«Սա շատ մեծ քայլ է, որովհետև սա ունի միջազգային նախադեպ». Լարիսա Ալավերդյանը՝ Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մասին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և, ընդհանրապես, միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի անհապաղ դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Միևնույն ժամանակ, նշում ենք, որ միջազգային հանրության բոլոր պահանջները և կոչերը լկտիաբար մերժվում են Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկչական կազմակերպությունների եռյակ դաշինքի կողմից։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է»։

168.am-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով Արցախի ԱԳՆ-ի հայտարարությանը՝ նշեց, որ այս քայլը ողջունելի է, ավելին՝ հայկական կողմը նման քայլի պետք է դիմեր դեռ 1992, 1994 և 2016 թվականներին։

«Այժմ սա շատ մեծ քայլ է, որովհետև սա ունի միջազգային նախադեպ, և քանի որ Կոսովոյի բնակչության կյանքը համարվել էր ցեղասպանական վտանգի ներքո, հենց դրա հետևանքով կիրառվել էր բանաձևը և տեղի էր ունեցել Կոսովոյի ճանաչումը։ Այնպես որ, ես այս քայլը ճիշտ եմ համարում, և լավ կլիներ, որ Հայաստանն իր դիվանագիտական բոլոր ներուժը ներդնի, որպեսզի ՄԱԿ-ում ունենա մի քանի ջատագով, և դա չմնա զուտ Արցախի կամ զուտ Հայաստանի  կոչ»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Նա նաև ընդգծեց, որ Արցախի միջազգային ճանաչման հարցը գուցե միջազգային հանրությանը չհետաքրքրի, քանի որ իրենք ունեն իրենց մոտեցումները, որոնք նման հարցերում դրսևորել են։

«Նրանք ավելի բարձր են գնահատում Հելսինկյան եզրափակիչ ակտի այն սկզբունքները, որտեղ խոսքը գնում է թեկուզ երկու սկզբունքի մասին, այսինքն՝ և՛ տարածքային ամբողջականություն, և՛ ժողովուրդների կողմից  ինքնուրույն ճանապարհ ընտրելը։ Մեկ է, 70-ականներից հետո իրենց համար նախընտրելի է, որ դա լինի ինքնորոշում այն պետության ներքո, որ իրենք ճանաչում են՝ որպես մայր պետություն։ Հիմա տվյալ դեպքում մենք դա պետք է անենք, և հուսով եմ՝ Արցախն ունի համոզիչ ապացուցողական հարցերով և միջազգային նորմերով այնպիսի փաստեր, որտեղ ապացուցվում է, որ սա ոչ թե զուտ տարածքային ամբողջականության խախտում է, այլ կյանքի իրավունքի և ինքնուրույն սեփական ճանապարհն ընտրելու միակ ճանապարհը, որն անկախությունն է»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

Տեսանյութեր

Լրահոս