«Քաղաքական բոլոր ուժերը մի կողմ են դրել տարաձայնությունները». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ վաղ առավոտից Ադրբեջանի ռազմական ագրեսիայի առնչությամբ իրենք դիմել են միջազգային բոլոր գործընկերներին և որոշ հայտարություններ կան, որոշներ էլ դեռ սպասվում են։
«Պատերազմը հիմա մարտադաշտում է և մարտադաշտում է ամեն ինչ որոշվելու։ Վերջին հաշվով դիվանագիտությունը, քաղաքականությունն, ըստ էության, պետք է ամրապնդեն ռազմադաշտում տեղի ունեցողը, որովհետև դիվանագիտությունն ու քաղաքականությունը չեն կարողացել այնպես անել, որ ռազմադաշտում չսկսվի պատերազմ։ Հետևաբար հիմա այդ հայտարարությունները չեն կարող որևէ դերակատարում ունենալ, որովհետև, երբ Ադրբեջանը նման լայնածավալ պատերազմի է նախապատրաստվել, նաև դրա միջազգային սոուսն է նախապատրաստել։ Այս սոուսն էլ նախապատարստելիս մենք մեր գործն արել ենք»,-այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյան։
Ըստ նրա, այս պայամաներում պետք է բոլորը մեկ մարդ դարձած լինեն իրենց տեղերում և սպասեն հրահանգների։
Ինչ վերաբերում է ԱԺ այսօրվա հատուկ նիստին, Էդմոն Մարուքյանը նշեց, որ չի բացառվում, որ դրանից հետո ԱԺ արտահերթ նիստ հրավիրի։
«Քաղաքական բոլոր ուժերով նաև հայտարարություն ենք ստորագրել, որոնք առավոտյան ըստ էության հայտարարել են, որ բոլոր տարաձայնությունները մի կողմ են դնում։ Հետևաբար սպասեք նիստին, ես դեռ չեմ կարող ասել, նիստը բաց կլինի, թե՝ փակ, ենթադրում եմ, որ նիստը փակ կլինի, սպասենք՝ տեսնենք։ Մարգարե պետք չէր լինել, որ իմանային պատերազմ է լինելու, սրա մասին բազմաթիվ վերլուծականներ կային »,-նշեց Է. Մարուքյանը։
Նա նաև ընդգծեց, որ երկար ժամանակ բանակցություններ չկային, ուստի բոլորի համար էլ կանխատեսելի էր, որ լինելու է պատերազմ։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին չդիմելուն, Էդմոն Մարուքյանն ասաց, որ ԱԺ նիստի ժամանակ դա էլ կքննարկեն։ Նրա կարծիքով, երբ ասում են ՀԱՊԿ պետք է հասկական, որ նրա շարժիչ ուժը Ռուսաստանի Դաշնությունն է և այս պահին ամեն ինչ կախված է նրանից։
«ՀԱՊԿ-ի գլխավոր երկիրը Հայաստանում ունի ռազմաբազա, հետևաբար ՀԱՊԿ-ի մասով ամեն բան կախված է ՌԴ-ից, կքննարկենք, եթե կարիք լինի ՀԱՊԿ-ին դիմելու, ապա կդիմենք»,-շեշտեց նա։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել․ այս մասին Ֆեյսբուքում https://168.am/2020/09/27/1373101.html գրել էր Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։