«ԵՄ այդ խայտառակ հայտարարությունները միայն ցույց են տալիս, որ եվրոպական ժողովրդավարությունն իրեն տապալեց. Նավալնին պետք է վատանա, որ սանկցիաներ կիրառե՞ն։ Ամո՛թ է». Լարիսա Ալավերդյան
Ադրբեջանցիների կողմից հայ զինվորին գլխատելու փաստը ներկայացվելու է Մարդու իրավունքների միջազգային դատարան։ Հոկտեմբերի 18-ին հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանն էլ նշեց, որ իր ներկայացրած տեղեկությունները վերաբերում են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առնչությամբ հարուցված քրեական գործերին:
«Դեռևս 2020թ. հուլիսի 12-17-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից լայնածավալ ռազմական գործողություններ են ծավալվել ՀՀ-ի հետ Տավուշի մարզին հարող տարածքներում, որի ընթացքում ականանետային և հրթիռահրետանային միջոցներով հրթիռակոծվել են Տավուշի մարզի շուրջ 8 բնակավայրեր: Նշված փաստերի առթիվ դեռևս այն ժամանակ հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր սպանության, ազգային, կրոնական շարժառիթով զուգակցված ատելության, գույքի վնասման դեպքերով»,- ասաց ավագ դատախազը:
Ըստ նրա՝ ներկայում նույնպես հարուցվել է քրեական գործ, համապատասխանաբար՝ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, վարելու, միջազգային մարդասիրական իրավունքների խախտումներ թույլ տալու, վերադասի կողմից ստորադաս անձանց մասսայական ոչնչացնելու, ապօրինի հրաման արձակելու, ինչպես նաև միջազգային վարձկաններին հավաքագրելու և ներգրավելու փաստով:
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի փոխանցմամբ՝ պահանջվում է երկարատև խորքային, սիստեմատիկ աշխատանք:
«Եթե խոսում ենք պատժիչ միջոցառումների մասին, որոնք մենք պետք է իրականացնենք, դա, փաստորեն, ագրեսիայի հետմղումն է: Իսկ եթե մենք հասկանում ենք, որ այդ պատժիչ գործողությունները պետք է իրականացվեն համապատասխան պատկան քաղաքական և իրավական միջազգային ատյանների կողմից, ապա դա նշանակում է, որ պետք է շատ աշխատենք: Բոլորն առանձին-առանձին ճանաչում են, որ Ադրբեջանը վարձկան ահաբեկիչների է բերել, իսկ կատարվածը բարբարոսություն է, վայրագություն, սակայն դեռ ոչ մի ատյան չի ընդունել դրանք դատապարտող և անմիջապես սանկցիաներ նշանակող որևէ որոշում: Դա նշանակում է, որ մեր դիվանագիտական աշխատանքը տարիներ շարունակ տեղում չի եղել: Ինչ արել են, ես միշտ շնորհակալ եմ եղել, բայց դա բավարար չէ: Եվ այսօր մենք, փաստորեն, փաստերը ձեռքներս չենք կարողանում դա անել, որովհետև միջազգային ատյաններն այդքան օպերատիվ չեն գործում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը:
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանը համոզված է՝ զուտ հայկական զենքի վրա հույս դնելը և դրանով պատժելը չի գործելու, այն անպայման պետք է ուղեկցվի խորքային և հասցեական դիվանագիտական աշխատանքով, որպեսզի սանկցիայի մասին որոշում ստանանք:
«Այսօր պետք է լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը: Չգիտեմ՝ ՀՀ ներկայացուցիչը կլինի՞ այնտեղ, թե՞ ոչ: Եթե այնտեղ է, ապա ի՞նչ փաստարկներով է հանդես գալու, թե՞ մենք էլի օրվա վերջում կստանանք մի անատամ, պարիտետային նշաններով հայտարարություն կամ ինչ-որ մի բան, թե ինչ է պետք անել: ՄԱԿ-ի աշխատանքները պետք է ավելի հստակեցվեն, և, հետո, ՄԱԿ-ի կանոնադրությամբ հայտնի է, որ այսպիսի դեպքերում այն պետությունները, որոնք ՄԱԿ անդամ չեն, ևս կարող են հրավիրվել, եթե հարցն իրենց է վերաբերում: Իսկ ագրեսիան, որը տեղի է ունենում, վերաբերում է Արցախին, և դա եզրույթ է: Կապ չունի՝ պետությունը ճանաչվա՞ծ է, թե՞ ոչ, երբ խոսում են ագրեսիայի մասին:
Այսինքն՝ պետք է անպայման հասնել նրան, որ Արցախի ներկայացուցիչները ևս լինեին և մասնակցեին՝ եթե ոչ՝ հրավիրյալի, ապա՝ փորձագետի կարգով: Ցավոք, չգիտեմ՝ Հայաստանը մասնակցելո՞ւ է այս նիստին, թե՞ ոչ. ոչ մի տեղեկություն չունենք»,- նշեց Լարիսա Ալավերդյանը՝շեշտելով, որ մենք շատ լավ գիտենք՝ ինչ է պետք անել, ու սպասում ենք հստակ քայլերի:
«Ամեն անգամ կարծես մեզ էլ են դնում հիմարի տեղ, ասում են, թե երկու կողմն էլ իրար է մեղադրում: Շատ կներեք, բոլոր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները հետախուզական արբանյակների միջոցով ունեն հստակ տվյալներ: Հիմա իրենք ո՞ւմ են ուզում ինչ ասել: Հրաշալի տիրապետում են ամբողջական ինֆորմացիային, և Եվրամիության այդ խայտառակ հայտարարությունները միայն ցույց են տալիս, որ եվրոպական ժողովրդավարությունն իրեն տապալեց: Արաբական երկրներին, Իրանին, տեսեք, թե նրանք ինչքան ճիշտ են արձագանքում: Որովհետև հստակ տեսնում են քաղաքակրթական բախումը: Սա որևէ կապ չունի իսլամի կամ մուսուլմանության հետ: Սա թյուրքիզմի պատերազմն է՝ շրջապատող աշխարհի դեմ: Եվ ամո՛թ Եվրամիությանը, որ կարծես թե չգիտեն՝ ինչ է կատարվում: Ես դատապարտում եմ. քիչ է՝ իրենք են ձևացնում, դեռ մի բան էլ ուզում են մեզ համոզել, որ չգիտեն, թե ինչ է տեղի ունենում»,- հավելեց ՄԻՊ նախկին պաշտպանը:
Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այն մարդու իրավունքների դատարան է, և այս առումով նրանք կարծես թե հստակ կողմնորոշում և դիրքորոշում հայտնել են վճիռներով, որոնք կայացել են Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերյալ:
«Սա ընդամենը մեկ ատյան է, որտեղ մեր իրավաբանները հարթել են ճանապարհը և գրագետ անում են իրենց գործը: Բայց հույսը դնել նրա վրա, որ ՄԻԵԴ-ը կարող է ինչ-որ բան որոշել, որը հետո կազդի ամբողջ պետության վրա, կամ սանկցիաներ կլինի, դա միամտություն է: Այդ բոլորը պետք է անեն այլ ատյաններ, նույն Եվրոպայի խորհուրդը: Այդ Եվրոպայի խորհուրդը այստեղ ինչ է, սանատորիա՞ է եկել: Երկու անդամ պետություն այսօր տեռորիստական պետության դրսևորումներով են հանդես գալիս: Նավալնին պետք է վատանա, որ սանկցիաներ կիրառե՞ն: Սա ուղղակի ամոթ է:
Խճճված վիճակը, համոզմունքը, որ Արցախն Ադրբեջանի տարածքն է, այդ մոլորությունը մտցրել են Եվրամիության անդամ պետությունները, ու իրենք այսօր պատասխանատվություն են կրում դրա համար: Նրանք ընդունել են մի կոչ, որով հետո կարծես թե լռելյայն համաձայնվել են, որ իրենք ճանաչում են նախկին սովետական հանրապետությունները՝ սովետական սահմաններում: Այդպիսի բան չկա, ճանաչումը չի ենթադրում սահմանների ճանաչում: Եվ որևէ քաղաքական քայլ՝ առանց իրավական հիմքի, դա արյուն է: Եվ այս երկրներն այսօր պետք է պատասխան տան դրա համար: Իրենք են պարտավոր այսօր ճանաչել Արցախի Հանրապետությունը»,- եզրափակեց ՄԻՊ նախկին պաշտպանը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 18-ին կեսգիշերին մոտ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը փաստեր ներկայացրեց ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողին գլխատելու մասին։