9 ամսում նախորդ տարվանից պակաս է հավաքվել ավելի քան 62 մլրդ դրամ

Այն բանից հետո, երբ Ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ ևս մեկ անգամ կրճատեց պետական բյուջեի մուտքերը՝ Պետեկամուտների կոմիտեն շտապեց հայտարարել, թե գերակատարել է 9 ամսվա հարկային եկամուտների պլանը։ Բայց մի՞թե սա գերակատարում է։

«Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2020թ. 9 ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 16,8 մլրդ դրամ գումար: Օրենքով սահմանված ծրագրային ցուցանիշներով՝ 2020թ. 9 ամիսների համար նախատեսված էր 999,1 մլրդ դրամ:

Միայն հարկային մարմինների հավաքագրած հարկային եկամուտները կազմել են 916,7 մլրդ դրամ` ի տարբերություն 2019թ. նույն ժամանակահատվածի 901,6 մլրդ դրամի:

Մաքսային մարմինների հավաքագրած եկամուտները կազմել են 199 մլրդ դրամ` 2019թ. համադրելի 266,8 մլրդ դրամի փոխարեն:

Տնտեսվարողներին վերադարձված գումարը կազմել է 98,9 մլրդ դրամ` 2019թ. նույն ժամանակահատվածում վերադարձված 90,2 մլրդ դրամի փոխարեն:

Չնայած համավարակի ազդեցությանը և տնտեսական զարգացումների վերաբերյալ բացասական կանխատեսումներին, ինչպես նաև ՀՀ Կառավարության կողմից տնտեսության համար տրամադրված մեծածավալ արտոնություններին` հարկային եկամուտների ծավալն ավելացել է, ինչը չենք կարող ասել մաքսային վճարների վերաբերյալ, որոնք 2020թ. ընթացքում նվազել են` հիմնականում տրանսպորտային միջոցների ներկրման մեծ ծավալների բացակայության պատճառով»,- ամփոփելով 9 ամսվա ցուցանիշները՝ հայտարարեց ՊԵԿ-ը:

Այս հայտարարությունը լսելուց հետո անտեղյակ քաղաքացուն կթվա, թե տնտեսության անկման պայմաններում Պետեկամուտների կոմիտեն հարկային մուտքերի լուրջ առաջընթաց է ապահովել։ Այնինչ, ամենևին էլ այդպես չէ։ Ու դա փաստում են հրապարակված պաշտոնական տվյալները։

Դրանց համաձայն՝ տարեսկզբի 9 ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտները՝ նախորդ տարվա համեմատ, ոչ միայն չեն ավելացել, այլև զգալիորեն նվազել են։ Եթե 2019թ. առաջին 9 ամիսներին դրանք կազմել էին 1 տրիլիոն 79 միլիարդ, ապա այս տարի կազմել են 1 տրիլիոն 16 մլրդ դրամ։

Պակաս է հավաքվել առնվազն 62 մլրդ դրամ։ Հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ կրճատվել են ավելի քան 5,7 տոկոսով։

Ընդ որում, կրճատումը գնալով խորանում է. 8 ամսվա բացասական տարբերությունը կազմել էր 50 միլիարդ դրամ։

Այն, որ բյուջեի եկամտային ցուցանիշները կրճատելուց հետո կրճատվել է նաև հարկային եկամուտների պլանը, դա դեռ չի նշանակում, թե ՊԵԿ-ը լուրջ հաջողության է հասել։

Հիշեցնենք, որ դեռևս ապրիլին պետական բյուջեում իրականացված փոփոխությամբ ի սկզբանե հաստատված հարկային եկամուտները նվազեցվեցին 169,1 մլրդ դրամով։ Սակայն դա էլ բավարար չեղավ գոնե  մնացած եկամուտներն ամբողջությամբ ապահովելու համար։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ հարկային եկամուտների ճեղքվածքը տարվա կտրվածքով շատ ավելի մեծ կլինի, քան կրճատված 169,1 միլիարդն է։

Պատահական չէ, որ կառավարությունը ստիպված եղավ ևս մեկ անգամ դիմել Ազգային ժողովին՝ բյուջեն վերանայելու առաջարկությամբ։ Արդյունքում՝ հարկային եկամուտները նվազեցվեցին ևս 112,7 մլրդ դրամով։

Խոսքը մուտքերի, ընդհանուր առմամբ, 282 մլրդ դրամ կրճատման մասին է։

Ու եթե այսքանից հետո Պետեկամուտների կոմիտեն 9 ամսում հավաքված 1 տրիլիոն 16 միլիարդը ձեռքբերում է համարում, ապա դա իր խնդիրն է։ Փաստն այն է, որ այս տարի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականը ոչ միայն զգալիորեն զիջում է նույնիսկ նախորդ տարվա մակարդակը, այլև էապես շեղվել է ի սկզբանե հաստատված ցուցանիշներից։

2020թ. հաստատված պետական բյուջեով ժամանակին կառավարությունը նախատեսել էր ապահովել 1 տրիլիոն 602 մլրդ դրամի հարկային եկամուտ։ Վերջին փոփոխությունից հետո այն դարձել է 1 տրիլիոն 320 միլիարդ։

Զարմանալի չէ, որ դրա հետևանքով ունենք բյուջեի դեֆիցիտի աննախադեպ մակարդակ, քանի որ չստացված հարկային եկամուտները կառավարությունն ակնկալում է պարտք վերցնել այլ աղբյուրներից։ Վերջին փոփոխությունից հետո բյուջեի դեֆիցիտը հասել է 459 մլրդ դրամի։

Ապրիլից սկսած հարկային եկամուտները նվազում են։ Այդ ընթացքում, նախորդ տարվա համեմատ, պակաս է ստացվել գրեթե 112 մլրդ դրամ։ Եթե 2019թ. ապրիլ-սեպտեմբերի ընթացքում հաջողվել էր հավաքել 779,5 մլրդ դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը կազմել է 667,8 միլիարդ։ Անկումն անցնում է 14 տոկոսից։

Հարկային եկամուտների կատարողականը շարունակում է անհանգստացնող լինել ոչ միայն՝ համավարակի առաջին փուլում, այլև՝ վերջին ամիսներին։ Օգոստոսին նախորդ տարվանից պակաս ստացված գումարը կազմում էր 7,7 մլրդ դրամ։ Սեպտեմբերին տարբերությունն անցնում է 12 միլիարդից։ Սեպտեմբերի կատարողականը 129,3 մլրդ դրամ է։ Այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ամսին հավաքվել էր 141,7 միլիարդի հարկային եկամուտ։

Բյուջեի մուտքերը նվազել են բազմաթիվ հարկատեսակների գծով՝ սկսած ԱԱՀ-ից՝ վերջացրած շահութահարկով ու մաքսատուրքերով։ Իսկ այն, որ նվազել են հատկապես մաքսային մարմինների կողմից հավաքվող գումարները, որովհետև կրճատվել է տրանսպորտային միջոցների ներմուծումը, բոլորվին էլ արդարացում չէ։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ այն բանից հետո, երբ հունվարի 1-ից սկսեն գործել ԵԱՏՄ անդամագրումից թելադրված մաքսասակագնային նոր կարգավորումները, դա բերելու է տրանսպորտային միջոցների ներմուծման նվազման, հետևաբար՝ նաև այդ հատվածից ստացվող եկամուտների կտրուկ կրճատման։

Իմանալով այդ մասին՝ կառավարությունը պետական բյուջեով պլանավորել էր ապահովել 1 տրիլիոն 602 մլրդ դրամի հարկային եկամուտ։ Դեռ չհաշված, որ ժամանակին այն ճշգրտվել էր աճման ուղղությամբ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս