«Ուժը մեր կողմում է, և մենք անպայման կարողանալու ենք զսպել Ադրբեջանին և Թուրքիային». Մասիս Մայիլյան

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը կարող է ծառայել որպես լծակ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:

«Մեր կոչն այսօր է եղել, մենք դա հասցնում ենք տարբեր օղակներով: Այսօր շաբաթ է, ամեն տեղ չէ պատերազմ, և կարծում եմ՝ երկուշաբթի օրվանից ավելի ակտիվ աշխատանք է կատարվելու նաև մեզ սատարող ուժերի կողմից՝ մեր կոչը տեղ հասցնելու համար: Նաև խորհրդարանական դիվանագիտության ճանապարհով պետք է այս կոչը տեղ հասցնենք»,- ասաց նա:

«Վճռորոշ լինելու մասին հայտարարությունը կապված է առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների հետ՝ մեր բանակը հերոսաբար կռիվ է տալիս, կանգնեցնում է Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների գրոհները, որոշ հատվածներում տեղի են ունենում ծանր մարտեր, տեղեր կան, որ մեր զինվորները լիարժեք վերահսկում են իրավիճակը, բայց զուգահեռ աշխատանք է տարվում տարբեր մեր գործընկերների հետ՝ դիվանագիտական խողովակներով, որ ավելացնեն ճնշումը Թուրքիայի վրա: Ադրբեջանի մասին առանձին խոսելն անիմաստ է, որովհետև Ադրբեջանը հիմա տիկնիկի դեր է կատարում, այսինքն՝ Թուրքիայի ձեռքում է, և հիմնականում աշխատանքը տարվում է Թուրքիայի հետ, և գործադրվում են ջանքեր, որ համոզեն կողմերին՝ Ադրբեջանին, Թուրքիային և ահաբեկիչներին, իրենց սկսած գործի անհեռանկարության մասին»,- ասաց նա՝ ընդգծելով՝ մեր հաջողություններն առաջնագծում բերելու են հաջողություններ նաև դիվանագիտական ճակատում, և՝ հակառակը:

Արցախի արտգործնախարարը նշեց, որ առնվազն պետք է վերականգնեն առաջնագիծը, և միջազգային հանրությունը նպաստի դրան. «Ընդհանրապես, պետք է վերականգնվի 1994թ. այն գիծը, որը հաստատվել էր և համաձայնեցվել: Այդ գիծը խախտվել է, և այդ գծի խախտման պատճառով է, որ, երբ 2016թ. Ադրբեջանն ունեցավ որոշակի հաջողություններ, դա իրենց հնարավորություն տվեց, որ 4 տարի հետո նորից պատերազմ սկսեն: Այդ փոքր տարածքային նվաճումները մեծ պատերազմի հիմք են դառնում: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ որևէ տարածք Ադրբեջանը չպետք է ձեռք բերի այս պատերազմի շրջանում: Միջազգային հանրության պարտքն էլ է, որ իրենք միջնորդեն այս ամենի մեջ, հատկապես, որ գիտեք, որ 1994թ. հրադադարը կնքվել է Ռուսաստանի միջնորդությամբ, և այդ բոլոր քարտեզները, որտեղ ֆիքսված է առաջնագիծը, կան ՌԴ Գլխավոր շտաբում: Այդ շփման գիծը պետք է ձգտենք վերականգնել, որ որևէ գայթակղություն չլինի Ադրբեջանին կամ Թուրքիային՝ նոր պատերազմ սկսելու համար»:

Ռուսաստանը, ըստ նրա՝ ջանքեր է թափում այդ ուղղությամբ. «ՌԴ ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ՀՀ ԱԳ նախարարի հետ, երեք անգամ հեռախոսազրույց է եղել վարչապետ Փաշինյանի և ՌԴ նախագահի միջև, կա եռանախագահության համատեղ հայտարարությունը, որտեղ կա նաև ՌԴ նախագահի ստորագրությունը: Այն ժամանակվա իրենց ջանքերը հաջողությամբ են ավարտվել, իրենք ավելի մեծ հնարավորություն ունեին այդ առումով, հիմա էլ իրենց հնարավորությունները պակաս չեն, բայց մենք ունենք նոր գործոն՝ Թուրքիայի գործոնը: Այսինքն՝ եթե Ռուսաստանն ավելի հեշտ կարող էր համոզել Ադրբեջանին, որ համաձայնեն գնալ խաղաղ ճանապարհով, հիմա ավելի դժվար խնդիր է դրված՝ համոզելու Էրդողանին: Այսինքն՝ հիմա ավելի խոշոր խաղացող է հայտնվել Հարավային Կովկասում, և այս հանգամանքը ևս պետք է հաշվի առնենք: Բայց համոզված եմ՝ քանի որ նաև մնացած համանախագահներն  են այդ ուղղությամբ աշխատում, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների կարծիքը միանշանակ հնչեցվել է, այսինքն՝ հիմա այնպիսի վիճակ է, որ միջազգային հանրությունը, Արցախը և Հայաստանն ունեն մի կարծիք, իսկ վտարյալ երկու պետություններն ունեն հակառակ կարծիքը: Ինձ թվում է՝ ուժը մեր կողմում է, և մենք անպայման կարողանալու ենք զսպել Ադրբեջանին և Թուրքիային: Հիմա Արցախի բանակը՝ մեր կամավորների, ազատամարտիկների հետ, պարտադրում են Ադրբեջանին խաղաղություն, բայց լավ կլինի, որ մենք նաև դիվանագիտական ճանապարհով, ինչքան հնարավոր է՝ շուտ, համոզենք այդ ագրեսորներին, որ կանգնեցնեն իրենց գործողությունները»:

Տեսանյութեր

Լրահոս