«100%-ով համոզված եմ, որ Հայաստանի տարածքը գաղտնալսում և տվյալներն Ադրբեջանին փոխանցում են Թուրքիայից». Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ Թուրքիայի ներգրավվածությունը, սիրիայի գրոհայինների ներգրավումն ամբողջովին փոխել է տեղեկատվական պատերազմի ֆորմատը։ «Փաստացի, մեզ մնում է հետևից մի փոքր հարվածել, և արդեն ինքնըստինքյան մեր գործն անում են արտասահմանյան լրատվամիջոցները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Փորձագետը տեղեկատվական պատերազմում հայկական կողմի թույլ կողմը համարում է բնակչության անփութությունը. «Շատ դեպքերում ուզում են օգուտ տված լինել և տարափի պես տարածում են ձայնային հաղորդագրություններ՝ առանց խորանալու՝ ով է ուղարկել, ինչու է ուղարկել: Հիմա ադրբեջանական հետախուզությունը շատ ակտիվ պատվերներ է տալիս միջազգային հարթակներին: Նույն ձայնագրությունը շատ հեշտ կարելի է պատվիրել, և շատ տիպիկ հայերեն ձայն է լինելու»:
Միևնույն ժամանակ՝ նա նշեց, որ մեդիագրագիտությունն աճում է, թեպետ հակառակորդը փորձում է գտնել թույլ կետերը և խուճապ տարածել:
Նրա խոսքով՝ հայկական կողմն էլ նույն մեթոդներն Ադրբեջանի բնակչության հանդեպ է կիրառում. «Այն, ինչ ես գիտեմ, իսկ ես համոզված եմ, որ ես գիտեմ ոչ ամբողջը, կարող եմ ասել, որ Ադրբեջանի վրա աշխատում են նմանատիպ և ոչ նմանատիպ մեթոդներով»:
Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում տեղեկատվական պատերազմում. «Նրանք վարձում են լոբբիստական կազմակերպություններ, միլիոններ ծախսվում են միայն երևացող հատվածում: Կան մարդիկ, որոնք աշխատավարձ են ստանում դրա համար՝ հայերի դեմ գրելու համար: Դա նաև երևում է տարիների ընթացքում հայկական հաքերների կողմից կոտրված էլեկտրոնային փոստերից, որտեղից երևում է, որ Վրաստանում կան վարձված լրագրողներ, փորձագետներ, Ռուսաստանում, Իսրայելում և այլ երկրներում կան: Նաև վճարովի նյութեր են տեղադրում»:
Ըստ նրա՝ Թուրքիան տեղեկատվական պատերազմում էլ է բացահայտ աջակցում Ադրբեջանին. «Սկսած տեխնիկականից, այսինքն՝ կիբերհարձակումների մի մասն ավելի գրագետ արվում է Թուրքիայի կողմից: 100 տոկոսով համոզված եմ, որ Հայաստանի տարածքը գաղտնալսում և տվյալներն Ադրբեջանին փոխանցում են Թուրքիայից: Հեռախոսազանգերը և SMS-ները շատ հեշտ կորզվող են Թուրքիայի կողմից, և պետք է շատ զգույշ լինել: Ադրբեջանն այդքան ռեսուրս չունի, բայց երբ Թուրքիան է ներգրավված, պետք է դա հաշվի առնել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում