«Ծանր փորձություն՝ Ադրբեջանի համար». Արաքս Փաշայան

Հարցազրույց Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արաբագետ Արաքս Փաշայանի հետ

– Տիկին Փաշայան, ահաբեկչական խմբավորումներին այս պատերազմում ներգրավելն ի՞նչ խնդիրներ է ստեղծել կամ կստեղծի Ադրբեջանի և Թուրքիայի համար՝ հաշվի առնելով նաև միջազգային խոշոր ԶԼՄ-ների գլխագրերում դրա լուսաբանումը:

– Կարծում եմ՝ դա մեծ գլխացավանք է դառնալու Ադրբեջանի համար։  Վարձկանները, ջիհադականները, մարտնչող իսլամիստները միզազգային ահաբեկչության բաղկացուցիչներն են, որ մարտահրավեր են գլոբալ անվտանգությանը։ Այսինքն` Ադրբեջանը Հայաստանի դեմ պայքարում է ահաբեկիչների միջոցով։ Կարծում եմ՝ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի միջազգային հեղինակությունն անկում է ապրելու։ Արցախի Հանրապետությունն այսօր կռվում է գլոբալ ահաբեկչության դեմ, որը սպառնալիք է թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային անվտանգությանը: Հետաքրքիր է, որ այս թեման շատ լայն ու արագ տարածում գտավ միջազգային լրատվամիջոցներում, և նույնիսկ արձանագրվեց Ռուսաստանի և Իրանի ԱԳ հայտարարություններում:

Վարձկանների և ջիհադականների ներգրավումը պատերազմին միանգամայն նոր իրավիճակ է ստեղծում. հայերը կռվում են ոչ թե ադրբեջանցիների, այլ՝ իսլամիստների դեմ, որոնց համոզել են, որ որոշակի գումարի դիմաց իրենք կռվելու են «անհավատների» դեմ: Թուրքիայի համար սա նույնպես շահեկան չէ, քանի որ այս պետության շուրջ այլևս ձևավորվել է ահաբեկչությունն արտահանող երկրի կերպար: Էրդողանը մարդկության դեմ հանցագործությունների համար դեռևս չի պատժվել, նրան զսպելու որևէ միջազգային մեխանիզմ չկա, այլ կան միայն փոխադարձ շահեր, որոնց մասին մենք անվերջ լսում ենք: Միջազգային մամուլում տեղ գտած նյութերում հիմնականում ընդգծվում է այն հանգամանքը, որ Թուրքիան Մերձավոր Արևելքը, հյուսիսային Աֆրիկան, Արևելյան Միջերկրածովյանն ապակայունացնելուց հետո անցել է Հարավային Կովկասին, և, որ հենց Թուրքիայի միջոցով են վարձկանները հայտնվել Ադրբեջանում: Ես չեմ կարծում, որ վարձկանները կարող են օգուտ տալ գոնե ռազմի դաշտում: Նրանք խոստովանել են, որ նույնիսկ չեն իմացել՝ հակառակորդը որ կողմից է կրակելու, նրանք ծանոթ չեն տեղանքին, սովոր չեն կռվել լեռնային ռելիեֆ ունեցող միջավայրում, առավել ևս՝ շիաների հետ կողք կողքի: Նրանք պատկերացում չունեն հակամարտության մասին, չեն իմացել Հայաստանի և Արցախի տեղը քարտեզի վրա:

– Հնարավո՞ր է, որ այսպես շարունակելու դեպքում Ադրբեջանը մասնատվի և վերածվի գլոբալ ահաբեկչական կենտրոնի:

– 1990-ականների սկզբներին, անկախությունից հետո Ադրբեջանում գործում էին միջազգային ահաբակեչական կազմակերպությունների բազմաթիվ մասնաճյուղեր, որոնց մեջ կային ալ-Քաիդայի և Ուսամա բեն Լադենի հետ կապ ունեցողներ: Հետագայում Հեյդար Ալիևին հաջողվեց արմատախիլ անել այդ ցանցը: Դա լրջագույն մարտահրավեր էր Ադրբեջանի ազգային անվտանգությանը: Շատ զարմանալի է, որ Ալիևը համաձայն էր վարձկանների տեղակայմանը: Դա փորձություն է լինելու Բաքվի համար:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր մասնատմանը, այն միանգամայն բխում է ՀՀ-ի  և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության շահերից: Գրագետ եմ համարում նաև Հայաստանից, մասնավորապես՝ Ադրբեջանի տեղաբնիկներին վերջին շրջանում ուղղված տարաբնույթ կոչերը, այդ թվում՝ Հայաստանի դեմ ռազմական գործողություններին չմասնակցելու վերաբերյալ: Ադրբեջանը ներկայումս հայտնվել է ծանր իրավիճակում՝ ձախողում Հայաստանի հետ պատերազմներում, հարյուրավոր զոհեր, բարոյալքում, սոցիալ-քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներ, ինչ-որ իմաստով՝ նաև ինքնիշխանության անկում, և այլն: Այս ամենը պետք է պարարտ հող ստեղծի տասնամյակներ շարունակ խտրականության ենթարկված տեղաբնիկների համար՝ ազգային զարթոնքի հարցում:

– Վարձկան ահաբեկիչների թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ։ Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։ Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհաքաղաքական սահմաններով։ Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային, և Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության»: Վարչապետի այս հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում:

– Կարծում եմ՝ հստակ մեսիջներ պարունակող խոսք է՝ ուղղված միջազգային հանրությանը: Այո, հայերը Արցախում կռվում են միջազգային անվտանգության ապահովման համար: Սա այն հարցն է, որը պետք է մտահոգի տարածաշրջանի բոլոր պետություններին՝ Վրաստանին, Իրանին, Ռուսաստանին, նաև՝ ԱՄՆ-ին, ԵՄ-ին և այլն: Մեր մեսիջներն այժմ պետք է հստակ լինեն: Մենք պետք է շարժվենք միասնական օրակարգերով թե՛ Հայաստանում, և թե՛ Սփյուռքում՝ քարոզչական դաշտում ևս հաղթանակներ տանելու համար:

– Իսրայելն ի՞նչ ծավալներով է ներգրավված այս պատերազմում:

– Պատերազմական օրերին պարզ դարձավ, որ Իսրայելը շարունակում է հետևողականորեն զինել Ադրբեջանին` այս հարցում համագործակցելով Անկարայի և Բաքվի հետ։ Իսրայելը նաև ոչ հրապարակային  ձևերով ջիհադական ինստիտուտներ ձևավորելու և դրանք ըստ անհրաժեշտության ներդնելու մեծ փորձ ունի։ Եթե Իսրայելը շարունակում է  ռազմատեխնիկական և այլևայլ օգնությունները հակառակորդին, ուրեմն` Իսրայելն անուղղակիորեն ներգրավված է Արցախի դեմ պատերազմում։ Ես ափսոսում եմ, որ այս տարիներին մեզ չհաջողվեց փոխել իրավիճակը։ Չեմ կարծում, որ սա միայն զենքի առևտուր է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031