ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը կարող է հակամենաշնորհային հայց հարուցել Google-ի դեմ. Politico
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը եւ մի շարք նահանգների գլխավոր դատախազներ պլանավորում են հաջորդ շաբաթ հայց հարուցել Միացյալ Նահանգների Google կորպորացիայի դեմ վերջինիս կողմից հակամենաշնորհային օրենսդրության խախտման մեղադրանքով: Հոկտեմբերի 2-ին այդ մասին հայտնել է Politico թեթը:
Թերթի աղբյուների տվյալներով՝ հայցը կարող է հարուցվել հաջորդ շաբաթվա վերջին կամ Կոլումբոսի օրվա տոնից (նշվում է հոկտեմբերի 12-ին – ծանոթ. խմբ.) հետո: Հուլիսին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեի հակամենաշնորհային քաղաքականության ենթակոմիտեն անցկացրել է ուկնդրումներ՝ նվիրված Amazon, Facebook, Apple եւ Google ընկերությունների աշխատանքի յուրահատկությանը:
Ինչպես հայտարարել է հիշյալ ենթակոմիտեի նախագահ Դեւիդ Սիսլինին (դեմոկրատ Ռոդ Այլենդի նահանգից), տվյալ ընկերությունների ղեկավարները, պատասխանելով կոնգրեսականների հարցերին, խոստովանել են, որ թույլ են տալիս գործողություններ, որոնք հարուցում են ենթակոմիտեի անդամների անհանգստությունը:
2019 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստվում են ընդգրկուն հետաքննություն սկսելու հիշյալ չորս ընկերությունների նկատամամբ դրանց կողմից հակամնաշնորհային օրենսդրության հնարավոր խախտումների ստուգման համար:
Reuters գործակալության տվյալներով՝ հետաքննության ընթացքում լիազորությունները բաժանված են ԱՄՆ-ի Դաշնային առեւտրական հանձնաժողովի, որը հսկողության տակ է վերցրել Amazon-ը եւ Facebook-ը, եւ արդարադատության նախարարության միջեւ, որն զբաղվում է Apple-ի եւ Google-ի գործերով: Դրա հետ միաժամանակ սեփական հետաքննություն սկսելու մասին են հայտարարել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: