Բաժիններ՝

Մի խումբ երիտասարդներ առաջին անհրաժեշտության պարագաներ են հավաքում Արցախի համար

Հանրապետության հրապարակի հարակից այգում մի խումբ երիտասարդներ սեփական նախաձեռնությամբ հավաքում են սննդամթերք, դեղորայք և առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ առաջնագիծ ուղարկելու համար։
Նախաձեռնության անդամ էդգար Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սրանով չեն ցանկանում ասել, որ պետությունը ոչինչ չունի, հակառակը՝ ցույց են տալիս, որ միասնական են և բանակի կողքին։

«Առաջին անհրաժեշտության իրեր են, մեզ մոտ նշված է, որ գումար չենք հավաքում։ 1-2 օրվա ընթացքում այս ամենը կփոխանցենք համապատասխան գերատեսչությանը, որտեղից էլ արդեն կուղարկվի Արցախ։ Այստեղ այսօր մինչև ժամը 02։00-ը կմնանք, վաղը առավոտյան նորից կսկսենք։ Ըստ անհրաժեշտության այս ամենը շարունակական կլինի»,-նշեց Էդգար Խաչատրյանը։

Նման նախաձեռնությամբ են հանդես եկել նաև այլ երիտասարադներ, որոնք որոշել են սնունդ հավաքել։
Նախաձեռնության անդամ Արման Գառնիկյանի խոսքով՝ մեկ տուփ ավելի ծխախոտն առաջնագծում չի խանգարի։

«Հիմնականում բերում են քաղցրավենիք, գումար չենք հավաքում։ Այսօր մինչև կեսգիշեր այստեղ ենք լինելու, վաղն ամբողջ օրը՝ նույնպես, որից հետո կդիմենք Պաշտպանության նախարարությանը այս ամենը առաջնագիծ ուղարկելու համար»,-նշեց Ա.Գառնիկյանը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ադրբեջանական զինուժը արցախադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սկսել է լայնածավալ ռազմական ագրեսիա։

Նարեկ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս