Շարունակում ենք աշխատել, որպեսզի Բրազիլիան ճանաչի Արցախի անկախությունը, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանությունը. Սարգիս Կարամեկյան

Աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերը շարունակում են բողոքի ակցիաներ անցկացնել՝ աշխարհից պահանջելով ճանաչել Արցախի անկախությունն ու հայտարարություններից անցնել գործուն քայլեր ձեռնարկելուն՝  ադրբեջանաթուրքական ահաբեկչությունը դադարեցնելու համար։

«Սան Պաուլոյի Հայ երիտասարդաց  ֆիդայիներ կազմակերպությունը շարունակում է աշխատել, որպեսզի  Բրազիլիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Արցախի անկախությունը:  Միևնույն ժամանակ՝ հասկանում ենք, որ սա շատ բարդ է լինելու, որովհետև Բրազիլիան Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեծ կապեր ունի: Բրազիլիա-Թուրքիա տարեկան առևտրաշրջանառությունը  տարին 600-700 միլիարդ դոլար է:  Այստեղ նաև բրազիլացի և ադրբեջանցիների պատգամավորների խումբ կա, որի նախագահը բրազիլացի ֆեդերալ  պատգամավոր Կլաուդիո Կանժատուն է, ով զրպարտչական  կարծիքներ էր գրում դեռևս հուլիսյան պատերազմի ժամանակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայ երիտասարդաց ֆիդայիներ արհեստավարժ ֆուտբոլի ակումբ»-ի, Բրազիլիայի Առևտրի հայկական պալատի հիմնադիր Սարգիս Կարամեկյանը:

Նրա փոխանցմամբ՝ Պաուլիստա պողոտայի խոշոր առևտրային կենտրոնի շենքը սեպտեմբերի 30-ին Հայաստանի դրոշի գույներով է պատվել՝ ի աջակցություն հայ ժողովրդի, սակայն ցավալին այն է, որ  բրազիլական ռադիոն, թերթերը, հեռուստատեսությունը Հայաստանի մասին ոչինչ չգիտեն, սակայն հայ համայնքն ամեն ինչ անում է, որպեսզի ծանոթանան հայոց պատմությանը, իմանան, որ քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգն են հայերը:

«Տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչներն այս ընթացքում կապ են  հաստատում մեզ հետ՝ հարցնելով, թե ինչո՞ւ է այս պատերազմը սկսվել,  մենք բացատրում ենք, իրենք էլ համացանցից որոշ տեղեկություններ են հավաքում ու ներկայացնում են: Ուզում եմ իմ երախտագիտությունն ու խոնարհումը հայտնել մեր քաջ, հայրենասեր զինվորներին, ովքեր կյանքի գնով պահում են մեր երկիրը: Աստված պահի նրանց. Հայություն, հայություն, միշտ հայություն»,- խոսքը եզրափակեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին, և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել է Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

Տեսանյութեր

Լրահոս