«Մարտակերտի հետ կապված այդ լուրը բացարձակ ապատեղեկատվություն է․ հակառակորդին նույնիսկ 1 սմ առաջ գնալ չի հաջողվել». Սուրեն Սարումյան

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանի խոսքով՝ երեկ գիշեր արցախյան ռազմաճակատում իրավիճակը շարունակել է մնալ հարաբերականորեն կայուն լարված, որոշ հատվածներում էլ տեղի են ունեցել հրետանային մենամարտեր, ինչպես նաև հրաձգություններ՝ հրաձգային զենքի կիրառմամբ։

«Հակառակորդը փորձել է կատարել զորաշարժեր, իր մարտակարգերը բարելավելու նպատակով, սակայն պաշտպանության բանակի ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են բոլոր շարժերը, մատնանշել բոլոր թիրախները և հաջողությամբ ճնշել։ Այս պահին ևս իրավիճակը շարունակում է մնալ կայուն, հարաբերականորեն կայուն, սակայն լարված։ Հակառկորդի կորուստները երեկվա դրությամբ կազմել են 130 անվերադարձ կորուստ, 260 վիրավոր, 29 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 3 ՏՕՍ ծանր զրահատեխնիկա, 11 տարբեր տիպի անօդաչու թռչող սարքեր»,- Արցախի տեղեկատվական շտաբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Սուրեն Սարումյանը։

Նա ընդգծեց, որ հայկական կողմը պարտավոր է հաշվի առնել իրադրության, իրավիճակի զարգացման բոլոր սցենարները և պատրաստվել բոլոր սցենարների, և՛ վիճակի մարելուն, և՛ ավելի լարվելուն։

«Այս պահին մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման»,-շեշտեց նա։

Անդրադառնալով Մարտակերտում տիրող իրավիճակին, Սուրեն Սարումյանն ասաց, որ հակառակորդի անհաջողություններից մեկը մարտերից հետո խաղաղ բնակավայրերին հասցվող հարվածներն են։

«Երբ թշնամին մարտադաշտում ունենում է անհաջողություններ, անզորությունից սկսում է ռմբակոծել ռազմական նշանակություն չունեցող թիրախներ, այդ թվում՝ ինչպես գիտենք բոլորս երեկ ռմբակոծվել է Մարտակերտը և ցավոք, խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր։ Իհարկե, Մարտակերտի հետ կապված այդ լուրը բացարձակ ապատեղեկատվություն է եղել և այդ ուղղությամբ հակառակորդին նույնիսկ 1 սմ առաջ գնալ չի հաջողվել»,- եզրափակեց Սուրեն Սարումյանը։

Ինչ վերաբերում է հայկական կողմի կորուստներին, Սուրեն Սարումյանը ասաց, որ դրա հետ կապված Պաշտպանության բանակը հրապարակում է բոլոր տվյալները, սեպտեմբերի 30-ին գրանցվել է 23 զինծառայողի կորուստ։

Տեսանյութեր

Լրահոս