ՌԴ-ն զորավարժություններ է սկսել Կասպից ծովում, իսկ դա վերջին զգուշացումն է Ալիևին. Ադրբեջանագետ
Հոկտեմբերի 16-ին համացանցում հայտնվեց Ադրբեջանի մայրերի անունից տարածված հայտարարությունը, որտեղ ասվում է. «Ադրբեջանի մայրեր, մեր որդիներն այսօր զոհաբերում են իրենց կյանքն Ալիևի դիկտատուրայի և կոռուպցաիայի համար։ Հիմա մենք կանգնել ու պահանջում ենք, որ նրանք պատասխան տան՝ հանուն ինչի՞ են զոհվել մեր որդիք։ Նախ և առաջ՝ մենք պետք է միավորվենք մեզ հալածող կոռումպացված բռնապետական կլան-խունտայի դեմ և հարցնենք՝ ո՞ւր են մեր որդիների մարմինները, ինչի՞ է հասել մեր երկիրն այս օրերի ընթացքում, ի՞նչ է ձեռք բերել։
Այդ հարցերին մեզ ոչ մեկը ոչինչ չի պատասխանում, ամենը սուտ է։ Ի՞նչ է ասում երկրի նախագահը։ Նա ասում է, որ զոհերի թիվը պետական գաղտնիք է, նա թաքցնում է մեզնից, թե մեր որդիներից ովքե՞ր են կենդանի մնացել, ովքե՞ր են զոհվել։ Մեր հարցերը չպետք է անպատասխան մնան»:
«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի փոխանցմամբ՝ լեզգիներին, թալիշներին տեղեկություններ հասնում են դրսում ապրող իրենց բարեկամներից, քանի որ իրենց մոտ փակ են սոցիալական ցանցերը, կայքերը, և միայն պաշտոնական տեղեկություններ են հաղորդում:
«Միջնորդավորված կերպով նրանց հասել են տեղեկություններ, թե ռազմաճակատում ինչքան զոհեր կան: Ունեն զորակոչվածներ, որոնից ոչ մի տեղեկություն չունեն, միայն որոշ լուրեր են հասնում, ու ինչքան երկարում է պատերազմը, մտահոգությունն ավելանում է և ավելի մեծ դժգոհություն է առաջանում:
Բայց, քանի որ Ադրբեջանին դեռևս հաջողվում է թաքցնել իրենց կորուստների իրական չափը՝ ազգային փոքրամասնությունների կողմից լուրջ ապստամբության մասին խոսել դժվար կլինի: Սակայն, եթե Ադրբեջանն արցախյան ճակատում ստանա այնպիսի հարվածներ, որ այլևս հասարակությունից սեփական զոհերը կոծկելու հնարավորություն չի ունենա, անշուշտ, այս դեպքում կարելի է ակնկալել ազգային փոքրամասնությունների բնակեցված շրջաններում ժողովրդական հուզումներ, շարժումներ: Երբ Ադրբեջանը ռազմաճակատում էական կորուստներ կկրի, չի բացառվում, որ թիկունքում այս ժողովուրդներն ապստամբություն բարձրացնեն, և դա կլինի ներկայիս Ադրբեջանի վերջի սկիզբը»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Գրիգորի Այվազյանը:
Ադրբեջանագետը նշեց, որ ադրբեջանցիները շարունակում են առաջին գիծ ուղարկել վարձկանների ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների:
«Նրանք այլընտրանք սովորաբար չունեն, անգամ այնպես են կազմակերպում, որ իբր թե այդ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կամավոր են գնում: ՀՀ իշխանությունների հայտարարությունից հետո, որ թալիշների, լեզգիների շրջանում մի քանի հարյուր զոհեր կան, այդ տեղեկությունը նրանց հասել է, սակայն զորակոչից խուսանավելու առանձնապես մեծ հնարավորություն չունեն, որովհետև ճնշման ներքո են գտնվում: Երեկ Ադրբեջանը խստագույն սահմանափակումներ է մտցրել՝ իբր թե կորոնավիրուսով պայմանավորված, ու անգամ երկրի ներսում տեղաշարժի սահմանափակում է: Պետք է շարունակենք աշխատել ԱՊՀ-ում, Եվրոպայում գտնվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ թեկուզև միջնորդավորված:
Մենք ունենք բավականաչափ խոշոր իրանագիտական դպրոց, թալիշերեն, պարսկերեն լեզվին տիրապետող մասնագետների խումբ, ովքեր կարող են փոխանցել տեղեկություն, թե ինչ է կատարվում: Այստեղ մի հետաքրքիր բան կա, որ վրիպել էր շատերի ուշադրությունից, դա այն է, որ ՀՀ հայտարարությունից հետո, որ զոհվում են փոքրամասնություններ, քանի որ առաջին գծում են, Ադրբեջանում բռնության կիրառմամբ շոու կազմակերպեցին, որ իբր թե Ադրբեջանում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ նաև քրիստոնյա համայնքները, կողմ են պատերազմին, կողմ են այդ շեհիդներին: Ստիպեցին, որ ռուսները, հրեաները և մյուսները համատեղ աղոթք բարձրացնեն ադբեջանական բանակի հաղթանակի համար:
Տեսնում եք, չէ՞, որ հիմա ՌԴ-ն զորավարժություններ է սկսել Կասպից ծովում, շատերն ասում են, թե դա չի կարող ազդել պատերազմի վրա, այնինչ դա մեսիջ է Ալիևին, վերջին զգուշացումը: Իսկ Ալիևն ազգային փոքրամասնությունների խաղաքարտն է շահարկում, կարճ ասած՝ ասում են, որ, եթե ռուսները միջամտեն այդ հակամարտությանը՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, Ադրբեջանում կկոտորեն ռուսներին: Ընդ որում, շեշտում են, որ այնտեղ իբր թե 180.000 ռուս կա: Ահաբեկչական մեթոդներով այդ մարդկանց ստիպում են մասնակցել անմարդկային կոտորածին»,- եզրափակեց ադրբեջանագետը: