Զոհրաբ Մնացականյանի բացման խոսքը և պատասխանները ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսին
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
ՀՀ ԱԳ նախարարի բացման խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին.
Հարգելի Սերգեյ Վիկտորի,
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Սիրելի գործընկերներ,
Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուսական կողմին, Սերգեյ Վիկտորի, Ձեզ, ջերմ ընդունելության և կառուցողական երկխոսության համար։ Մենք բավականին բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային, գլոբալ ու համաշխարհային հարցերի շուրջ: Մենք ունենք փոխըմբռնման բարձր մակարդակ մեր ներկայիս օրակարգի բոլոր ուղղություններում, ինչը վկայում է հայ-ռուսական հարաբերություններում գործընկերության և համագործակցության բարձր մակարդակի մասին։
Այս պաշտոնական այցը Մոսկվա նախապես ծրագրված էր, և ես շատ ուրախ եմ, որ մենք այն իրականացնում ենք այսօր, չնայած այն խնդիրներին, որոնք առկա են մեր տարածաշրջանում։ Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, և հատկապես հոկտեմբերի 9-ին մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագրի մշակման գործում։
Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները խարսխված են դաշնակցային համագործակցության վրա, որն իր մեջ ներառում է կյանքի բոլոր ոլորտները, և բոլոր այս ուղղություններով մենք ունենք դինամիկ և բազմաշերտ երկխոսություն։ Իմ գործընկերը ներկայացրեց այն օրակարգը, որը մենք քննարկել ենք այսօր, և այն պայմանավորվածությունները, որոնք մենք մտադիր ենք առաջ տանել։
Մենք նաև առանձնահատուկ կարևորում ենք բարձր մակարդակի հանդիպումների, այցերի և շփումների դինամիկայի պահպանումը, ինչը համահունչ է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթին։
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը։ Տնտեսական անկայունության ժամանակաշրջանում և համավարակի պայմաններում էլ մեր երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշները շարունակում են մնալ բարձր՝ նույնիսկ չնայած առևտրատնտեսական ակտիվության ընդհանուր անկմանը: Մեզ ուրախացնում է մեր հարաբերությունների դինամիկայի պահպանումը: Սահմանափակումների պայմաններում, փոխադարձ պայմանավորվածությամբ, շարունակել ենք անխափան կերպով իրականացնել ցամաքային փոխադարձ բեռնափոխադրումներ։ Տնտեսական համագործակցության զարգացման և ամրապնդման գործում զգալի նպաստ ունի մեր Միջկառավարական հանձնաժողովը։ Սերգեյ Վիկտորին արդեն նշեց, որ մենք մտադիր ենք մոտ ժամանակներս աշխատել միջկառավարական հերթական նիստը կազմակերպելու ուղղությամբ, որը մեր տնտեսական համագործակցության կարևորագույն հարթակն է:
Մեր երկրները հաջողությամբ համագործակցում են նաև միջազգային հարթակներում: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Օրերս Երևանում տեղի ունեցավ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հանդիպումը: Մենք հանձնառու ենք առավելագույն ջանքեր գործադրելու կազմակերպության ինստիտուցիոնալ զարգացման ակտիվացման շարունակման ուղղությամբ, որն էլ իր հերթին պետք է դրական անդրադառնա մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման վրա:
Առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմատեխնիկական համագործակցությունը: Այս ուղղությամբ ռազմավարական գործընկերության զարգացումը մեր երկկողմ օրակարգի գերակայություններից մեկն է:
Մենք շարունակում ենք մեր ներդրումն ունենալ ինչպես ՀԱՊԿ կանոնադրական մարմինների, այնպես էլ ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքների զարգացման և արդյունավետության բարձրացման գործում: Մենք չափազանց կարևոր ենք համարում հավաքական անվտանգության սկզբունքների կյանքի կոչումը՝ որպես կայունության ապահովման գործոն:
Հարգելի գործընկերներ, որևէ այլ պայմաններում մենք դեռ երկար կարող էինք խոսել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, դրանց համագործակցության առանձին ուղղությունների մասին, սակայն դուք հասկանում եք, որ այսօր ես հիմնական ուշադրությունը կենտրոնացրել եմ այն իրավիճակի վրա, որն արդեն իսկ անվտանգության իրական սպառնալիք է դարձել մեր ամբողջ տարածաշրջանի համար։ Այն, ինչին այսօր բախվել են Արցախի մեր հայրենակիցները, համարվում է էքզիստենցիալ սպառնալիքի մարմնացում, որը հասունացել է մի քանի տասնամյակների ընթացքում։
Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լայնամասշտաբ ագրեսիա է իրականացնում Արցախի ժողովրդի դեմ՝ այդ կերպ ի ցույց դնելով ղարաբաղյան հակամարտությունը ուժային, ռազմական ճանապարհով լուծելու և Արցախի բնակչությանը ֆիզիկապես բնաջնջելու իր իրական նպատակները: Ադրբեջանի այսօրինակ ցեղասպան կեցվածքը տարբերակում չի դնում զինվորականների և քաղաքացիական բնակչության միջև: Դեռ ավելին, այն նախ և առաջ ուղղված է քաղաքացիական բնակչության դեմ: Ռազմական ագրեսիայի ողջ ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Արցախի ավելի քան 120 քաղաքացիական բնակավայր, այդ թվում խիտ բնակեցված քաղաքներ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը, Մարտակերտը, Մարտունին և այլն:
Ադրբեջանի զինված ուժերը արհամարհում են ռազմական նպատակների և քաղաքացիական բնակչության տարբերակման իրենց պարտավորությունները: Ադրբեջանի հարձակման շրջաններում ռազմական օբյեկտների բացակայությունը հերթական անգամ փաստում է Ադրբեջանի գործողությունների դիտավորությունը, ինչը համազոր է ռազմական հանցագործության:
Օդուժի, այդ թվում՝ Թուրքիայի օդուժի աջակցությամբ, ԱԹՍ-ների, ծանր հրետանային միջոցների, հրթիռային և տանկային ստորաբաժանումների կիրառմամբ իրականացվող չտարբերակված հարվածները հանգեցրել են բազմաթիվ զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում: Մեծաթիվ են զոհերն ու վիրավորները նաև Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի կիրառման հետևանքով:
Հոկտեմբերի 10-ի դրությամբ Ադրբեջանի զինված ուժերի և վերջիններիս աջակցող ուժերի մղած գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 23 խաղաղ բնակիչ, ավելի քան հարյուր անձ ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ, նրանցից 81-ը՝ ծանր վիրավորմամբ: Ագրեսիայի հետևանքով կտրուկ աճել է հարկադրաբար տեղահանվածների թիվը: Նրանցից ոմանք տեղափոխվել են Արցախի այլ բնակավայրեր, իսկ ոմանք էլ՝ հաստատվել Հայաստանում:
Հսկայական հարված է պատճառվել հանրապետության կենսապահովման ենթակառուցվածքներին և կենսաֆոնդին, ավելի քան վեց հազար քաղաքացիական օբյեկտ, այդ թվում բնակելի տներ, բնակարաններ, խանութներ ոչնչացվել կամ վնասվել են: Վնաս են կրել ենթակառուցվածքների ավելի քան 960 օբյեկտներ, հասարակական և արտադրական նշանակության հաստատություններ՝ էներգախնայողության, կապի, ջրամատակարարման, կամուրջներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի կենտրոններ, արտադրամասեր: Ամբողջությամբ ավիրվել են էներգետիկ ենթակառուցվածքների 25 օբյեկտներ, երկրի ողջ տարածքում վնասվել են մեծաքանակ էլեկտրոցանցեր: Ավելի քան 10 էներգաբլոկեր դարձել են անենթակա օգտագործման համար կամ էլ լրջորեն վնասվել են:
Առանձնակի վայրագությամբ է աչքի ընկնում կրոնական պաշտամունքի վայրերի և պատմամշակութային օբյեկտների միտումնավոր ոչնչացումը: Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր կերպով երկու հարձակում են գործել Արցախի մշակութային և կրոնական կարևորագույն խորհրդանիշը հանդիսացող Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի նկատմամբ: Այս ամենի հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչներ:
Այս ժամանակաշրջանում լրատվամիջոցների ներկայացուցիչները նույնպես դիտարկվել են որպես թիրախ. կան լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում լուրջ վիրավորումների դեպքեր՝ ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա: Մասնավորապես, ռոսական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը լուրջ վիրավորում է ստացել այն տարածքի երկրորդ հրթիռակոծման ժամանակ, որտեղ գտնվում է Սուրբ Ամենափրկիչ տաճարը:
Ես մանրամասն ներկայացրի իրավիճակը, քանի որ իմ ներկայացրած իրականությունն ապացույցն է այն էքզիստենցիալ վտանգի, որի մասին մենք խոսել ենք տասնյակ տարիների ընթացքում, և որին Արցախի ժողովուրդը առերեսվում է վերջին 30 տարիների ընթացքում:
Այս փուլում այս սպառնալիքը բարդանում է երկու նոր բացասական գործոններով․ մասնավորապես, Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը և Սիրիայից ու Լիբիայից օտարազգի զինյալ ահաբեկիչների արտահանումը Հարավային Կովկաս։ Զինյալ ահաբեկիչները, կրոնական ծայրահեղականները օգտագործվում են Թուրքիայի կողմից ներկայիս թուրքական կառավարության շահերի իրականացման և հարևան տարածաշրջաններ ազդեցության արտահանման նպատակով։ Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալների Ադրբեջան արտահանումն արդեն ապացուցված է ոչ միայն մեր աղբյուների կողմից, այլև արձանագրվել է ու բարձրաձայնվել նաև միջազգային հանրության կողմից։ Օգնության կանչելով թուրքամետ զինյալ ահաբեկիչներին՝ Ադրբեջանը ինքն իրեն վերածել է Թուրքիայի ազդեցության ընդլայնման համար հարթակի և մեր տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախի։
Ահաբեկչական կազմակերպություններին սնելու ու խրախուսելու և նրանց Հարավային Կովկասում միջանցքներով ապահովելու այս քաղաքականությունը հղի է ահաբեկչական բռնությունների նոր ալիքներով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև նրա սահմաններից դուրս:
Այսօր մեզ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները։ Ռուսաստանի դերը չափազանց կարևոր է այս հարցում: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել համատեղ հայտարարության այն կարևորությունը, որին մենք կարողացանք հասնել ընդամենը երկու օր առաջ: Կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ դերակատարության համար, ինչպես նաև իմ գործընկեր Սերգեյ Լավրովին՝ ակտիվ աշխատանքի և ներգրավվածության համար․ մեր համատեղ աշխատանքի արդյունքում մենք կարողացանք համաձայնել համատեղ հայտարարության շուրջ՝ ուղղված ռազմական գործողությունների դադարեցմանը, ընդհուպ մինչև հրադադարի հաստատմանը:
Ցավոք, ներկա պահին մենք չենք կարող արձանագրել, որ մենք զգալի ձեռբերում ենք ունեցել հրադադարի առումով: Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման իր պարտավորվածությունները:
Առանձնահատուկ կերպով կցանկանայի շեշտել վերիֆիկացիոն մեխանիզմների կարևորությունը, որոնք հնարավորություն կընձեռեն հասնելու կրակի դադարեցման հաստատմանը և պահպանմանը: Միայն կրակի դադարի ռեժիմի լիարժեք հաստատումից հետո մենք կարող ենք արդյունավետորեն առաջ շարժվել բոլոր հարցերում:
Հայաստանը շարունակում է խստորեն հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ բանակցությունների միջոցով, և մենք ամեն կերպ կջանանք դրան նպաստել մեր բոլոր աշխատանքներում: Սերգեյ Լավրովը նշել է, որ այսօր և վաղը ես հանդիպումներ կունենամ իմ գործընկերների և համանախագահների հետ, և մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ: Թեև ցանկանում եմ ընդգծել, որ այն ազդեցությունն ու հարվածը, որոնք խաղաղ գործընթացին հասցվել են Ադրբեջանի այդ գործողություններով, չեն կարող հաշվի չառնվել, դրանց ծայրաստիճան բացասական ազդեցությունը: Մենք պետք է լուծենք այս հարցը:
Հայաստանն Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորն է, և մենք միասին կշարունակենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները երաշխավորելու, տարածաշրջանն ահաբեկչությունից և դրա հովանավորներից մաքրելու, նաև տարածաշրջանը բացասական ազդեցությունից մաքրելու համար:
Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Սերգեյ Վիկտորի, ջերմ ընդունելության և այսօրվա շատ կառուցողական և բովանդակալից զրույցների համար: Մենք դեռ կշարունակենք, և ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխազդեցության և համագործակցության, մեր դաշնակցային փոխգործակցության և դրա ամուր հիմքերի ամրապնդման, խորացման գործում Ձեր անձնական ներդրման համար:
Մեծապես շնորհակալ եմ։
Հարց. Վերջին երկու օրերի իրադարձությունները հաշվի առնելով, երբ կողմերը շարունակում են մեղադրել միմյանց կրակի դադարի ռեժիմի խախտման մեջ, ինչպիսի՞ն, ըստ Ձեզ, պետք է լինի այն վերիֆիկացիոն մեխանիզմը, որն իրապես թույլ կտա հաստատել կրակի դադարի, ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմ, և ինչպե՞ս կպատասխանեք կրակի դադարի ռեժիմի խախտման մեջ Հայաստանին ուղղված մեղադրանքներին:
Պատասխան: Վերիֆիկացիոն մեխանիզմների հետ կապված ես կնախընտրեի մի փոքր զգույշ լինել այն իմաստով, որ այս պահին այդ հարցի շուրջ ընթանում են շատ հստակ, բավականին կոնկրետ խորհրդակցություններ, հենց այն հիմքի վրա, ինչպես նշված է մեր համատեղ հայտարարության մեջ, որ այսօրվա մեր առաջնահերթ խնդիրը կրակի դադարեցման և վերիֆիկացիոն մեխանիզմների ապահովումն է:
Այսօր մենք ունենք այս իրավիճակը, երբ մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որտեղ կարող ենք անցնել մեր հայտարարարության առաջին կետի իրականացման աշխատանքին։ Այսօր ընթանում են խորհրդակցություններ և Կարմիր խաչի ներգրավմամբ և երկու կողմերի միջև, կամ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, որպեսզի գտնենք մի մեխանիզմ, երբ մենք կկարողանանք հստակ սկսել աշխատել։ Եվ համանախագահները, բնականաբար, նույնպես ներգրավված են այդ ամենում, բոլոր երեքը, որպեսզի սկսենք աշխատել, որպեսզի հաստատենք ամուր հիմք բավական ամուր հրադադար հաստատելու համար, որպեսզի սկսենք աշխատել հումանիտար հարցերի ուղղությամբ։
Եթե մեզ չհաջողվի երկարաձգել այս հրադադարը, այն կշարունակի բացասական հետևանքներ ունենալ, այդ թվում մնացած հարցերի վրա ևս, ուստի այս հրադադարի պահպանումն ու ամրապնդումը մեզ համար շարունակում է մնալ մարտահրավեր և անմիջականորեն կարևոր, առաջնային խնդիր: Այդ իսկ պատճառով վերիֆիկացիոն մեխանիզմները շարունակում են կարևոր դեր ունենալ: Մենք միշտ խոսել ենք այդ մասին: Առաջին անգամը չէ, որ խոսում ենք այս մասին: Եթե Հայաստանի կամ Ացախի հասցեին հնչում են ինչ-որ մեղադրանքներ, մենք միշտ խոսում ենք այդ մասին: Վաղուց արդեն ժամանակն է ներդնել այդ վերիֆիկացիոն մեխանիզմները: Այդ ուղղությամբ շատ առաջարկներ են եղել: Վաղուց պետք էր անել դա:
Բայցևայնպես, հայկական կողմը չէ, արցախյան կողմը չէ, որ հրաժարվել են վերիֆիկացիոն մեխանիզմներից։ Դա ադրբեջանական կողմն էր։ Եվ այդ պատճառով հիմա մենք ունենք այն, ինչ ունենք։ Ես չեմ կարող ընդունել որևիցե մեղադրանքներ Հայաստանի կամ Արցախի հասցեին այն համատեքստում, թե ներկայումս ինչ է տեղի ունենում։ Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության երաշխավորը, իմիջիայլոց, չկա այլ համակարգ։ Եվ Արցախի համար այս գոյության համար կռվի հարցը հիմա ավելին քան իրական է՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում իրենց հողում։
Սպուտնիկ գործակալություն: Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ավելի ակտիվ դերակատարություն ունենա հակամարտության կարգավորման մեջ՝ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ՝ այլ ձևաչաձերով: Այս առումով արդյո՞ք դուք կարծում եք, որ Թուրքիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում առավել ակտիվ ներգրավվածությունը կարող է խթանել խաղաղ կարգավորումը, և այդպիսով հնարավո՞ր է արդյոք ընդհանրապես խոսել այլ ձևաչափերի մասին, եթե մոսկովյան բանակցություններին հաջորդած համատեղ հայտարարությունում Ադրբեջանը և Հայաստանը վերահաստատել են իրենց հանձնառությունը բանակցությունների ձևաչափի անփոփոխությանը:
Զոհրաբ Մնացականյան։ Իմ կողմից կարող եմ ավելացնել, որ, այո՛, աջակցությունը ներկայիս ձևաչափին արտահայտվել է և նաև այս վերջին փաստաթղթում՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ։ Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հանդիսանում է ամենաարդյունավետ ձևաչափը, որում աշխատանքներ են իրականացվում խաղաղ կարգավորման ուղղությամբ, մեզ մոտ երբևիցե, առավելևս հիմա, որևէ կասկած չի հարուցել: Մենք շարունակելու ենք ակտիվ աշխատել այդ ձևաչափի շրջանակներում։ Մենք արդեն անդրադարձել ենք, որ այսօր հանդիպում պետք է ունենանք։
Դուք հասկանում եք, որ այն ինչ կատարվում է աշխարհում, այն ինչ կատարվում է անմիջապես Արցախում, ագրեսիայի վառ դրսևորում է, և այն իրավիճակը, որում գտնվում է Արցախը, բավական լուրջ ազդեցություն ունի մեր աշխատանքի վրա, բայց մեր աշխատանքը շարունակվելու է, որովհետև մեր դիրքորոշումը եղել և մնում է հստակ. խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Եվ, եթե Ադրբեջանը ընտրել է ուժի կիրառման տարբերակը՝ որպես պայմաններ առաջ քաշելու կամ սեփական առավելապաշտական նպատակներին հասնելու մեթոդ, ապա այդ կերպ տարածաշրջանում չի լինելու ո՛չ խաղաղ կարգավորում, և ոչ էլ խաղաղություն: Այդ մեթոդը մերժվել է և մերժվելու է շատ խիստ ձևով։ Մենք պետք է աշխատենք, և տրամադրված ենք այդ ուղղությամբ։ Մենք շարունակելու ենք աշխատել համանախագահների հետ միասին այս ուղղությամբ:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ակտիվ դերակատարությանը, կներեք, ներկա պահին Թուրքիայի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է մեր տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներկայությամբ և Ադրբեջանին տրամադրվող ակտիվ ռազմական աջակցությամբ: Իհարկե, հասկանում եք, որ նման ակտիվությունը չի կարող ողջունելի լինել: Շնորհակալություն: