«Եթե Արցախի և Հայաստանի իշխանությունները գտնեն, որ կարիքը կա, կարծում եմ, Մանվել Գրիգորյանը մեկ րոպե չի մտածի». Լևոն Բաղդասարյան

Այսօր առավոտից ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանն այս առիթով հայտարարություն էր տարածել:

«Այնպես չանեն, որ բառաչելով, այս անգամ՝ Բաքուն հետ ուզեն: Ալիևը թող չթևավորվի ներքաղաքական այս իրավիճակից: Ալիևի ատամը չի կարող կտրել Արցախը, որքան էլ երազի դրա մասին»,- գրված էր հայտարարության մեջ:

168.am-ը Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե Գրիգորյանը զբաղվո՞ւմ է կազմակերպչական աշխատանքներով՝ Արցախ կամավորներ ուղարկելու համար:

«Մանվել Գրիգորյանն ուժերի մոբիլիզացիայով չի զբաղվում, վաղուց է, որ պետական պաշտոն չունի, վերջինը Պաշտպանության փոխնախարարն էր, բայց Մանվել Գրիգորյանը՝ որպես Արցախի հերոս, ազատագրական պայքարում իր ուրույն դերակատարությունն ունեցող մարդ, չէր կարող անտարբեր լինել, այդ պատճառով էլ հայտարարություն է տարածել: Այսօր, երբ արցախյան, ինչու ոչ, նաև հայաստանյան սահմանին պատերազմական իրավիճակ է, յուրաքանչյուր մարդ իր չափով պետք է իր գործառույթներն իրականացնի: Թե վաղը, կամ մյուս օրը Մանվել Գրիգորյանն ի՞նչ գործառույթներ կիրականացնի, չեմ կարող ասել, այսօր երեկոյան հանդիպելու եմ:  Ցանկանում եմ փաստել, որ այսօրվա իրավիճակում յուրաքանչյուր քաղաքացի, առավել ևս Մանվել Գրիգորյանի պես անձնավորությունը, որը ոչ միայն տարածքներ ազատագրեց, այլև պահեց և հանձնեց այսօրվա իշխանություններին, պետք է իր ուրույն գործառույթն իրականացնի»,- ասաց Բաղդասարյանը:

Մեր հարցին, թե Մանվել Գրիգորյանն իր զինվորական ընկերներին, իր աջակիցներին կոչ արե՞լ է կամավորագրվել, միանալ զորահավաքին, Բաղդասարյանը պատասխանեց.

«Մանվել Գրիգորյանը կոչ է արել բոլոր քաղաքացիներին, այդ թվում նաև իր կողմնակիցներին, իր զինվորներին, որ կանգնեն պետության կողքին, նեցուկ լինեն, որ այս արհավիրքից կարողանան դուրս գալ»:

Հայտնի է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը բարվոք չէ: Նա երկար ժամանակ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Մեր հարցին, թե Մանվել Գրիգորյանն ի վիճակի կլինի՞ անձամբ գնալ Արցախ, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց.

«Ցավոք, հիվանդությունները բազմաթիվ են և լավագույն դեպքում, եթե գնա, շտապ օգնության մեքենայով պետք է գնա: Եթե Արցախի և Հայաստանի իշխանությունները գտնեն, որ կարիքը կա, նման դեպքում, կարծում եմ, նա մեկ րոպե չի մտածի: Զուտ բժշկական տեսանկյունից ռիսկայինությունը բավականին բարձր է»,- ասաց Բաղդասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս