Ռազմական դրությունն ինչ է ենթադրում տնտեսական ու ֆինանսական հատվածում

Ադրբեջանի կողմից սանձազերծած հերթական ավանտյուրան ստիպեց Հայաստանում հայտարարել ռազմական դրություն։ Ռազմական դրությունն ունի իր կանոնները ոչ միայն՝ ռազմական, այլև՝ տնտեսական ու ֆինանսական ոլորտներում։ Պետությունը հարկադրված է կենտրոնացնել ունեցած տնտեսական ու ֆինանսական հնարավորությունները՝ թշնամուն դիմակայելու և երկրի անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու համար։

Ըստ այդմ, որպես առաջին քայլ՝ նախատեսվում են փոփոխություններ պետական բյուջեում։ Խոսքը ոչ թե հաջորդ, որի նախագծի շուրջ քննարկումներն արդեն սկսվել են, այլ գործող բյուջեի մասին է։

Ռազմական դրություն հայտարարվելուց հետո՝ ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, կառավարությունն Ազգային ժողովին ներկայացնում է օրենքի նախագիծ՝ ընթացիկ տարվա պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Դրան կցվում է տեղեկանք նաև կառավարության ծրագրում կատարվող փոփոխությունների վերաբերյալ։ Այս նորմն ամրագրված է ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում։

Թե ինչպիսի՞ փոփոխություններ կլինեն բյուջեում, դեռ առիթ կունենանք անդրադառնալու։ Խնդիրը բարդանում է նրանով, որ տնտեսական ճգնաժամի հետևանքով բավական լուրջ դժվարություններ են առաջացել պետական բյուջեի եկամուտների կատարման հետ կապված։

Ինչպես հայտնի է, այս տարի դրանք զգալիորեն շեղվել են նախատեսված ցուցանիշներից։ 8 ամսվա տվյալներով՝ նախորդ տարվանից պակաս է հավաքվել շուրջ 50 մլրդ դրամի հարկային եկամուտ։ Դեռ չհաշված, թե այս տարի ինչքան ավել եկամուտ էր պլանավորված հավաքել։

Եկամուտների թերակատարումը լրացնելու նպատակով, ապրիլին կառավարությունը մեկ անգամ արդեն կատարել է վերանայումներ և ավելացրել բյուջեի դեֆիցիտը։ Խոսքը լրացուցիչ շուրջ 500 մլն դոլարի ներգրավման մասին է։

Ստեղծված նոր իրավիճակում դեռ վաղ է ասել՝ բավարա՞ր են այդ միջոցները, թե՞ ոչ։ Ամեն դեպքում, չի բացառվում, որ առաջանա նոր գումարներ ներգրավելու անհրաժեշտություն։ Թեև դա այնքան էլ հեշտ չի լինելու։

Ամեն դեպքում, այս փուլում ենթադրվում է, որ բյուջեի փոփոխությունները կվերաբերեն հիմնականում ծախսերին։ Նախորդ անգամ, վերանայելով բյուջեի եկամուտները, կառավարությունը չվերանայեց նաև ծախսերը, բայց ծախսային որոշակի շտկումներ այս ընթացքում կատարվել են։ Հիմա դրանք, ըստ ամենայնի, ավելի շատ կլինեն՝ ուղղված երկրի անվտանգության հետ կապված խնդիրների լուծմանը։

Այս պարագայում, ըստ ամենայնի, հետաձգվում են նաև հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամկետները։ Բյուջետային համակարգի մասին օրենքով, փաստաթուղթն Ազգային ժողովին պիտի ներկայացվեր առաջիկա մի քանի օրերին՝ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի 1-2-ին։ Այդ ուղղությամբ քննարկումները կառավարությունում արդեն մեկնարկել էին՝ վարչապետի մոտ անցած շաբաթ հրավիրված խորհրդակցությամբ։ Բայց հավանաբար կընդհատվեն՝ ստեղծված արտակարգ իրավիճակի և հայտարարված ռազմական դրության պատճառով։ Ենթադրվում է, որ դրան անդրադարձ կլինի ավելի ուշ։

Ռազմական դրության պայմաններում, տնտեսական ոլորտում կառավարությունը սահմանում է կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության և բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքները։ Վերահսկում է ռազմական դրության պայմաններում պետության և բնակչության կարիքների, երկրի զինված ուժերի և այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի բավարարման համար անհրաժեշտ արտադրանքի թողարկման գործընթացը։ Սահմանում է սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգ։ Ապահովում է ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, սահմանային, մաքսային և բանկային պետական հատուկ քաղաքականության իրականացումը, սահմանում է ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ` ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումների շրջանակները։

Սրանք տնտեսական ու ֆինանսական հատվածի այն հիմնական ուղղություններն են, որոնց հետ կապված՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկում ռազմական դրության հայտարարման ժամանակ։

Թե ինչպիսի՞ սահմանափակումներ կլինեն հատկապես ֆինանսական ոլորտում, կամ ընդհանրապես կլինե՞ն, թե՞ ոչ, գոնե առայժմ որևէ խոսք չկա։ Ֆինանսական շուկան բավական հանգիստ է, եթե հաշվի առնենք, որ երկիրը գտնվում է ռազմական դրության ու պատերազմական իրավիճակում։ Ազգային արժույթը հիմնականում կայուն է, չնայած որ վերջին օրերին այն մի քանի նիշով հասցրել է արժեզրկվել դոլարի նկատմամբ։

Այս պահին չկան նաև երկրի ֆինանսական կայունությանը սպառնացող վտանգներ։ Կենտրոնական բանկը պահպանում է արտաքին տարադրամային պահուստների բավական բարձր մակարդակ, ինչը կարող է ցանկացած պահի օգտագործել՝ ֆինանսական հնարավոր ցնցումները հարթելու և կայունությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու համար։ Օգոստոսի վերջի դրությամբ ԿԲ արտաքին պահուստները տատանվում են 2,6-2,7 մլրդ դոլարի սահմաններում։

Խնդիրներն ավելի շատ են տնտեսական հատվածում, որտեղ զգացնել է տալիս ճգնաժամը։

Առանց այդ էլ, տնտեսական իրավիճակն այս տարի բարենպաստ չէ, ունենք անկում, որն առաջիկայում կարող է խորանալ՝ նաև մեզ պարտադրված պատերազմի և հայտարարված ռազմական դրության հետևանքով։ Բայց դա չի նշանակում, թե գտնվում ենք անելանելի վիճակում։ Կան ռեսուրսներ և հնարավորություններ, որոնք պետք է մոբիլիզացնել՝ առաջնահերթ խնդիրները լուծելու, երկրին թելադրված մարտահրավերները հաղթահարելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս