«Ադրբեջանում միջազգային լրագրողներին չի թույլատրվում աշխատել. ա՜յ սա է հենց խախտումը». Արման Թաթոյան

«Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ երբևէ չեմ մեկնաբանել որևէ պետության գերատեսչության հայտարարություն, բայց քանի որ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը վերաբերում է լրագրողներին և զինված բախումների պայմաններում Արցախում աշխատանքին, հարկ եմ համարում անպայման անդրադառնալ. Նախ՝ այդ հայտարարությունը բացարձակ անընդունելի է միջազգային պահանջների տեսանկյունից, կոպիտ խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, փորձ է պատասխանատվությունը վերափոխել Ադրբեջանի կողմից կատարվող գործողություններից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Մեջբերելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության այն հատվածը, որտեղ ասվում է, թե «արտասահմանցի լրագրողների նպատակաուղղված կերպով վտանգավոր տարածքներ տեղափոխումը ցույց է տալիս, որ ՀՀ ղեկավարությունն անտեսում է լրագրողների անվտանգության ապահովման հետ կապված պարտավորությունները, արտասահմանցի լրագրողներին օգտագործում է ապօրինի քարոզչական նպատակների համար», Արման Թաթոյանը նկատեց, որ նախ՝ կոնֆլիկտային գոտիներում և զինված հարձակումների այն վայրերում, որտեղ տեղի են ունենում պատերազմական գործողություններ, լրագրողների աշխատանքը բացարձակ լեգիտիմ է:

«Հատկապես կարևոր է արտասահմանյան լրագրողների, անաչառ լրագրողների աշխատանքը: Ավելին՝ լրագրողների աշխատանքը կոնֆլիկտային գոտիներում, զինված հարձակումների պայմաններում, ինչպիսին, օրինակ՝ սանձազերծված է Հայաստանի, Արցախի և խաղաղ բնակչությանն ուղղված թիրախային հարձակումներով, նպատակ ունի ցույց տալ օբյեկտիվ իրադրությունը: Ավելին՝ այս պարագայում խոսքն արտասահմանյան անկախ լրագրողների մասին է, այսինքն՝ այն լրագրողները, ովքեր այսօր, օրինակ, վիրավորումներ էին ստացել, ոչ թե ՀՀ պետական մարմինների աշխատակիցներ են, կամ կոնկրետ դեպքում՝ Ֆրանսիայի պետական մարմինների աշխատակիցներ են, այլ անկախ լրագրողներ են և, բնականաբար, նպատակն է՝ ցույց տալ իրական վիճակը: Բացի դրանից՝ լրագրողների անվտանգությունը պարտադիր պետք է ապահովվի, բայց դա ոչ թե պետք է ապահովվի այն կոչով, որ լրագրողներին չթողնել այդ վայր, այլ հակառակը՝ լրագրողների անվտանգությունը միջազգային մարդասիրական նորմերով արդեն իսկ ապահովված է, որովհետև լրագրողը հավասարեցված է քաղաքացիական անձանց կարգավիճակին, և հետևաբար՝ լրագրողի մուտքը կոնֆլիկտային գոտու կոնկրետ վայր, ինքն իրենով ավտոմատ կերպով արդեն հիմք է, որպեսզի ապահովվի լրագրողի անվտանգ աշխատանքն այդ վայրում»,- ասաց պաշտպանը:

Արման Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանում միջազգային լրագրողներին չի թույլատրվում աշխատել. «Այ, սա է հենց խախտումը, որ միջազգային լրագրողները հնարավորություն չեն ունենում այցելել այդ վայրեր: Շատ ներողություն, եթե Արցախը թույլատրում է լրագրողների կողմից իրականացնել լուսաբանումներ, ակնհայտ չէ՞, որ այստեղ մենք ենք շահագրգռված կամ Արցախում են շահագրգռված, որպեսզի իրադրությունը լուսաբանվի միջազգայնորեն»:

Պաշտպանն ընդգծեց, որ Արցախում լրագրողները եղել են հատուկ տարբերանշանով, քաղաքացիական մեքենաներով. «Ավելին՝ Մարտունի քաղաքում արկն արձակվել էր Մարտունու քաղաքապետարանի վրա, և լրագրողներն այդ տարածքում էին, որ ստացել են վիրավորումները: Ընդ որում՝ ուզում եմ հատուկ նշել, որ ցանկացած կասկածելի իրավիճակում կանխավարկածը միշտ լրագրողի օգտին է»:

Տեսանյութեր

Լրահոս