«Եթե իրենք իրականությունը ցույց տան սեփական հանրությանը, ապա շատ բարդ իրավիճակի առջև կարող է կանգնել Ալիևի իշխանությունը». Տաթևիկ Հայրապետյան

168.am-ի  զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկին Հայրապետյան, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հոկտեմբերի 12-ին, դրանից առաջ՝ հոկտեմբերի 9-ին, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Մոսկվայում կայացած հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ ի՞նչ դիտարկումներ ունեք։

– Հիմնական ուղերձները կարևոր էին, որովհետև պետք է հաշվի առնենք, որ հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կայացած եռակողմ՝Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպման շրջանակներում հստակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որն ադրբեջանական կողմն ընդհանրապես չի պահել։ Կետերից մեկն այն էր, որ ադրբեջանական կողմը շարունակ պնդում էր Թուրքիայի ներգրավումը բանակցային ձևաչափում։ Սակայն հենց Ադրբեջանի արտգործնախարարը շեշտեց, որ չորրորդ կետը, որը ձեռք է բերվել համատեղ պայմանավորվածության արդյունքում, շատ կարևոր է և խոսում է բանակցային ձևաչափի անփոփոխելիության մասին։ Եվ դրանից հետո թուրքական կողմը սկսեց ակտիվորեն հրահրել Ադրբեջանին չպահել ձեռք բերված պայմանավորվածությունները, և երեկ Ռուսաստանի արտգործնախարարը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ բանակցային ձևաչափի որևէ փոփոխություն հնարավոր չէ՝ ինչպես և ձեռք է բերվել համատեղ պայմանավորվածության արդյունքում։

– Սահմանում, ըստ պաշտոնական հաղորդագրության, հայկական կողմը հաղթում է, տարածքներ չի կորցրել, Պաշտպանության բանակն իր դիրքերում է և անընդհատ հետ է շպրտում թշնամուն։ Այս ամենից հետո ի՞նչ նպատակ է հետապնդում թշնամին, ինչո՞ւ է անընդհատ գնում ռազմական ագրեսիայի։

– Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա պետք է հստակ հասկանալ, որ այդ երկիրն իրենք պահում են տոտալ տեղեկատվական բլոկադայի մեջ, անընդհատ սուտ խոստումներ են տալիս տարածքներ հետ բերելու հետ կապված, որտեղ իրականում դաժան կորուստներ են կրում։ Այս պայմաններում, եթե իրենք իրականությունը ցույց տան սեփական հանրությանը, ապա շատ բարդ իրավիճակի առջև կարող է կանգնել Ալիևի իշխանությունը։

Հաշվի առեք, որ այստեղ հսկայական է Թուրքիայի գործոնը, այսինքն՝ Ալիևը միայն Ադրբեջանի և իր իշխանության առջև դրված նպատակների իրագործման համար չէ, որ այդ քայլերը ձեռնարկում է, նաև թուրքական կողմը հստակ ընդգրկվելով այս ամեն ինչում, ակնհայտորեն ցույց է տալիս իր նպատակները՝ այսինքն՝ պանթուրքական նկրտումները։ Նաև ահաբեկիչների ներգրավումն այս ամենում ամեն ինչ շատ բարդացնում է, առանց այդ էլ բարդ հակամարտությունը և բազմաթիվ խնդիրներ ստեղծում դրա խաղաղ կարգավորման համար։ Սակայն Ադրբեջանը չի կարողանում հանգստանալ և համակերպվել իրականության հետ, որ այս պատերազմում բազմաթիվ անհաջողություններ է կրել։

– Մարտի դաշտում Պաշտպանության բանակն իր գործողություններն անթերի կատարում է՝ կանգնած է իր դիրքերում, իսկ դիվանագիտական ճակատում արդյո՞ք հաջողվում է կանգնեցնել թշնամու ագրեսիան։

– Կարող եմ միանշանակ ասել՝ այո, դիվանագիտական ճակատում մենք պետք է հաշվի առնենք մի քանի ուղղություններ։ Եթե խոսքը վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա տեսնում ենք շփումների, կապերի և հնչող հայտարարությունների ինտենսիվությունն ու կարևորությունը։ Ինչ վերաբերում է  եվրոպական ուղղությանը, ապա այստեղ ևս կարող եմ ասել, որ այստեղ մենք շատ կարևոր հաջողություններ և ձեռքբերումներ ունենք, մասնավորապես՝ երեկվա ԵԽԽՎ նիստի շրջանակներում ակնհայտորեն արտասահմանցի պատգամավորները ևս շեշտում էին, որ, ըստ էության, իրավիճակն էսկալացրել է ադրբեջանական կողմը, որը պետք է պահպանի ձեռք բերված պայմանավորվածությունը։ Նաև շեշտում էին Թուրքիայի ներգրավվածության հետ կապված բազմաթիվ խնդիրներ և կոչ անում չէսկալացնել իրավիճակը։ Այսինքն՝ մենք ունենք միջազգային հստակ ընկալում, որ ագրեսիան սանձազերծել է Ադրբեջանը, Թուրքիան փորձում է  դերակատար դառնալ տարածաշրջանում իր ապակայունացնող դերով, որ կան ահաբեկիչներ, և դա վտանգում է  ամբողջ տարածաշրջանային անվտանգությունը, և, որ կա արցախահայության անվտանգության խնդիր։ Այս կարևոր ուղերձները մեզ հաջողվեց տեղ հասցնել։

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի արտգործնախարարի այսօրվա հանդիպումից ի՞նչ էական արդյունք կարող ենք սպասել։

– Կարծում եմ՝ Ադրբեջանի նկատմամբ կա ճնշում, և ակնհայտ է, որ կա,  ադրբեջանական կողմն է նույնիսկ դա խոստովանում, ճնշումը պետք է ավելի ուժեղանա։ Թուրքիայի նկատմամբ ևս պետք է ճնշում լինի և քայլեր ձեռնարկվի նրա հանդեպ սանկցիաներ կիրառելու համար, իսկ եթե չկա, նոր անկայուն տարածաշրջան են ստանալու։ Համանախագահները նաև պետք է մեծ ճնշում գործադրեն Ալիևի վրա՝ հարգելու ձեռք բերված պայմանավորվածությունը՝ հումանիտար հրադադարի վերաբերյալ։

Հ․Գ․ Հիշեցնենք, որ Մոսկվայում մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հանդիպումը։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 9-ին  Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի հաստատման վերաբերյալ։ Հրադադարը պետք է հաստատվեր հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին, սակայն թշնամին ձեռք բերված պայմանավորվածությունը չպահպանեց։

Տեսանյութեր

Լրահոս