«Ալիևը ռազմական հանցագործ է, նա պետք է դատվի ռազմական հանցագործի բոլոր ատրիբուտներով». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ որպես ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, նամակով արդեն դիմել է բոլոր միջազգային կառույցներին՝ նշելով, որ Ադրբեջանը խախտելով մարդու իրավունքների բոլոր նորմերը, միջազգային կոնվենցիաները լայնամասշտաբ գործողություններ է սկսել հայկական սահմանի ողջ երկայնքով։

«Ռմբակոծության թիրախի տակ են քաղաքացիական անձինք, ենթակառուցվածքներ։ Միջազգային հանրության լռությունը, գուցե այս պահին տամ կոշտ գնահատական, բայց այդ լռությունը՝ հեզաճկուն, դիվանագիտական ձևակերպումներով նրան դարձնում է այս ամենի հանցակիցը։ Բոլորիս համար ակնհայտ էր, որ վերջին շրջանում Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին ուղղակիորեն նախապատրաստվում էր լայնածավալ հարձակման։ Զինուժի կուտակումը Նախիջևանում, Թուրքիայի էլիտայի հայտարարությունները և Ալիևի վերջին օրերի ցինիկ պահվածքը, ակնհայտ էին դարձնում, որ Ադրբեջանն ըստ էության դուրս է գալիս բանակցություններից և գնում ռազմական սադրանքի։ Միջազգային հանրությունը րոպե առաջ պետք է հստակ ու հասցեական գնահատական տա կատարվածին»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ նրա, անհայտ է, թե մեկ կամ երկու ժամ հետո ինչ է լինելու սահմանին, հետևաբար՝ այս անգամ միջազգային հանրությունը պետք է զերծ մնա դիվանագիտական, հեզաճկուն ձևակերպումներից և կոնկրետ գնահատական տա։

«Ադրբեջանը ռազմական հանցագործ է. Ալիևը ռազմական հանցագործ է, Ալիևը պետք է դատվի ռազմական հանցագործի բոլոր ատրիբուտներով։ Չկա միջազգային որևէ կոնվենցիա, որն այս պահին Ադրբեջանը խախտած չլինի։ Ես առաջարկում եմ, որ ԱԺ բոլոր երեք խմբակցությունները մի կողմ դնեն բոլոր ներքաղաքական օրակարգերի տարբերությունները և համախմբվեն։ Այսօր մենք ունենք մեկ թշնամի՝ Ադրբեջանին ու Թուրքիային։ Ես կառաջարկեմ, որ ԱԺ երեք խմբակցությունները համատեղ դիմեն միջազգային կառույցներին, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահներին, որովհետև քիչ առաջ տարածվեց նրանց հայտարարությունը, որից ես խիստ հիասթափված եմ»,- հավելեց պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս