Թուրքիան պետք է ականջալուր լինի այս կոչերին. Աննա Նաղդալյան
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայում Թուրքիայի մասնակցությանը։
Նա նշեց, որ այդ ագրեսիայում Թուրքիայի ներգրավվածության մասին ԱԳՆ-ն բազմիցս հանդես է եկել և միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Թուրքիայի նման ապակայունացնող գործունեությանը։
«Պաշտպանության նախարարությունից արդեն տվյալներ են ներկայացվել թուրքական զինված փորձագետների անմիջական մասնակցության վերաբերյալ։ Մասնավորապես տեղեկություններ կան, որ անօդաչու թռչող սարքերը, որոնք կիրառվում են այս մարտական գործողություններում, կիրառվում են թուրք փորձագետների կողմից։ Սա զարմանալի չէ, եթե հիշում եք, 2016 թվականին Ադրբեջանի կողմից կրկին կիրառության դրված անօդաչու թռչող սարքերը, կիրառվում էին օտարերկրյա փորձագետների կողմից։ Բացի այդ, նաև տեղեկություն տրամադրվեց, որ ողջ օդային տարածքը գործում է Թուրքիայի հրամանատարությամբ, ըստ երևույթին, Էրզրումում, Կարսում տեղակայված օդային հեռավար կետից»,- շեշտեց Ա. Նաղդալյանը։
Նա ընդգծեց, որ Թուրքիայի այս սադրիչ գործողությունները լրջորեն խարխլում են տարածաշրջանի խաղաղությունը և խաթարում են միջազգային հանրության մարտական գործողությունները դադարեցնելու ջանքերը։
Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ միջազգային հանրությունը խիստ կոչ է արել արտաքին դերակատարներին զերծ մնալ հակամարտությունը սրելու ցանկացած գործողությունից, հետևաբար՝ Թուրքիան պետք է ականջալուր լինի այս կոչերին։
«Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան ունի հեռահար նպատակներ և կործանարար հետևանքներ կունենա Հարավային Կովկասում և դրանից դուրս անվտանգության և կայունության առումով։ Այս քաղաքականությունը տեղավորվում է Թուրքիայի կողմից վերջին տարիներին իրականացվող արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ։ Սիրիացի ահաբեկիչները լայնորեն կիրառվում են՝ նախագծելու Թուրքիայի ներկայիս ղեկավարության շահերը և այլ տարածաշրջաններ արտահանելու Թուրքիայի քաղաքականությունը»,- նշեց ԱԳՆ խոսնակը։
Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանը հանդես է գալիս՝ որպես Թուրքիայի այս քաղաքականությանը ծառայելու միջոց, և կասկած չկա, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի՝ որպես ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայր։ Ավելին՝ այդ ահաբեկիչների ներկայությունն Ադրբեջանում տարածաշրջանը կվերածի արյունահեղության հերթական վայրի։
«Ապագայի այսպիսի հեռանկարը խիստ մտահոգում է ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլև վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանը, նաև հարևան տարածաշրջաններին։ Ժամեր առաջ տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարարի հեռախոսազրույցն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ, իսկ այս պահին մեր նախարարը Հունաստանի արտգործնախարարի հետ ունենում է տեսակոնֆերանս»,- եզրափակեց նա։