«Յուր ջան, արի՛ տուն, մենք լիքը անելիքներ ունենք դեռ». ուղերձ՝ Արցախի սահմանն ամուր պահող հերոսին

Ֆրիտյոֆ Նանսենի անվան N150 հիմնական դպրոցում առաջին անգամ չէ, որ սահման ուղարկելու համար անվադողեր են հավաքում: Այս նախաձեռնության հիմք դնողներից մեկն էլ եղել է դպրոցի սան, արդեն Արցախի հերոս Յուրա Ալավերդյանը, որը Կարախանբեյլի-Ֆիզուլի ուղղությամբ պատերազմի առաջին օրերին խոցել է 9 տանկ, 1 մեքենա:  Յուրայի լուսանկարն էլ արդեն իր տեղն է գտել դպրոցի մուտքի պատին:

«Երեկ գիշեր եմ ամրացրել, որն առավոտյան եղավ իմ ուսուցիչների նվերը: Վայ, Յուրա ջան: Ես համոզված եմ՝ երբ նա գա, առաջինը դպրոց է գալու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆրիտյոֆ Նանսենի անվան N150 հիմնական դպրոցի տնօրեն Մանիկ  Հայրապետյանը:

Դպրոցի տնօրենի խոսքով՝ զուսպ, համեստ, բոլորին հասնող ու օգնող Յուրան իր հայրենիքը սիրելով՝ կատարել է իր սուրբ գործը:

«Նանսենը, որ աշխարհի ինչ-որ մի ծայրից մտածել է Հայաստանի մասին, բա իրե՞նք: Էս թասիբն էլ կա»,- ասում էր տնօրենը:

Յուրայի հերոս դառնալու լուրը լսելիս Մանիկ Հայրապետյանն արտասվել է․ ասում է՝ վաղուց գիտեր, որ Յուրան ինչ-որ մի ոլորտում պիտի հերոս դառնա:

«9 տարի սովորել է այստեղ: 9 տարվա ընթացքում Յուրան սովորել է միայն գերազանց: 9-րդ դասարանն ավարտել է՝ ստանալով Կարմիր վկայական: Համեստության տիպար: Աչքերից այդ երեխայի ամոթխածությունն էր թափվում: Հայկական ընտանիքներ կան, որ տղամարդը մի քիչ քիչ է խոսում, բայց շատ գործ է անում․ Յուրան այդ կարգի տղա ա եղել: Վերին աստիճանի հայրենասեր»:

Հայրենասեր Յուրան մի քանի տարի անդամակցել է Երկրապահ կամավորների միության պատանեկան խմբակին՝ իր հետ տանելով նաև իր ընկերներին:

Անթիվ-անհամար գովասանագրերը, պատվոգրերն ու շնորհակալագրերը թերթելով՝ քույրերը պատմում էին եղբոր խելացի, սակավախոս ու բոլորին հասնող լինելու մասին, ասում, որ Յուրան կյանքի ցանկացած իրավիճակում միշտ ցույց է տալիս իր ուժեղ տեսակը:

«Յուրան փոքր ժամանակվանից աչքի ա ընկել իր համարձակությամբ, իր բնավորությամբ: Ինքը դպրոցի տնօրենի, ուսուցիչների «լյուբիմչիկն» է ու նրան միշտ բոլորը հրավիրում էին մասնակցելու տարբեր միջոցառումների, դպրոցի անունից տարբեր օլիմպիադաների, մրցումների, և ինքը միշտ պատվով առաջին հորիզոնականներ զբաղեցրած վերադառնում էր»,- 168.am-ի հետ զրույցում պատմում էր Յուրայի հորաքրոջ դուստրը՝ Աննա Ալավերդյանը:

Յուրան դեռ փոքրուց սիրել է ֆուտբոլը, ավելի քան 10 տարի զբաղվել է ֆուտբոլով, խաղացել է Ավանի պատանեկան մարզադպրոցում, ապա՝ Ալաշկերտում: Հետո արդեն ընդունվել է Ինֆորմատիկայի պետական քոլեջ, որտեղ դեռ պետք է շարունակի ուսումը:

«Որպես լավ ուսանող՝ իրեն մեկ շաբաթով ուղարկել են Ռոստով քաղաքի Samsung-ի տեխսպասարկման ակադեմիա՝ պրակտիկ և տեսական գիտելիքներն ավելի զինելու և ավելի մեծ փորձ ձեռք բերելու համար»,- ասում էր Աննա Ալավերդյանը:

Յուրայի քույրը՝ Գրետան, որը եղբոր՝ Արցախի հերոս կոչմանն արժանանալու մասին առաջին լսողներից է եղել, հպարտությամբ խոսում էր հերոս եղբոր մասին, հիշում երբեմն ունեցած լեզվակռիվները:

«Կենցաղային լեզվակռիվների մեջ էինք ընկնում, շատ հաճախ էլ կատակով էինք կռվում: Ինքը շատ ընկերասեր է, ամեն հարցում կարող ենք իրեն դիմել՝ ինչ էլ պետք լինի, ինքը միշտ իմ թիկունքում կանգնած է եղել, ես ամեն հարցում կարող եմ իրեն դիմեմ, ու ինքն անպայման էդ հարցը ինչ-որ մի ձև կլուծի, կապ չունի՝ էդ իր ուժերի սահմաններո՞ւմ է, թե՞ էդ սահմաններից դուրս է»,- վստահեցնում էր Գրետա Ալավերդյանը:

Սակավախոս Յուրան երազանքների ու նպատակների մասին խոսել չի սիրում, բայց մեկ անգամ բացահայտել է իր կյանքի, հավանաբար, ամենատաք երազանքի մասին:

«Մի անգամ իմ մայրիկին՝ իր հորաքրոջը, խոսքի մեջ ասել է, որ ուզում է շատ մեծ տուն ունենա, ինքը կառուցի էդ տունը, որ մենք՝ բոլոր հարազատներով, միասին ապրենք, որ ինքն իր վաստակով, իր ուժերով ունենալու է սեփական մեքենա, ու իր բոլոր հարազատներին տանելու է ման տա Հայաստանի տարբեր գեղեցիկ տեղերով»,- նշեց քույրը՝ Աննան:

Աղջիկների խոսքով՝ պատերազմական այս օրերին ընտանիքում բոլորն անհանգիստ են եղել, միևնույն ժամանակ՝ վստահ, որ Յուրան իրեն հերոսի նման է դրսևորելու:

«Մենք ոչ մեկս չենք կասկածել, որ ինքը, այսպես ասած, խզարում ա, հաստատ»,- ասում էր քույրը:

Աննկարագրելի ապրումների, տասնակ անգամ բազմապատկված հպարտության կողքին՝ քույրերը միայն մի ուղերձ ունեն սահմանն ամուր պահող Յուրային:

«Յուր ջան, արի՛ տուն, մենք անհամբեր քեզ սպասում ենք (հուզվում է.- Ա.Հ.), մենք լիքը անելիքներ ունենք դեռ»:

Հուզմունքի ու հպարտության արցունքներն աչքերին վստահեցնում են.

«Մենք ոչ մեկս ընկճված ու կոտրված չենք, մենք հավատում ենք նրան, վստահ ենք նրա ուժերի վրա, անհամբեր սպասում ենք նրա վերադարձին ու մենք շատ ուժեղ ենք, մենք դեռ երբեք էսքան ուժեղ չենք եղել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս