Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հետևանքով Արցախում զոհերի թիվը հասել է 31-ի
Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հետևանքով հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախում առնվազն 31 մարդ է զոհվել: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Վերջին օրերի ընթացքում հիվանդանոցում մահացել է 3 խաղաղ բնակիչ,- գրել է Բեգլարյանը:
Արցախի ՄԻՊ-ը հայտնել է նաև, որ նոր տեղեկությունների համաձայն՝ նախորդ օրերի ադրբեջանական հարվածների արդյունքում սպանվել էր ևս երեք քաղաքացիական անձ: Արտակ Բեգլարյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ զոհվածներից մեկը եղել է Զագլիկ գյուղում, մյուսը Մարտակերտ քաղաքի մոտ, երրորդն էլ Ստեփանակերտում: «Նրանք տարբեր օրերի են զոհվել, ուղղակի տեղեկությունը մենք նոր ենք կարողացել ճշգրտել: Զոհվել են հրետակոծության կամ հրթիռակոծության արդյունքում»,- հայտնեց Բեգլարյանը:
Այսպիսով, Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը կազմում է առնվազն 31:
Արտակ Բեգլարյանը նշեց, որ զոհերի անունները կհրապարակեն ավելի ուշ:
Հայաստանի Հանրապետության տարածքի թիրախավորումը խլել է ևս չորս մարդու կյանք: