«Բոլորս պատրաստ ենք զոհվել, բայց հիմա զոհելու ժամանակն է. հիմա պետք է զոհենք մեզ վրա հարձակվողներին». Էդմոն Մարուքյան

«Այո, բոլորս պատրաստ ենք զոհվել, բայց կարծում եմ՝ հիմա ժամանակն է զոհելու, հիմա մենք պետք է զոհենք մեզ վրա հարձակվողներին: Մենք չպետք է զոհվենք, մենք պետք է ապրենք և պետք է լուծենք այս հարցը և չթողնենք մեր երեխաներին: Մենք պետք է այս պատերազմով լուծենք այս հարցը՝ վերջնականապես»,-ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ ինչ ունեինք կորցնելու՝ կորցրել ենք. «Տարիներ շարունակ ասել ենք՝ եկեք՝ փխրուն խաղաղությունը պահպանենք, քանի դեռ բանակցում ենք, քանի դեռ ուրիշ աշխարհում ենք ապրում: Հիմա մենք ապրում ենք ուրիշ աշխարհում, պարոն վարչապետ. Հիմա մենք ապրում ենք ուժեղների աշխարհում և աշխարհը հիմա նայում է՝ տեսնի՝ որ կողմը որքան կկարողանա հաջողություն գրանցել, կգա կարձանագրի այդ կողմի արձանագրածը»:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ չի ուզում, որ այս պատերազմի համատեքստում ապագայում լինեն խոսակցություններ, թե՝ մենք կարող էինք այսինչ բանը անել, սպասում էինք հրամանի. «Պարոն վարչապետ, այսօր ժամը 4-ից սկսած, երբ ռազմական դրությունը ուժի մեջ է մտել, Դուք ստանձնել եք գերագույն գլխավոր հրամանատարի առաքելություն, հետևաբար՝ տվեք ամբողջական հրամաններ, տվեք հրամաններ՝ շարժվել առաջ և բոլորով գնանք առաջ: Եթե այս պատմությունը թողեցինք կիսատ, մենք շարունակելու ենք արնաքամ լինել, իսկ մենք արնքակամ ենք լինում 25-ից ավել տարի, մենք արնաքամ ենք լինում ամենօրյա ռեժիմով: Ավելի լավ է մեկ անգամ արնաքամ լինենք, բայց վերջնական այս խնդիրը լուծենք»:

Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, Էդմոն Մարուքյանն ընդգծեց. «Ժամը 8-ից արթնացել ենք և նամակներ ենք գնում. ողջ աշխարհին նամակներ ենք գրել, պարոն վարչապետ: Հուլիսի պատերազմի ենք գրել, ապրիլյան պատերազմին ենք գրել, մեր գլուխները կտրած զինվորների նկարներն ենք տվել այն ժամանակ, հիմա, միշտ ենք տալու, բայց աշխարհը փոխվել է. սա այն հին՝ մարդու իրավունքների աշխարհը չի, ուրիշ աշխարհ է, և այս առումով՝ մենք պետք է մեր իրավունքները պաշտպանենք, և որևէ ձևով որևէ մեկը չի կարող մեզ դատապարտել: Այո, մենք Ցեղասպանություն տեսած ազգ ենք, և նույն Ցեղասպանություն իրականացնողները ուզում են էլի Ցեղասպանություն իրականացնեն՝ 100 տարի անց: Մենք մեզ պաշտպանում ենք Ցեղասպանությունից և դրա համար ստեղծել ենք պետություն: Եվ երկրորդ հայկական պետությունը Ցեղասպանության վտանգի տակ է և բոլորս ենք Ցեղասպանության վտանգի տակ: Կամ բոլորով կանգնում ենք և կանգնեցնում ենք Ցեղասպանությունը, կամ շարունակելու ենք արնաքամ լինել»:

Տեսանյութեր

Լրահոս