«Նոր պատերազմը ձեռնտու է Ադրբեջանին». Մոդեստ Կոլերով
«Նման մասշտաբի ռազմական գործողություններ Արցախյան հակամարտության գոտում սպասելի էին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտից ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով բռնկված մարտական գործողություններին:
Մոդեստ Կոլերովը նախ նշեց, որ Ռուսաստանում ևս տագնապով հետևում են այն տեղեկություններին, որոնք ստացվում են հակամարտության գոտուց և ակնկալում են իրավիճակի շուտափույթ հանդարտեցում: Կոլերովն ասաց, որ վերջին մեկ տարվա ընթացքում անընդհատ խոսում է այն մասին, որ սրացում, լայնամասշտաբ ռազմական գործողություններ հնարավոր են ցանկացած պահի՝ դատելով բանակցային սեղանին ստեղծված իրավիճակից: Բայց, նրա խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններից հետո պարզ դարձավ, որ նման զարգացում իսկապես լինելու է և դա ունի Թուրքիայի աջակցությունը, դրան պատրաստ էր թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական միությունը և պարզ է, որ պետք է ակնկալել նաև համանախագահներկի պատշաճ աշխատանք և դա կլինի:
«Ես չեմ կարող հետևել իրավիճակին և ասել, թե ինչպես է սկսվել այս իրավիճակը: Իրավիճակային վերլուծություն կդժվարանամ անել, բայց միանշանակ է, որ նման գործողությունները ձեռնտու են Ադրբեջանին և ոչ Արցախին, նոր պատերազմը ձեռնտու է Ադրբեջանին: Կարծում եմ, որ ներկայումս ամեն ինչ կախված է լինելու այն հանգամանքից, թե որքանով է արդյունավետ լինելու հայկական կողմի պատասխանը այդ հարձակմանը: Դատելով կորուստների առաջին թվերից, ցուցանիշներից, որոնք կրել է ադրբեջանական կողմը՝ պատասխանը հայկական կողմի լիովին արդյունավետ է և ներկայումս Ադրբեջանը թեստավորում է Ղարաբաղի պաշտպանությունը և Ղարաբաղը լիովին հաղթահարում է իր առջև դրված խնդիրը»,-ասաց Մոդեստ Կոլերովը, դա որակելով այս պահիօն ամենաորոշիչ գործոն:
Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Կոլերովի հավաստիացմամբ, պայքարելու է հանուն կրակի դադարեցման:
«Ակնհայտ է, որ Թուրքիայի միջամտության հարցը շատ արդիական է, դա կարող է լինել, բայց համանախագահող երկրները կանեն ամեն ինչ, որպեսզի չեզոքացնեն այդ վտանգը կամ արդեն միջամտությունը»,- ասաց ռուս քաղաքական վերլուծաբանը:
Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը կարճ հաղորդագրություն է հրապարակել, որում նշված է. «Կտրուկ սրվել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Շփման գծում երկու կողմից ինտենսիվ կրակոցներ են։ Կորուստների մասին տեղեկություններ են ստացվում։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու նպատակով»։