ԱՄՆ նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի 23-ին։
«Հոկտեմբերի 23-ին նախատեսված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը»,- հաղորդում է ՏԱՍՍ-ը: