«Ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը». քայլերթի մասնակիցները հանդիպեցին Շոմբի Շարփին

Այսօր քայլերթ տեղի ունեցավ Մատենադարանից դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ: «Որտե՞ղ է ՄԱԿ-ը, ինչո՞ւ է լռում» խորագրով ցույցի կազմակերպիչները լրագրողների հետ զրույցում ասացին, որ Հայաստանում գործող միջազգային կառույցները ստեղծված իրավիճակում ակտիվություն չեն դրսևորում, մինչդեռ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչն  այցելել էր Գյանջա և թվիթերի իր էջում գրառում արել քաղաքացիական անձանց չթիրախավորելու մասին: «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը վստահեցրեց, որ սեպտեմբերի 28-ից հայկական կողմը փաստեր է ներկայացնում աշխարհին ադրբեջանաթուրքական ագրեսիայի հասցրած վնասների մասին, սակայն արձագանքը բավարար չէ:

«Մենք տեսնում ենք չեզոքություն միջազգային կառույցների և հանրության կողմից: Տեսնում ենք, որ այստեղի կառույցների ներկայացուցիչները ակտիվություն չեն ցուցաբերում, չեն այցելում այն վայրերը, որոնք հրթիռակոծվում են, չեն հավաքում փաստեր, դա է պատճառներից մեկը, որ անհամաչափ արձագանք կա միջազգային կառույցների կողմից: Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչն այցելում է Գյանջա, իսկ Հայաստանում նույն այդ ներկայացուցիչը որևէ ակտիվություն չի ցուցաբերում և, օրինակ, Վարդենիս չի այցելում, կամ Ստեփանակերտ: Զուտ այն փաստը, որ իրենց տեսակետից Ստեփանակերտը գտնվում է վիճարկվող տարածքում, դա դեռևս չի նշանակում, որ այդ վայրեր պետք է չայցելեն և փաստահավաք առաքելություն չիրականացնեն: Մենք տեսնում ենք սպանող լռություն, որը սպանում է մեր ժողովրդին»,- ասաց Լուսինե Հակոբյանը:

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահը նշեց, որ ցանկանում են ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող միանշանակ գնահատականներ լսել, տեսնել Թուրքիայի նկատմամբ կոնկրետ պատժամիջոցներ: Քայլերթի կազմակերպիչները նամակ էին բերել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, որը ակցիայի պահին գրասենյակում չէր: Նա եկավ մոտ մեկ ժամ անց և հանդիպեց քայլերթի մասնակիցներից կազմված պատվիրակության հետ: Քայլերթի կազմակերպիչներից մեկը՝ դերասան Ռաֆայել Երանոսյանը, 168.am-ի հետ զրույցում  ասաց, որ Շոմբի Շարփը լսել է իրենց բոլոր հարցերը և խոստացել, որ, որքան հնարավոր է՝ շուտ պատասխաններ կտա:

«Մենք ասացինք, որ այս ամենին լինելու ենք հետևողական, «մենք» ասելով՝ նկատի ունեմ՝ հայերը, ոչ թե որևէ կուսակցություն:  Եթե մենք տեսնենք, որ մեր նամակն անպատասխան է մնում, մենք կրկին նման երթեր կանենք, կհավաքվենք այնտեղ, եթե պետք լինի՝ ավելի բարձր ատյանների կդիմենք»,- ասաց Երանոսյանը:

Շոմբի Շարփը նաև հավաստիացրել է, որ քայլեր արվում են, միայն թե դրանք ոչ միշտ են  հրապարակային բնույթ կրում:

«Ասացին, որ մենք մեր գործն անում ենք, ուղղակի այն, ինչ տեղի է ունենում կուլիսներում, շատ անգամ պետք չի, որ հրապարակվի, մենք ասացինք, որ դա հասկանում ենք, բայց ցանկանում ենք, որ իրենք ավելի ակտիվ լինեն, որովհետև ամեն վայրկյանը մի զինվորի կյանք է, մի մշակութային կոթողի փլուզում է: Ինքն ասաց՝ ես ձեզ հետ եմ, կարեկցում եմ և հնարավորինս շուտ կփորձեմ արձագանքել»,- ասաց նա:

Ռաֆայել Երանոսյանն ասաց, որ կսպասեն մի քանի օր, եթե իրենց հարցերի պատասխանները չստանան, ապա ավելի բազմամարդ ակցիաներ կկազմակերպեն:

«Պետք լինի՝ այդտեղ էլ կքնենք, մինչև մեր ձայնը տեղ հասնի»,- ասաց Երանոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս