««Իսկանդերի» կիրառման պահը դեռ չի հասունացել. այն պետք է կիրառել պատերազմի ամենավճռական փուլում». Մհեր Հակոբյան

Երեկ՝ կեսգիշերին, ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել էր չորս ԱԹՍ, մեկը՝ Կոտայքի, ևս երեքը՝ Գեղարքունիքի մարզում։ 168.am-ի հետ զրույցում ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը նշեց, որ դրանք եղել են հետախուզական և Երևանին հարվածելու նպատակ չեն հետապնդել:

«Սա պատերազմական փոքր էպիզոդ է, պատերազմը հիմնված է տեղեկատվության վրա, իսկ ԱԹՍ-ները, հատկապես խորքային հետազոտություն իրականացնելու ունակ տեսակները, բավականին արդյունավետ միջոցներ են հակառակորդի մասին տեղեկություն ստանալու համար: Սա պատերազմական ընթացքի էպիզոդ էր, եկավ և անցավ: Կրկնում եմ՝ նպատակը եղել է խորքային հետախուզության իրականացումը, ըստ այդմ, ենթադրաբար, թռիչք է իրականացվել Պաշտպանության նախարարության և այլ ռազմական օբյեկտների վրա: Օրինակ, Hermes տիպի հետախուզական խորքային թռչող սարքերն ի վիճակի են Իրանի վրայով թռիչք կատարել և անցնել ծայրից ծայր: Այսինքն, իրենց համար Կուրի ափերից թռչել, պտտվել և Երևանի վրա գալ, կամ թռչել ինչ-որ տեղ և Նախիջևանից պտտվել և Երևանի վրա հետ գալ, ֆիզիկապես դժվարություն չի ներկայացնում: Իսկ ՀՀ ՀՕՊ-ն ապացուցեց, որ կարողանում է դրանց դեմ հաջող պայքար մղել»,- շեշտեց նա:

Տարիներ առաջ վավերացրել ենք ՀՀ և ՌԴ միջև միավորված ՀՕՊ ստեղծելու համաձայնագիրը, որը ներառում է Հայաստանի Հանրապետության ողջ օդային տարածքը:

Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը նշեց, որ դեռևս ժամանակ կա, և ռուսական կողմը դեռ կարձագանքի:

«Մենք այս պահին դեռ չգիտենք, թե ՀՕՊ ինչ միջոց է գործել և ինչ կերպ: Եվ քանի որ մենք ունենք ՀՕՊ միասնական համակարգ, ապա ՌԴ-ի ներկայությունն արդեն իսկ այստեղ ենթադրվում է: Ուզում եմ նշել, որ ՀՕՊ-ը քարե պատ չէ, և եթե դու ունես ՀՕՊ, դա ամենևին չի նշանակում, թե քո օդային տարածքում հակառակորդի ոչ մի միջոց, մասնավորապես, ԱԹՍ չի մտնի»,- շեշտեց նա:

Գնահատելով մի քանի օր Արցախում ընթացող մարտական գործողությունները, Մհեր Հակոբյանն ասաց, որ գործ ունենք համազորային մարտի հետ՝ բոլոր զինատեսակների կիրառմամբ: Նշենք, որ Ադրբեջանը կիրառում է գրեթե իր ամբողջ զինանոցը, այդ թվում՝ «Սմերչ», և այն էլ՝ խաղաղ բնակչության ուղղությամբ:

«Ինչ վերաբերում է «Սմերչին», այո, հզոր է, ճիշտ կիրառության դեպքում՝ վտանգավոր, բայց այն չի կարող ճակատում փոխել ուժերի հարաբերակցությունը: Այս պահին հայկական բանակի զինանոցի հարվածային ուժերի առաջամարտիկն «Իսկանդերն» է, երկրորդ տեղում, ըստ տարբեր գնահատականների, «Սկադն» է կամ «Տոչկա-Ու»-ն: Երևի երկրորդը՝ «Սկադը», որովհետև այն ավելի հզոր է, թեպետ ավելի հին արտադրության, իսկ «Տոչկա-Ու»-ն ավելի նոր է, բայց ավելի թույլ: Այսինքն, 2-3 տեղերն իրենք են կիսում, 4-րդ տեղում նոր գալիս է «Սմերչը»: Հիմա մենք, փաստորեն, մեր առաջատարների խումբը չենք կիրառել, բայց 2 խմբի առաջամարտիկին կիրառում ենք և բավականին հաջող: Տեղեկություններ կան, որ մեր «Սմերչ»-երի համազարկերն ադրբեջանական զինուժին շատ ծանր կորուստներ են պատճառել: Ընդ որում, մենք «Սմերչ» կիրառում ենք հակառակորդի հարվածային ստորաբաժանումների կուտակումների վրա՝ կենդանի ուժ, ռազմական տեխնիկա, այսինքն՝ ռազմական նպատակով: Իսկ Ադրբեջանը «Սմերչը» կիրառում է ահաբեկելու նպատակով ՝թիրախավորելով խաղաղ բնակավայրերը, բնակչությանը»,- մանրամասնեց Հակոբյանը՝ հավելելով, որ «Սմերչի» հրթիռները բավականին թանկ արժեն, և Ադրբեջանի հոգեբանական գրոհը, որը հաջողություն չի բերում, իրենց վրա նաև շատ թանկ է նստում:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից «Իսկանդերի» կիրառմանը, ռազմական փորձագետը շեշտեց, որ ունենք «Իսկանդերի» 8 միավոր հրթիռ, և պետք է ճիշտ պահին և տեղին օգտագործենք:

««Իսկանդերի» կիրառման պահը դեռ չի հասունացել. այն պետք է կիրառել պատերազմի ամենավճռական փուլում, երբ վճռական և վերջնական հաջողության հույս ունես: «Իսկանդերը» կարող է այս պահին կիրառվել հակառակորդի կուտակումների վրա, բայց դեռևս հաջողությամբ կիրառում ենք մեր «Սմերչ»-երը»: «Իսկանդերը» ճիշտ կլինի կիրառել Ադրբեջանի ենթակառուցվածքների նկատմամբ՝ անհրաժեշտության դեպքում, բայց սա էլ իր մեջ քաղաքական ենթատեքստ ունի: Պատերազմական իրավիճակի զարգացումը միջազգային, քաղաքական մակարդակով չի հասել նրան, որ մենք Բաքվի նավթային ենթակառուցվածքներին «Իսկանդերով» խփենք»,- շեշտեց Մհեր Հակոբյանը՝ շարունակելով, որ Ադրբեջանն «Իսկանդերին» համարժեք համակարգ չունի, բայց դրան մոտ ունի՝ «Պոլոնեզ», «LORA»:

«Դրանք մոտավորապես գտնվում են «Տոչկա-Ու»-ի և «Սմերչի» մեջտեղում, «Իսկանդերից» հետ են»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Օրեր առաջ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվեց ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Այսինքն, մենք ստիպված ենք հակազդել նաև թուրքական օդուժին, ունե՞նք արդյոք, օրինակ, F-16-ին հակազդող:

«Իրենք այնքան շատ չեն, որ հստակ օդային գերակայություն ունենան և մեզ «սրբեն»: Ի վերջո, ցամաքն է գերիշխում, եթե ցամաքում հաղթեցինք, իրենց գործը կդժվարանա»,- պատասխանեց ռազմական փորձագետը:

Ինչ վերաբերում է Նախիջևանի հատվածում մարտական գործողությունների հավանականությանը կամ լարվածության սրմանը, երբ կա թուրքական գործոն, Մհեր Հակոբյանն ասաց, որ Նախիջևանն ունի յուրօրինակ իրավական կարգավիճակ, և եթե այդ տարածքից որևէ ագրեսիվ գործողություն լինի ՀՀ-ի նկատմամբ, ապա այդ իրավական կարգավիճակի ուժով կստիպի գործել Ռուսաստանին:

Ավելին, ըստ նրա, ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, Նախիջևանից գործողությունները լինելու են ՀՀ իրավական տարածքի նկատմամբ: Բացի այս, կա նաև աշխարհագրական խնդիր. այդ հատվածում մեր կողմից Սյունիքի լեռներն են, ուստի դժվար է լինելու խորանալը:

«Հարվածը պետք է գա Արարատի մարզով, իսկ դա կնշանակի, որ կգա Երևանի վրայով, ինչը պատերազմը կբարձրացնի մեկ այլ մակարդակի, որը չի լինի: Իսկ այդ հատվածում ակտիվությունը գուցե մեզ օգտակար լինի, քանի որ ՌԴ-ն ավելի ակտիվ կգործի մեր օգտին»,- եզրափակեց ռազմաքաղաքական վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս