
«Դուխով եղեք, սաղ լավ է վերջանալու». Արցախում զոհված 19-ամյա Պատվականի վերջին խոսքերը՝ ծնողներին

«Արցախում զոհված 19-ամյա Պատվական Վաչագանի Հարությունյանը դաստիարակված, սովորող, նպատակասլաց տղա է եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Զառ բնակավայրի ղեկավար Լևոն Խաչատրյանը:
Նա նշեց, որ Պատվականը ծնվել և ապրել է Զառ գյուղում, սովորել է տեղի դպրոցում, ընտանիքի կրտսեր զավակն էր:
«Եղել է տան մինուճար տղան, ունի իրենից մեծ 2 քույր, տան փոքրն է եղել: Մինչև բանակ զորակոչվելն աշխատել է: Շատ լավ մարդիկ են ծնողները, ինքն էլ շատ դաստիարակված, կարգին տղա էր»,- ասաց Խաչատրյանը:
Լևոն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Պատվականը 9 ամսվա ծառայող էր, վերջին անգամ ծնողների հետ էր խոսել, իսկ գույժն իմացել են հոկտեմբերի 1-ի առավոտյան.
«Վերջին անգամ տուն զանգել էր սեպտեմբերի 29-ին՝ օրվա երկրորդ կեսին, ծնողների հետ է խոսել, ասել է՝ նորմալ է, լավ է, դուխով եղեք, սաղ լավ է վերջանալու»: