«Սա օպերացիա է Իլհամ Ալիևի կապիտալը հազարապատկելու համար, սա Ադրբեջանի ժողովրդի, ազգային փոքրամասնությունների պատերազմը չէ». Կարեն Բեքարյան
«Մեր թշնամին հերթական անգամ ցույց տվեց, որ իր համար չկան կարմիր գծեր, չկան արժեքներ, չկան սրբություններ, գրված ու չգրված օրենքներ». այսօր Արցախում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը և օտարազգի, ինչպես նաև հայ լրագրողներին հրետակոծելու դեպքերին:
«Այս ամենը պատահականության արդյունք չէ: Սա նպատակային արվող աշխատանք է, ցույց տվող, որ կարելի է նաև փորձել թքած ունենալ ցանկացած տիպի նորմերի վրա»,- ասաց Բեքարյանը:
Քաղաքագետը նշեց, որ Թուրքիայի ներգրավվածությունն այս կոնֆլիկտին, որն ակնհայտ է, ամենևին էլ պայմանավորված չէ նրանով, որ Ադրբեջանն ու Թուրքիան եղբայրական պետություններ են: Այստեղ Թուրքիան ունի իր անձնական շահերը, իսկ Ադրբեջանն ամեն պարագայում պարտված է դուրս գալու պատերազմից:
Այսօր առավոտյան Արցախի ԱԺ-ն կոչ էր արել զինակոչով սահման մեկնող Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին՝ կա՛մ չզինվորագրվել, կա՛մ հանձնվել Հայաստանին: Այս կոչին միացավ նաև քաղաքագետը:
«Սա ձեր պատերազմը չէ, սա Իլհամ Ալիևի՝ հերթական անգամ կարողությունը հազարապատկելու պատերազմ է: Ադրբեջանցի զինվորը, որը զոհվում է տանկում, ուղղաթիռում, ռազմի դաշտում, Իլհամ Ալիևին ավելացնում է մոտիվացիա, որ նա հետո սեփական ժողովրդի վրա վաճառի այս ամենը, միլիարդներ ծախսի զենք գնելու համար, իսկ իրականում չծախսի: Սա օպերացիա է Իլհամ Ալիևի կապիտալը հազարապատկելու համար, սա Ադրբեջանի ժողովրդի, հանրության պատերազմը չէ, առաջին հերթին՝ սա Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների պատերազմը չէ»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Ռուսաստանն ու Ֆրանսիան արդեն պաշտոնական մակարդակով փաստել են, որ Արցախի դեմ կռվում են վարձկաններ: Բեքարյանի խոսքով՝ վարձականներին մեր տարածաշրջան բերել է Թուրքիան, և սա պատասխանատվությունից խուսափելու համար է արվում:
«Վարձկանների մահվան համար պատասխան տալու խնդիր չկա, նրանց կարելի է օգտագործել՝ որպես «թնդանոթի միս», ինչը և անում է Ադրբեջանի նախագահը: Նա նաև, զորահավաքի «նրբություններից» օգտվելով, առաջին հերթին մարտի դաշտ է բերում ազգային փոքրամասնություններին, առավել ևս՝ նրանցից ամենաակտիվներին՝ լուծելով հարակից ներքաղաքական խնդիրներ»,- ասաց Բեքարյանը:
Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը հույսը դրել էր այն հանգամանքի վրա, որ հայ ազգը չի կանգնի բանակի թիկունքին, քանի որ Հայաստանում կան ներքաղաքական տարաձայնություններ: Բեքարյանի խոսքով՝ խաղադրույք է արվել նաև նրա վրա, որ Հայաստանի դաշնակիցները չեն օգնի իրեն:
«Գործընկերների, ռազմավարական գործընկերների, հարևանների, դաշնակիցների հետ հարաբերությունները մեկ օրվա չեն, մեկ տարվա չեն և անձերով չեն պայմանավորված: Սա նույնպես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սխալ հաշվարկ է»,- ասաց քաղաքագետը:
Բեքարյանի պնդմամբ՝ տեղի ունեցողի մեջ միջազգային հանրությունն ունի պատասխանատվության իր բաժինը, քանի որ ժամանակին հասցեական մեսիջներ չի ուղարկել Ադրբեջանին:
«Միջազգային հանրությունն այդպես էլ չկարողացավ պատկերացնել, որ այնտեղ կա հոգեկան շեղումներով ռազմաքաղական ղեկավարություն, որը լռությունն ընկալում է՝ որպես խրախուսում: Էլ ի՞նչ լինի, որ հասկանան, որ Արցախի ֆիզիկական գոյության միակ ճանապարհը նրա անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից»,- ասաց քաղաքագետը:
Նա նաև նշեց, որ Թուրքիայի՝ տարածաշրջանում առավել լուրջ ներգրավվածությունը ձեռնտու չէ նաև մեր հարևաններին:
«Թուրքիան այսօր գլոբալ անվտանգային մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի համար»,- ասաց Բեքարյանը: