«Ուզում եմ դիմել Ադրբեջանի ղեկավարությանը՝ հանկարծ չսպասեք, որ Հայաստանի Հանրապետությունը կպարտվի». Սասուն Միքայելյան
«Ես ուզում եմ անդրադառնալ իմ գործընկերների այն հարցինմ թե ժամանակն է հանրաքվե անցկացնել և Արցախը միացնել Հայաստանին՝ այդ պատերազմը այս հանրաքվեն է, մեր հաղթանակը հենց այդ հանրաքվեն է: Հանրաքվե պետք չի անցկացնել»,-այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Նա նկատեց, որ առավոտյան սկսված ռմբակոծությունը չի եղել դիրքերում, այլ եղել է նաև խաղաղ բնակչության վրա. «Այսինքն՝ սա այն ձեռագիրն է, որ ադրբեջանցիք արեցին 90-ական թվականներին, որ ուզում էին տեղահանել Արցախի ազգաբնակչությանը՝ իր բնօրանից: Եվ այսօր նույն ձեռագրով Ադրբեջանն ուզում է այն քայլն անել, որ Արցախը ազատի արցախցիներից: Ո՛չ, դա չի լինի: Ես մի քանի զուգահեռներ կանցկացնեմ նախորդ պատերազմից: Նախորդ պատերազմը նույնպես պարտադրված պատերազմ էր, այսօր էլ է պարտադրված պատերազմ: Նախորդ պարտադրված պատերազմը եղել է անհավասար թե՛ մարդկային թվաքանակով, թե՛ զինտեխնիկայով: Ուզում եմ դիմել Ադրբեջանի ազգաբնակչությանը, Ադրբեջանի ղեկավարությանը՝ երբեք պարտության չսպասեք, հանկարծ չսպասեք, որ Հայաստանի Հանրապետությունը կպարտվի: Սա մեր վերջին կռիվն է, որ փառքով ենք տալու: Մեր ու մանուկ, ամբողջ ազգով կանգնելու ենք և հաղթելու ենք: Այն պատերազմում, որ անհնար էր, ոչ ոք չէր պատկերացնում, որ մենք կարող ենք հաղթել, բայց հաղթեցինք: Ուզում եմ, որ բոլորս գիտակցենք և հասկանանք՝ սա լուրջ պատերազմ է, որ մենք պետք է համախմբված կարողանանք դիմակայել և հաղթել»:
Նա կոչ արեց ՀՀ ազգաբնակչությանը, բոլոր կուսակցություններին, իր մարտական ընկերներին, բոլոր այն մարդկանց, որոնք տարբեր հայացքների տեր են՝ համախմբվել. «Համախմբվել՝ մեր ազգի գոյատևման, մեր պայքարի, մեր պատերազմի հաղթանակի շուրջ: Երբեք թող ադրբեջանցին չմտածի, իրանք լավ գիտեն, որ հայը համախմբված ժամանակ պատմականորեն երբեք չի պարտվել: Ես ուզում եմ դիմել մեր ազգաբնակչությանը՝ բնական է, որ հարձակվող կողմը միշտ էլ ուժեղ է եղել, և այսօր եթե մենք դիրքային կորուստներ ենք ունեցել, երբեք թող ոչ մեկի չընկճի, և երբեք մենք պանիկայի մեջ չպետք է ընկնենք: Այսօր ես գնահատում եմ, որ մենք ամուր ենք կանգնած մեր սահմանում, հայ զինվորը ամուր է կանգնած սահմանում, որովհետև այդ լայնածավալ հարձակման ընթացքում դիրքային, ինչ-որ տեղ, զիջումներ կլինեն, որովհետև իրենք են հարձակվել: Եթե իրանք չգտնեին, որ ուժեղ են, պատրաստված չլինեին, չէին հարձակվի: Ուզում եմ ասել, որ մենք Մարտակերտն էլ ենք տվել՝ մի տարի հետո հետ ենք վերցրել: Եվ ուզում եմ ասել, որ հիշենք սպարապետի կոչը մահապարտներին՝ մենք օրերն ենք ապրել՝ դաժան ու ծանր, բայց համախմբված մարդիկ գիտակցել են, որ գնում են զոհաբերության: Մենք գիտակցում ենք, որ գնում ենք զոհաբերության հանուն ՀՀ-ի, Արցախ աշխարհի, մեր ժողովրդի ապագայի»:
Նա ընդգծեց. «Մենք ոչ մի թիզ հող չունենք տալու: Ադրբեջանի ձեռքով Թուրքիան իր խնդիրն է լուծում, եթե մենք չկանգնենք այս պատերազմի դեմ, մենք գնալու ենք նորից ցեղասպանվելու: Այսօր միջազգային հանրության կարծիքը թող մնա դիվանագետներին. հաղթողն է միշտ ժպտում: Այսօր մեր միակ գործը այս հաղթանական է»: