Բաժիններ՝

Մելանշոնը` Ֆրանսիայում չեչենական հանրակցության հետ խնդիրների մասին

«Անհնազանդ Ֆրանսիա» ծայրահեղ ձախ ֆրանսիական կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնն առաջարկել է երկրից վտարել Չեչնիայից սերվածներին, որոնք զբաղվում են «քաղաքական իսլամիզմով»։ Հոկտեմբերի 16-ի երեկոյան չարագործը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին գլխատել է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում:

Սպանված տղամարդը պատմություն էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր է անցկացրել եւ ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Հարձակվողը գնդակահարվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազության ղեկավար Ժան Ֆրանսուա Ռիկարը հայտարարել է, որ հարձակվողը ծնվել է Մոսկվայում, 2002 թվականին, ուներ չեչենական ծագում եւ փախստականի կարգավիճակ էր ստացել Ֆրանսիայում: Գործի հետաքննության ընթացքում ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում՝ հարձակվողի ազգականները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը մի շարք նախարարների ուղեկցությամբ ժամանել էր կոմունա, որտեղ կատարվել էր սպանությունը, տեղի ունեցածը որակել է ահաբեկչական գործողություն: Եվրոպայի չեչենների ասամբլեան դատապարտել է ուսուցչի սպանությունը: Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ցավակցություն է հայտնել սպանված ուսուցչի ազգականներին եւ հայտարարել, որ Չեչնիան կտրականապես հանդես է գալիս ահաբեկչության բոլոր դրսեւորումների դեմ: «Ես կարծում եմ, որ խնդիրներ կան Ֆրանսիայում չեչենական հանրակցության հետ»,-ասել է Մելանշոնը LCI հեռուստաալիքի եթերում: Նա նշել է, որ ամռանը Դիժոնում անկարգություններ են տեղի են ունեցել չեչենական սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Ուստի ես կարծում եմ, որ հարկավոր է մեկ առ մեկ վերցնել յուրաքանչյուր չեչենի գործը, որոնք գտնվում են Ֆրանսիայում, եւ բոլոր նրանք, ովքեր նման ակտիվություն են ցուցաբերում սոցիալական ցանցերում, ինչպես այս մարդասպանի (ուսուցիչ Սամյուել Պատիի) դեպքում, եւ մյուսների, որոնք զբաղվում են քաղաքական իսլամիզմով… պետք է ձերբակալվեն եւ վտարվեն»,-հայտարարել է քաղաքական գործիչը: «Անկասկած, այս հանրակցության (չեչենական) մեջ կան շատ լավ մարդիկ, դրանում համոզվելը մեր պետության պարտքն է»,-հավելել է նա: Հոկտեմբերի 18-ին Փարիզի Հանրապետության հրապարակում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում ակցիաներ են անցկացվել՝ ի հիշատակ սպանված ուսուցչի, ցույցերի մասնակիցները դուրս են եկել ազատ խոսքի եւ ուսուցիչների պաշտպանության կարգախոսներով: Ակցիաներին մասնակցել են այդ թվում՝ երկրի վարչապետ Ժան Կաստեքսը, կառավարության մի շարք անդամներ եւ քաղաքագլուխ Անն Իդիլգոն: Ելիսեյան պալատը հայտարարել է, որ հոկտեմբերի 21-ին կկայանա սպանված ուսուցչին հրաժեշտի ազգային արարողություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս