«Պետք է Ալիևին կանգնեցնել՝ «շարունակում ես ու կործանվում, կամ դադարեցնում, որ փրկվես» ընտրության առաջ՝ հուժկու հարված հասցնելով Ադրբեջանին». Դեմոյան

Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի դեմ վարում են լայնամասշտաբ ահաբեկչական պատերազմ, որով փորձում են լուծել մի շարք հարցեր՝ մասնավորապես, Թուրքիան նաև Ադրբեջանի միջոցով փորձում է լուծել տարածաշրջանային հարցեր և դառնալ Հարավային Կովկասում խոշոր խաղացող։ Մյուս կարևոր խնդիրը, որը փորձում է լուծել Թուրքիան, այն է, որ ցանկանում է օգտագործել Ադրբեջանը և 2023 թվականին Թուրքիայի 100-րդ ամյակը նշել ավելի լայն սահմաններով։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց  պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։

«Այս պատերազմը լոկ միջոց  է, որ Թուրքիան հասնի իր գլխավոր նպատակին՝ սահմանափակի Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում։ Թուրքիան  այդ նպատակով օգտագործում  է Ադրբեջանը՝ «եղբայրական» լոզունգի տակ։ Թե որքանով Թուրքիային դա թույլ կտա Ռուսաստանը, հենց հարցի գինն է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ակնհայտ է, որ այդ երկրում տեղի են ունենում խոշոր տնտեսական վերաբաշխումներ, և այն ահռելի տնտեսական կարողությունները, որոնք կուտակել է Ալիևի կլանը, այլ կլաններ կփորձեն վերաբաշխել՝ իհարկե, արտաքին խաղացողների միջամտությամբ, որոնք հետո կունենան իրենց փայլը։ Ալիևն այս պատերազմով լուծում է իր կլանի և իր իշխանության պահպանության հարցը։ Ալիևի մոտ առաջինը խոսում է ինքնապաշտպանության բնազդը, և այդ հազարավոր դիակները լոկ միջոց են, որ Ալիևը  շարունակի մնալ իշխանության ղեկին։ Այն ժամանակ, երբ նավթի գները նվազում են, և տնտեսական ճգնաժամ կա նրա երկրում, այդ ժամանակ սկսել պատերազմ, ինչը շատ թանկ  բան է, տարօրինակ է։ Ադրբեջանում մտածում են, թե դեռ փող ունեն, կարող են պատերազմել, բայց արդյո՞ք բանակ ունեն, որ կարողանան կռվել. չէ՞ որ վերջին օրերին Ադրբեջանի կրած կորուստները ցույց են տալիս, որ այդ երկիրը ֆիասկոյի մեջ է»,- ասաց Դեմոյանը։

Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այն հայտարարության մասին, ըստ որի, եթե ադրբեջանցիները 2010թ. ստորագրված Թուրքիա-Ադրբեջան «Ռազմավարական գործընկերություն» պայմանագրի շրջանակներում ռազմական օգնություն խնդրեն, ապա այդ օգնությունը կարող է տրամադրվել, Հայկ Դեմոյանը շեշտեց, որ սա քայլ է, որը դիտարկվում է և որպես քարոզչական հնարք, և որպես քայլ՝ ընդդեմ Ռուսաստանի։

«Էրդողանն առանց այդ պայմանագրի էլ նման օժանդակություն տրամադրում է Ադրբեջանին, այնպես որ, մյուս կողմից էլ՝ այս հայտարարությունն ուղղված է Ռուսաստանին։ Սա մարտահրավեր է նաև ՀԱՊԿ-ին։ Այս հայտարարությամբ ասում է՝ ես՝ Թուրքիաս, որպես ահաբեկչություն հրահող ՆԱՏՕ-ի անդամ երկիր, կարող եմ մուտք գործել ռուսական ազդեցության գոտի։ Սա պայքար է նաև ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի միջև. այսօր Թուրքիան նոր օջախ է բացում ընդդեմ Ռուսաստանի»,- ասաց նա՝ նշելով, որ ապացուցված է, որ Թուրքիան դառնում է վտանգավոր տարածաշրջանի համար։

«Թուրքիան դառնում է վտանգավոր հրեշ, որին կարող է զսպել Ռուսաստանը»,- ասաց նա։

Անդրադառնալով այս օրերին Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ գործողությունններին ի պատասխան տարբեր միջազգային կառույցներից եկող հայտարարություններին՝ Դեմոյանը նկատեց, որ միջազգային հանրությունը սպասում է, թե այս պատերազմում կողմերից ամեն մեկն ինչ ձեռք կբերի, կամ կկորցնի. որից հետո կհաշվարկի այդ պետությունների հետ ունեցած իր շահերը, որից հետո էլ նոր  կդիմի գործողությունների։

«Այդ արձագանքին պետք չէ հիմա սպասել, որովհետև հիմա ակնհայտ է, որ Ալիևը, գնալով սոսկալի վտանգավոր վա-բանկի, խաղադրույքի վրա դրել է երկու բան՝ իր ընտանիքի հետագա գոյությանը հարցը՝ Ադրբեջանում, և Ադրբեջան պետության գոյության հարցը` քարտեզի վրա։ Սրանք երկու կարևոր խաղադրույքներ են, որոնց խաղամոլ Ալիևը գնաց։ Արցախն այսօր լուծում է երկու շատ կարևոր հարց՝ ապացուցում է ոչ միայն մեր կենսունակությունը, այլ նաև ապագային միտված մեր ծրագրերն է գծում՝ միտված անվտանգությանը, բայց ոչ միայն։ Մենք այսօր աշխարհին ցույց ենք տալիս, որ մենք ցեղասպանություն բացառող երկիր ենք, իսկ դրա համար մենք պետք է լուրջ վտանգ ստեղծենք Ադրբեջան պետության համար, որպեսզի հաջորդ պատերազմը նրա կողմից բացառվի։ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է շատ արագ որոշում կայացնի՝ կտրուկ և ցավեցնող այնպիսի հարված հասցնի Ադրբեջանին, որ Ալիևը հարց տա իրեն՝ նպատակահարմա՞ր է արդյոք շարունակել ռազմական գործողությունները։ Ադրբեջանին հասցնել այնպիսի հարված, որ Ալիևը մտածի՝ կա՛մ շարունակում է՝ կործանվում է, կա՛մ դադարեցնում, որ փրկվի։ Վստահ եմ, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը կկայացնի պատմական որոշում և Ադրբեջանի հետագա գոյությունը կասկածի տակ դնող հարված կհասցնի, իսկ նման հարված հասցնելու համար հայկական բանակի ունեցած մենյուն շատ լայն է»,- ասաց Դեմոյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս