Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են, այնուամենայնիվ, խուսափել ուղիղ առճակատումից․ Լուկիանով
«Ղարաբաղյան կարգավորման հեռանկարներն այս պահին չափազանց աղոտ են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Ղարաբաղյան պատերազմի ֆոնին հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարներին և թուրքական գործոնին Ղարաբաղյան հակամարտությունում։
Հիշեցնենք, որ օրերս ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում խոսելով բանակցությունների հեռանկարից՝ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կարգավորման հիմնարար սկզբունքների և Արցախի կարգավիճակի շուրջ լիովին տարբեր դիրքորոշումներ էին հայտնել։
Նշենք, որ հարցին, թե ի՞նչ փոխզիջման է պատրաստ, և կա՞ արդյոք սահմանագիծ, որից ոչ մի դեպքում չի նահանջի, Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ, իհարկե, կա այդպիսի սահմանագիծ, և այդ սահմանագիծը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Եվ միշտ, բոլոր ժամանակներում Հայաստանը պատրաստ է եղել այդպիսի փոխզիջման: Ամենահայտնի նախաձեռնությունը Կազանյան նախաձեռնությունն է, երբ Հայաստանը պատրաստ է եղել կոնկրետ փոխզիջման: Բայց Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել այս համաձայնագրերը, քանի որ չի ցանկացել և չի ցանկանում ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար սահմանագիծ է, իհարկե, «կարմիր գիծ» է, որը մենք չենք կարող անցնել: Իսկ Իլհամ Ալիևն ասել էր, որ Ղարաբաղի անկախությունը երբեք չեն ճանաչի։
Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ վերջին մեկ շաբաթվա զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանը և Ադրբեջանը հազիվ թե նստեն բանակցային սեղանի շուրջ, այսինքն՝ հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարները չափազանց աղոտ են թվում, քանի որ նույնիսկ Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը չի գործում Թուրքիայի՝ Ադրբեջանին ինտենսիվ աջակցելու պայմաններում։
Մյուս կողմից, նրա խոսքով, Թուրքիայի հայտարարությունները, դիրքորոշումները որոշիչ են, որոնք կասկածի տակ են դնում հրադադարը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։
«Ես կարծում եմ, որ բանակցություններ կարող են լինել միայն այն ժամանակ, երբ ռազմական ճանապարհով ինչ-որ բաներ ստանալ փորձող կողմը հասկանա ու գիտակցի, որ դա չի հաջողվում ռազմական ճանապարհով, և քաղաքական գործընթացին այլընտրանք չկա»,- ասաց Լուկիանովը։
Նա նշեց, որ չափազանց էական ու ուշագրավ գործոն է Թուրքիայի աշխարհաքաղաքական վերելքը, ինչը կարևոր հանգամանք է նաև Ռուսաստանի համար, և դա կարելի է դիտարկել նոր աշխարհակարգի ձևավորման ճանապարհին նկատվող ավելի փոքր տերությունների մեծ հավակնությունների և նոր դիրքավորման ֆոնին։
Ըստ նրա՝ այդ պրոցեսում նկատելի է, որ նման երկրները, այսինքն՝ «միջին կալիբրի», սկսում են ավելի ինքնուրույն գործել՝ առանց հաշվի առնելու ավելի ազդեցիկ ուժերի դիրքորոշումներն այս կամ այն հարցի շուրջ, և ամենավառ օրինակներից մեկը Թուրքիան է, որում մեծ դերակատարություն ունի նաև այդ երկրի մեծապետական անցյալը։
Լուկիանովի կարծիքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանային հակամարտություններից մեծ մասի դեպքում ունեն ոչ միայն միմյանց հակասող, այլ չափազանց իրարամերժ դիրքորոշումներ, գտնվելով տարբեր ճամբարներում՝ Սիրիայում, Լիբիայում, ինչ-որ առումով՝ նաև Ղարաբաղյան հակամարտության գոտում, որտեղ կարելի է տեսնել, որ Ռուսաստանն ու Թուրքիան լիովին տարբեր ուղղությամբ են աշխատում․ Ռուսաստանը՝ հրադադարի, դիվանագիտական գործընթացի, իսկ Թուրքիան՝ ռազմական գործողությունները շարունակելու և հաղթանակելու օգտին։ Ներկայումս Ղարաբաղյան ուղղությամբ, նրա համաձայն, տարբեր մակարդակներում աշխատանքներ ու բանակցություններ են ընթանում, սակայն՝ դեռևս ապարդյուն։
Լուկիանովի կարծիքով՝ գլոբալ առումով Ռուսաստանն ու Թուրքիան նկատում են, որ իրավիճակը բավականին բարդ է, և փորձում են խուսափել ուղիղ առճակատումից, որին էլ ուղղված են բոլոր աշխատանքները։ «Այդպես Ռուսաստանն ու Թուրքիան աշխատել են մի շարք այլ օջախներում, այստեղ այսօր մի փոքր ավելի բարդացած է, սակայն գործընթացում որոշիչը ցանկությունն է՝ խուսափել առճակատումից»,- ասաց նա՝ զուգահեռաբար շարունակելով ասել, որ ցանկացած նոր օջախ էլ ավելի մեծ լարվածություն է հաղորդում ռուս-թուրքական հարաբերություններին, ավելացնում հակասությունները, դրանով իսկ բարդացնելով նախանշված նպատակների իրագործումը։
Լուկիանովի խոսքով, հենց ներկայումս էլ ձևավորվում է ռուս-թուրքական հարաբերությունների ապագան, որը ձևավորելու է Եվրասիայի նոր քաղաքական պատկերը։ «Այսինքն՝ այդ գործընթացներն այս պահին էլ գնում են։ Կան քայլեր միմյանց զսպելու, միմյանց հետ բանակցելու և ավելի լայն առճակատում թույլ չտալու համար, սակայն լարվածությունը ևս մեծ է, քանի որ դիրքորոշումները և ցանկությունները լիովին տարբեր են, և Ռուսաստանն իր քաղաքականությունը կառուցում է՝ հաշվի առնելով շատ գործոններ»,- ասաց Լուկիանովը։