«Գործընթացն իսկապես նոր որակ է ստացել, և սա նաև արդյունք է Ռուսաստանի կողմից իրականացվող ջանքերի». Դավիթ Բաբայան
«Իրավիճակը, ընդհանուր առմամբ, որևէ փոփոխություն չի կրել, սահմաններում տեղ-տեղ շատ լարված է, իսկ տեղ-տեղ էլ համեմատաբար ավելի հանգիստ է։ Այս գիշեր Ստեփանակերտը նույնպես համեմատաբար հանգիստ է եղել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Անդրադառնալով հոկտեմբերի 14-ին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցին՝ կապված Արցախում ստեղծված իրավիճակի հետ, և մեր հարցին՝ արդյո՞ք սա կարող է դրական որևէ փոփոխություն ունենալ իրավիճակի վրա, և հաշվի առնելով Թուրքիայի ներգրավվածությունն այս պատերազմում, արդյո՞ք Էրդողանը կգնա հրադադարի, Դավիթ Բաբայանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ գործընթացն իսկապես նոր որակ է ստացել, և սա նաև արդյունք է Ռուսաստանի կողմից իրականացվող ջանքերի։ Ըստ էության, նրանք առերեսվել են շատ հզոր դիմադրության հետ, որովհետև բնական է, որ Թուրքիայի գործողություններն ուղղված են ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլև՝ առաջին հերթին՝ Ռուսաստանի դեմ։ Մտածել, որ Ռուսաստանն անպատասխան կթողնի այդ քայլերը, իհարկե, ճիշտ չէ, և, եթե մենք հիմա չկանգնեցնենք թուրք-ադրբեջանական-ահաբեկչական արշավը, մյուս պատերազմը ռուսները կարող են տանել, ասենք, Կուլիկովյան դաշտում, սա բոլորի համար պարզ է։ Եթե այս հանցավոր եռյակը հասնի իր նպատակներին, Ռուսաստանը կկորցնի Անդրկովկասը, հյուսիսային Կովկասը, պանթուրքիզմը կմտնի նաև Իրանի ու Չինաստանի տարածք, և գիտենք, թե դա ինչով կարող է ավարտվել»։
Նրա խոսքով՝ բնական է, որ նշված հանգամանքները բոլոր կողմերը հասկանում են, և որևէ մեկը շահագրգռված չէ, որ իրավիճակը նման սցենարով զարգանա։ Հետևաբար՝ Արցախում պաշտպանվում են նաև քաղաքակիրթ աշխարհի շահերը, այդ թվում՝ Ռուսաստանի։
Հարցին՝ այս ամենից հետո քաղաքական օրակարգը չի՞ փոխվում, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ կտրականապես փոխվել է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում, և դա փաստ է։
«Թուրքիան արդեն այստեղ է և կամավոր դուրս չի գալու, սրա մասին միշտ ասում ենք և գիտենք, թե ինչպես դուրս չի գալու։ Թուրքիայի շահերից է բխում, որ նույնիսկ այս պահի դրությամբ Ադրբեջանը շատ զոհեր տա, որ հետո Ալիևը չկարողանա արդարանալ իր ժողովրդի առջև, և միակ գրավականը, որ իր կլանը պահպանի իշխանությունը՝ լինի Թուրքիայի ազդեցությունը։ Այսինքն՝ Ադրբեջանը վերածվելու է ինքնավար վիլայեթի, արդեն իսկ վերածվել է։ Սա նշանակում է, որ աշխարհաքաղաքական պայքարը սաստկանալու է, որովհետև Թուրքիայի ներգրավվածությունը և Ադրբեջանի փաստացի գաղութացումը չի կարող անպատասխան մնալ։ Մենք ակնկալում ենք, որ այստեղ լինելու է շատ թեժ աշխարհաքաղաքական մրցակցություն, բայց դա լինելու է ապագայում։ Այս ամենը մեզ համար ինչպես մարտահրավերներ է առաջացնելու, այնպես էլ՝ հնարավորություններ։ Սակայն այս պահին պետք է կանգնեցնել պատերազմը, ըստ երևույթին, Ռուսաստանի ազդեցությունը, աշխատանքը և ճնշումը շատ մեծ է, որ արդեն նման քայլերի են գնում»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս օրերին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը կարևորել են հումանիտար հրադադարի իրականացումը: Նրանք հանդես են եկել քաղաքական գործընթացի ակտիվացման օգտին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված սկզբունքների շուրջ: