«Էրդողանի զանգի ժամը պատահական չէր. այն տեղի է ունեցել անմիջապես վարչապետ Փաշինյանի ուղերձից հետո». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի կարծիքով՝ Էրդողանի և Պուտինի հեռախոսազանգը երկարատև գործընթացի մի հատված է: «Երկու պետություններ, որ այս տարածաշրջանում ունեն զգալի հետաքրքրություններ և բախվող շահեր, պերմանենտ բանակցությունների մեջ են՝ քննարկելու դիրքորոշումները: Այսպիսի գործակցության ձևաչափ մենք տեսել ենք նաև այլ տարածաշրջանների պարագայում՝ Սիրիա, Լիբիա և այլն, և կարծում եմ՝ երեկվա տեղի ունեցածը հենց այս տրամաբանության մեջ է պետք դիտարկել: Միևնույն ժամանակ, պատահական չէ Էրդողանի զանգի ժամը. այն տեղի է ունեցել անմիջապես վարչապետ Փաշինյանի ուղերձից հետո, որն ուղղված էր, առաջին հերթին, դրսի լսարանին: Այնտեղ հստակ կային ուղերձներ միջազգային հանրությանը, դեպի այն երկրներ, որոնք այս տարածաշրջանում ներգրավվածություն ունեին, և, ըստ էության, այդ զանգը նաև դրա տրամաբանական շարունակությունը կարելի է համարել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հիշեցնենք, որ թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մանրամասն անդրադարձ է կատարվել ԼՂ-ում ստեղծված իրավիճակին: Պուտինն Էրդողանին իր լուրջ մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցության կապակցությամբ: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական դեր կստանձնի Ղարաբաղում հակամարտության ապաէսկալացման գործում:

Վարուժան Գեղամյանը նշեց, որ Ռուսաստանի նախագահի ուղերձն այն մասին է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայիս ձևաչափը պետք է պահպանվի և պետք է հարգվի ու ընկալվի՝ որպես միակ ընդունելի ձևաչափ տարածաշրջանի բոլոր խաղացողների համար. «Ակնհայտ է, որ, եթե Թուրքիան նախկինում միջնորդավորված և ոչ ուղիղ կերպով էր մասնակցում տեղի ունեցողին, հիմա շատ ավելի բացահայտ կերպով է մասնակցելու, հավակնելու է շատ ավելի լուրջ տեղ գրավել դե յուրե այս բանակցային գործընթացին, և սա խոսում է այն մասին, որ առայժմ դա անթույլատրելի է ներգրավված մյուս ուժերի, այդ թվում՝ ՌԴ-ի համար»:

Ինչ վերաբերում է բանակցությունների վերսկսման դեպքում դրանց բովանդակությանը, նա ընդգծեց՝ շատ բան կախված է պատերազմի ելքից. «Ակնհայտ է, որ ինչ-որ բան փոխվելու է, որովհետև տեղի ունեցածից հետո դժվար թե նույն ձևաչափը նույն մեթոդաբանությամբ շարունակվի: Միևնույն ժամանակ՝ կախված է նաև նրանից, թե որ կողմն ինչպես է դուրս գալու պատերազմից, որովհետև ինչպես հասկանում եք՝ բանակցությունները ռազմի դաշտի շարունակությունն են, հետևաբար՝ այս պարագայում՝ հայկական բանակի հաղթանակի դեպքում ունենալու ենք բոլորովին այլ դիրքեր այդ պատերազմում և ճիշտ հակառակը: Կարծում եմ, որ շատ վաղ է խոսել այն մասին, որ կարող է թուղթն ավելի ազդեցիկ լինել, քան ռազմաճակատում տեղի ունեցողը, որովհետև երկու կողմերն էլ, և դա երեկ հատկապես երևաց վարչապետի ուղերձից հետո, որ Հայաստանն էլ չի պատրաստվում ապավինել բանակցային մեթոդներին, առաջնայնություն տալ դրանց, մինչդեռ դա շատ վաղուց ֆիքսել էր նաև ադրբեջանական կողմը: Այսինքն՝ ռազմաճակատում տեղի ունեցողն է ամենակարևորը»:

Հարցին՝ այնուամենայնիվ, դիվանագիտական ճանապարհով հնարավո՞ր է կանգնեցնել այս պատերազմը, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ, կարծում եմ՝ շատ բան կախված է նրանից, թե այդ պահին դիրքային առավելությունն ում կողմը կլինի և ռեսուրսային առավելությունն ում կողմը կլինի»:

Նա ընդգծեց, որ Ռուսաստանի Դաշնության համար ակնհայտ է Թուրքիայի ակտիվացման և Ադրբեջանի հրահրած պատերազմից բխող հետևանքները. «Վերջին 3-4 օրերին դա արդեն իսկ բարձրաձայնվել է մի քանի անգամ»:

Դիտարկմանը՝ Ռուսաստանը միայն հայտարարությունների մակարդակով է խոսում այդ մասին, նա արձագանքեց. «Կարող ենք դատել միայն նրանից, ինչը որ տեսնում ենք. մենք չենք տեսնում հետկուլիսային աշխատանքը, և երեկ չէ առաջին օրը ռուսական Կովկասում տեղի ունեցած հակաահաբեկչական հատուկ օպերացիան, որի շրջանակներում ձերբակալում են վարձկանների, որոնք ժամանել են արտասահմանից, այդ մեծ պատկերի մի փոքր հատվածն է և շատ խոսուն հատվածը»:

Թուրքագետի գնահատմամբ՝ Թուրքիան այս պահին հետաքրքրված է ոչ միայն Ադրբեջանի հաղթանակով, այլև ուզում է, որ Ադրբեջանը լիարժեք ընկնի թուրքական ազդեցության տակ։

«Փաստացի ունենք մի իրավիճակ, որ այս պատերազմի ընթացքում հենց թուրքական մեդիան է առաջին հերթին այն խոսափողը, որով ադրբեջանական կողմն իր ուղերձները փոխանցում է շատ ավելի մեծ լսարանի, որովհետև բուն ադրբեջանական կողմի հնարավորությունները բավականին սահմանափակ են՝ հաշվի առնելով բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ: Այնուամենայնիվ, այսքանով հանդերձ, կարող եմ փաստել, որ տեղեկատվական դաշտում առնվազն գոնե այս պահի դրությամբ հայկական կողմը մեծամասամբ կարողանում է հասցնել անհրաժեշտ ուղերձները շատ մեծ լսարանի, բայց ինչպես հասկանում եք՝ նորից այստեղ շատ բան կախված է բուն ռազմաճակատի իրողությունից»,- նշեց նա:

Նա հավելեց, որ նման ինտեսիվությամբ պատերազմական գործողությունները, որ ունենք հիմա, 21-րդ դարում մեկ փուլով չեն կարող ընթանալ. «Գուցե սա բացառություն լինի, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ ոչ, մենք տեսնում ենք այդ միտումները: Եվ եթե ռազմաճակատի գիծը չլինի այնպիսին, որ բավարարի կողմերից որևէ մեկին, այդ պատերազմական գործողությունները, շատ մեծ հավանականությամբ, նորից վերսկսվելու են: Կարծում եմ՝ այս փուլում ջախջախիչ պարտություն կողմերից որևէ մեկը չի կրելու, հետևաբար՝ այն ունի տենդենց դառնալու միայն մի արարը դրա: Խոսքը բնավ բուն ռազմական գործողությունների մասին չէ. Պատերազմ՝ բառի լայն իմաստով»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս