Պատերազմն իր օրենքներն է պարտադրում   

Պատերազմական այս իրավիճակում չափազանց կարևոր է տնտեսության անխափան աշխատանքը։ Առավել ևս, այն ոլորտներում, որոնք առնչվում են ճակատային գծին։

Ճակատային գիծը կարևոր է, բայց այնպես չէ, որ տնտեսության մյուս հատվածները երկրորդական նշանակություն ունեն։ Տնտեսությունը պետք է անխափան աշխատի, որքան էլ դրա համար ամենահարմար ժամանակները չեն։

Ադրբեջանաթուրքական ագրեսիան Ղարաբաղում և Հայաստանի սահմաններում տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ համաշխարհային տնտեսությունը գտնվում է ճգնաժամի մեջ։ Դրանից անմասն չէր նաև մեր տնտեսությունը։

Մինչև պատերազմն էլ տնտեսական ակտիվությունը բարձր չէր։ Հիմա առավել ևս, ռիսկերը շատացել են։ Թշնամին թակում է մեր դուռը, ու դա պարտադրում է ենթարկվել պատերազմական վիճակի կանոններին։

Այս օրերին, երբ Ղարաբաղում ու Հայաստանի սահմաններին ռազմական բուռն գործողություններ են, դրանք, ուզած թե չուզած, ազդելու են կյանքի ռիթմի վրա։ Մարդիկ պարտադրված են առաջվա նման գնումներ չկատարել, սրճարաններ ու ռեստորաններ չհաճախել, հրաժարվել զվարճանքի վայրեր գնալուց, անշարժ ու շարժական գույք ձեռք բերելուց, տնտեսական նոր ծրագրեր նախաձեռնելուց ու իրականացնելուց։ Անորոշությունները կյանքի բոլոր ոլորտներում ավելացել են՝ ստիպելով հետաձգել կամ սառեցնել մտադրությունները։ Ու այդ ամենն ազդում է տնտեսության վրա։ Ընկնում է տնտեսական ակտիվությունը։

Այնինչ՝ մեզ հակառակն է պետք։ Տնտեսությունը պետք է աշխատի, որպեսզի սնի առաջնագիծը։

Տնտեսական ակտիվությունից է կախված պետական բյուջեի եկամուտների ապահովումը։ Ճիշտ է, ճշգրտված եկամտային պլանները կարծես կատարվում են, բայց դա շատ քիչ է։ Հատկապես որ, տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ վերջին մի քանի ամսվա ընթացքում ստիպված եղանք 2 անգամ վերանայել պետական բյուջեն ու նվազեցնել եկամուտները։

Խոսքը բավական մեծ եկամուտների մասին է, որոնք ակնկալվում էր ստանալ այս տարվա ընթացքում։ Քանի կար համավարակը, ու դրանով պայմանավորված՝ տնտեսական իրավիճակի վատացումն իր բացասական ազդեցությունը թողեց, հետո էլ վրա հասավ ադրբեջանաթուրքական ագրեսիան։

Պատերազմն ու ռազմական դրության հաստատումն ամենևին էլ տնտեսության օգտին չեն։ Այն խնդիրներ է ստեղծում հատկապես ներդրումների ու նոր տնտեսական ծրագրերի իրականացման համար։ Բացասական ազդեցություններից անմասն չեն մնում՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին ներդրումները։ Հետաձգվում են եղած մտադրությունները։

Տնտեսական ակտիվության թուլացումը խնդիրներ է ստեղծում, առաջին հերթին՝ պետական բյուջեի եկամուտների ապահովման համար։ Դեռ չհաշված մյուս հարակից հետևանքները, որոնք ի հայտ են գալիս սոցիալական հատվածում՝ աշխատատեղերի կրճատում, գործազրկության ավելացում, աշխատավարձերի ու եկամուտների նվազում, և այլն։

Թերևս, սա է պատճառը, որ այս օրերին հնչում են կոչեր՝ ակտիվ գնումներ կատարելու վերաբերյալ, երբ շարունակվում են ռազմական գործողությունները, երբ պատերազմի դաշտում նահատակվում են մեր ազգի նվիրյալները։ Այդ կոչերը շատերի համար կարող են նույնիսկ տարօրինակ թվալ, բայց դա է հիմնական միջոցներից մեկը՝ տնտեսությանն ակտիվություն հաղորդելու և բյուջեի եկամուտներն ավելացնելու համար։

«Գիտեմ, որ բոլորի ուշադրությունն այսօր ճակատի ուղղությամբ է, բայց թիկունքի մասին էլ չպիտի մոռանանք։ Տնտեսությունը պիտի աշխատի, հարկերը պիտի վճարվեն, պետական կառույցները պիտի անխափան գործեն։ Հաղթանակը նաև տնտեսությունից է կախված։ Ու բոլոր տնտեսվարողները, որոնք այս օրերին նորմալ աշխատում, արդյունք են ստեղծում ու հարկեր վճարում, շատ մեծ գործ են անում հաղթանակի համար,- ֆեյսբուքյան իր էջում օրերս գրել էր Ազգային ժողովի Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը՝ միաժամանակ կոչ անելով չհետաձգել ծախսերը։ -Մի՛ հետաձգեք ձեր ծախսերը։ Հասկանում եմ, որ հիմա ոչ տրամադրություն կա ինչ-որ բան գնելու, ոչ ժամանակ։ Հասկանում եմ, որ հոգեբանորեն դժվար է գնալ մոլում հագուստ կամ մեկ այլ բան գնել՝ իմանալով, որ սահմանին զինվորներ են զոհվում, ու որ Ստեփանակերտում մարդիկ նկուղներում են պատսպարված։ Հասկանում եմ, որ սրճարան կամ մեկ այլ տեղ գնալու սիրտ չունեք։ Հասկանում եմ, որ անհարմար եք զգում. մտածում եք` բա կողքից անցնող մարդիկ ի՞նչ կմտածեն։ Ամեն ինչ հասկանում եմ։ Բայց ձեր գնումները, ձեր գործողությունները տնտեսական ակտիվություն են խթանում, հարկեր են գեներացնում, որ գնալու են բյուջե, այնտեղից էլ անհրաժեշտ ծախսեր են կատարվելու։ Չեմ ասում՝ գնաք քեֆ-ուրախություն անեք, բայց սրճարանում մարդկանց հետ հանդիպել, զրուցել կամ երեխային տեղ տանել՝ դա էլ է պետք։

Հարգելի՛ գործարարներ, ոչ մի րոպե կանգ մի առեք։ Մի՛ հետաձգեք ձեր ծախսերը։ Մի հետաձգեք ձեր ներդրումները, ձեր ծրագրերը։ Հիմա խնայողության ժամանակը չի, սպասելու ժամանակը չի։ Հիմա գործելու ժամանակն է։ Որքան ակտիվ, այնքան լավ։ Կլինեն խնդիրներ՝ ասեք։ Կփորձենք արագ լուծումներ գտնել։

Հարգելի՛ ֆինանսական ինստիտուտներ, ավելի համարձակ եղեք տնտեսության ֆինանսավորման մեջ։

Տնտեսությունը պիտի շնչի։ Նոր ու թարմ շնչով։ Ոչ միայն հաղթանակի համար, այլ հաղթանակից հետո Հայոց աշխարհը շենացնելու համար։ Մեր ակտիվությունն է ամենահամոզիչ ապացույցը, որ մի գրամ չեք կասկածում մեր հաղթանակի մեջ։

Հանգանակությունները, նվիրատվությունները կարևոր են, բայց մենք պիտի ավելի համակարգված, ինստիտուցիոնալ մտածենք ու աշխատենք։ Ուժեղ տնտեսություն => մեծ բյուջե => հզոր սպառազինություն։ Սա է բանաձևը։ Ու սա է երաշխիքը, որ միշտ հաղթած լինենք, ի սկզբանե հաղթած։ Ամենաէֆեկտիվ «հիմնադրամը» պետական բյուջեն է։ Փողը ծախսելու ամենաճիշտ գործիքը պետական բյուջեն է։ Ամենաճիշտ նվիրատուն աշխատող արդյունք ստեղծող ու հարկեր վճարող քաղաքացին է»։

Միանշանակ է, որ պետական բյուջեն համալրելու հիմնական ճանապարհը տնտեսությունն է։ Բայց պատերազմն ունի իր օրենքները, և անկախ նրանից՝ ուզո՞ւմ ենք, թե՞ չէ, այն թողնելու է իր ազդեցությունը մարդկանց վարքագծի վրա, որքան էլ դա այսօր մեզ պետք չէ, որքան էլ այսօր մեզ տնտեսական խթաններ են պետք ու տնտեսական ակտիվություն՝ պետական բյուջեի եկամուտներն ավելացնելու և երկրի առաջ կանգնած հրատապ խնդիրները լուծելու համար։

Պետք է հիշել, որ պակաս կարևոր չեն նաև բյուջեի ծախսերը։ Բյուջեի ծախսերը պետք է համապատասխանեն ռազմական դրության կանոններին։ Իսկ մենք մինչև վերջերս համատարած պարգևավճարներ էինք բաժանում՝ չգիտես ինչի համար։

Պատերազմն ունի իր օրենքները, ու այդ օրենքներից մեկն էլ տնտեսության անխափան աշխատանքն է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս