Անկում՝ անկման ֆոնին

Մինչ Նիկոլ Փաշինյանն այս ու այն կողմ ընկած փորձում է հասարակությանը համոզել, թե Հայաստանում «աննախադեպ» շինարարական եռուզեռ է, պաշտոնական վիճակագրությունը շինարարության ծավալների նույնքան աննախադեպ անկումներ է գրանցում։ Նվազել են անգամ պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքները։

Թեև թվում էր, թե տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու համար կառավարությունը պետք է հնարավորինս ընդլայներ կապիտալ ծախսերը։ Հատկապես որ, տնտեսության մյուս ոլորտներում առայժմ ոչինչ չի ստացվում։ Տնտեսական ծրագրերը տեղից չեն շարժվում նույնիսկ այն պարագայում, երբ կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել՝ ֆինանսական մասնակցություն ունենալ դրանցում։

Այս իրավիճակում փրկություն կարող էր լինել պետական միջոցներով իրականացվող կապիտալ ծախսերի ընդլայնումը, բայց դա էլ առաջ չի գնում։

Պաշտոնական տվյալներով՝ շինարարության ծավալներն այս տարի կրճատվել են շուրջ 23 տոկոսով։ Բայց, որ ավելի վատ է, կրճատվել են նաև պետական բյուջեի հաշվին կատարված շինարարական աշխատանքները։

Նվազումը հասնում է գրեթե 20 տոկոսի։ Եվ դա տեղի է ունեցել անցած տարվա անկման ֆոնին։

Անցած տարվա նույն ժամանակահատվածում ևս պետության միջոցներով իրականացված շինարարական աշխատանքները նվազել էին։ Ճիշտ է, ոչ այնքան, որքան այս տարի. տարեսկզբի 7 ամիսներին պետական բյուջեի հաշվին 3,7 տոկոսով պակաս շինարարություն էր կատարվել, քան 2018թ.։

Ու դրա համեմատ, այս տարի շինարարության ծավալները կրկին նվազել են, այն էլ՝ 20 տոկոսով։

Շինարարության վրա, անշուշտ, ազդել են համավարակի սկզբնական շրջանում կիրառված սահմանափակումները, երբ տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ շինարարության ոլորտում, կասեցվել էին աշխատանքները։ Բայց տարօրինակ է, որ ծավալների մեծ անկում է գրանցվում նաև սահմանափակումների վերացումից հետո։ Այն դեպքում, երբ վերջին ամիսներին շինարարական աշխատանքների իրականացման համար համավարակը, որպես այդպիսին, խոչընդոտ չի հանդիսանում։ Ու այդ պայմաններում շինարարության ծավալները, այդ թվում՝ նաև պետական բյուջեի հաշվին իրականացվող, շարունակում են զիջել նախորդ տարվա մակարդակին։

Որպեսզի չստացվի, որ ասվածը հիմքերի չունի, բերենք հրապարակված վերջին տվյալները։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հուլիսին Հայաստանում 19,5 տոկոսով պակաս շինարարություն է իրականացվել, քան անցած տարվա նույն ամսին։ Պետական բյուջեի հաշվին կատարված աշխատանքները հուլիսին նվազել են ավելի քան 10 տոկոսով։

Այդքան խոսվում է սուբվենցիոն ծրագրերի մասին, բայց նվազել են նաև համայնքային բյուջեների հաշվին իրականացված կապիտալ ծախսերը։

Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ յոթամսյա անկումը կազմել է 12 տոկոս, իսկ հուլիսին, նախորդ տարվա հուլիսի նկատմամբ, համայնքային բյուջեների հաշվին 30 տոկոսով պակաս կապիտալ շինարարություն է կատարվել։

Հիմա հավանաբար դժվար չէ պատկերացնել, թե իրականում ինչ է տեղի ունենում շինարարության ոլորտում։ Երբ Նիկոլ Փաշինյանը հանրապետության տարբեր բնակավայրերում կատարվող շինարարական աշխատանքների ֆոնին նկարվում ու փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը վերածվել է մեծ շինհրապարակի, դա ընդամենը խաբկանք է։

Իրականությունն այն է, որ այս տարվա առնվազն 7 ամիսներին, այդ թվում՝ հուլիսին, պետության կողմից ավելի քիչ կապիտալ շինարարություն է իրականացվել, քան անցած տարի։ Անցած տարի շինարարության ոլորտում որոշակի աճ կար, բայց այնպիսին չէր, որ այս տարի չենք կարողանում նույնիսկ դրան հասնել։ Անցած տարվա այս ժամանակահատվածում շինարարության ծավալները մեր երկրում ավելացել էին ընդամենը 4,5 տոկոսով։ Այս տարի մեծ գումարներ էինք նախատեսել պետական բյուջեում կապիտալ շինարարության համար, բայց նույնիսկ նախորդ տարվա ծավալներին չենք կարողանում հասնել։ Մինչդեռ կապիտալ ծախսերը պետության համար ունեն ոչ միայն՝ կարևոր տնտեսական, այլև՝ սոցիալական նշանակություն։

Դեռ համավարակի սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանը կապիտալ ծախսերի հաշվին խոստանում էր թեթևացնել արտագնա աշխատանքի չմեկնողների սոցիալական բեռը։ Այնինչ, տարին մոտենում է ավարտին, բայց պետական բյուջեի հաշվին իրականացվող կապիտալ ծախսերը դեռևս չեն հասել անգամ նախորդ տարվա մակարդակին։ Նախորդ տարվա այս ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներով, որի մեջ մտնում են նաև վարկային ռեսուրսները, իրականացվել էր 39,1 մլրդ դրամի կապիտալ շինարարություն։ Այս տարի իրականացվել է ընդամենը 33,8 միլիարդի շինարարություն։ Այսինքն՝ 5,3 միլիարդով պակաս։

Այսպես է կառավարությունը կապիտալ ծախսերի հաշվին խթանել՝ ինչպես տնտեսությունը, այնպես էլ՝ լուծել արտագնա աշխատանքի չմեկնողների սոցիալական խնդիրները։

Շինարարության սեզոնին քիչ ժամանակ է մնում, ու հազիվ թե այդ ընթացքում հաջողվի մեծ բեկում մտցնել ոլորտի ցուցանիշներում։ Գուցե և հուլիսին հաջորդող 2-3 ամիսներին պետության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ծավալները որոշ չափով ավելանան, բայց մեծ տեղաշարժ դժվար է ակնկալել։

Անկումային պատկերը ոլորտում կպահպանվի նաև ամբողջ տարվա կտրվածքով և ոչ միայն՝ այն պատճառով, որ հերթական անգամ կառավարությունը ձախողեց պետական միջոցների հաշվին նախատեսված կապիտալ ծախսերը, այլև այն պատճառով, որ բնակչության շրջանում չկա ակտիվություն։

Բնակչության կողմից կատարվող շինարարական աշխատանքների ծավալները ոչ միայն նվազել են, այլև նվազումը գնալով խորանում է։ Վերջին տվյալներով, յոթամսյա անկումը հասնում է 33 տոկոսի։ Հուլիսին բնակչությունը 37 տոկոսով պակաս շինարարություն է իրականացրել, քան անցած տարվա նույն ամսին։

Սա հասարակության սոցիալական վիճակի լավագույն ինդիկատորներից մեկն է։

Շինարարության ծավալների անկման խորացումը վկայում է, որ տեղի է ունենում բնակչության ունեզրկում և եկամուտների կրճատում։ Խնդիր, որի առաջ այսօր շատերն են կանգնած։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս