«Առանձնապես ակնկալիք չունեմ թե՛ երկկողմ ձևաչափով հանդիպումից հետո, թե՛ եռակողմ հնարավոր հանդիպման ավարտից». Սուրեն Սարգսյան
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հոկտեմբերի 17-ին The Hill-ին տված հարցազրույցում նշել էր, որ աշխատանքներ են տարվում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ։
«Ակնկալվում է, որ այցն ու հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կկայանա այս ամիս»,- տեղեկացրել էր արտասահմանյան լրատվամիջոցը՝ նկատելով, որ, թեև հանդիպումը ծրագրված է ԱՄՆ-ի և Հայաստանի ամենամյա ռազմավարական երկխոսության ոգուն համապատասխան, այն նոր հրատապություն է ձեռք բերում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին, որի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, վիրավորվել են հարյուրավոր և տեղահանվել տասնյակ-հազարավոր մարդիկ:
168․am-ը ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվել էր, թե, մասնավորապես, ե՞րբ կկայանա այցը, ի՞նչ օրակարգով: Ի պատասխան՝ Աննա Նաղդալյանն ասել էր, որ այս պահին ավել մանրամասներ, քան դեսպանն է ասել, չի կարող հաղորդել։
168.am-ը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ակնկալիքներ ունի ՀՀ արտգործնախարարի ամերիկյան այցից, և այն հիմնականում ի՞նչ օրակարգով պետք է լինի։
«Ինչ-որ ակնկալիք ունենալու համար պետք է նախ հասկանալ, թե այս այցի նպատակն Արցախի հարցի քննարկո՞ւմն է, և արդյո՞ք պետքարտուղարի հետ այս հանդիպումը եռակողմ է լինելու: Տեղեկություններ չկան՝ արդյո՞ք Ադրբեջանի արտգործնախարարը ևս մեկնելու է Միացյալ Նահանգներ։ Եթե այս ամենի վերաբերյալ տեղեկություներ լիներ, ըստ դրա՝ մենք կարող էինք հասկանալ, որ գուցե հիմա էլ Վաշինգտոնն է փորձում հրադադար հաստատելու միջնորդությամբ հանդես գալ։ Ես առանձնապես ակնկալիք չունեմ ցանկացած պարագայում՝ թե՛ երկկողմ ձևաչափով հանդիպումից հետո, թե՛ եռակողմ հնարավոր հանդիպման ավարտից։ Մենք գործ ունենք հարևանի հետ, որը պարբերաբար հրադադարի տեքստ է հրապարակում կամ ընդունում, բայց իրականում այլ բան է անում։ Այնպես որ, առանձնապես ակնկալիքներ չկան»,- նշեց Սուրեն Սարգսյանը։
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ հայերը հզոր ոգի ունեն, նվիրված են իրենց երկրին, նաև, որ աշխատանք է տարվում հայերի ուղղությամբ, Սուրեն Սարգսյանը նշեց, որ դա, մեծ հաշվով, նախընտրական փոքր անդրադարձ էր։
«Ճանապարհին տեսել էր Հայաստանի դրոշներ և այդ հանգամանքին անդրադարձավ, սա նախընտրական ինչ-որ թեթև անդրադարձ էր։ Ինչ վերաբերում է, որ իրենք հայերի ուղղությամբ աշխատում են, չեմ բացառում, որ հենց նկատի ուներ ՀՀ արտգործնախարարի Վաշինգտոն կատարելիք այցը, գուցե այնտեղ ինչ-որ առաջարկներ լինեն»,- հավելեց նա։
Հարցին՝ արդյոք Միացյալ Նահանգները կարո՞ղ է դեմ գնալ Թուրքիային և նրա համար դառնալ զսպող մեխանիզմ, Սուրեն Սարգսյանը պատասխանեց, որ չի կարծում, թե այսօր Միացյալ Նահանգները հնարավորություններ ունի զսպելու Թուրքիային։
«Չեմ կարծում նաև, որ Միացյալ Նահանգները կարող է ինչ-որ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, որովհետև նա վերջին տարիներին շատ ակտիվ քայլեր է ձեռնարկել բոլոր ուղղություններով, և միշտ չէ, որ դրանք համընկել են Վաշինգտոնի շահերի։ Պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ եղել են շատ թեթև և մեղմ»,- եզրափակեց Սուրեն Սարգսյանը։