Սրտի անհետաձգելի վիրահատությունների, հեմոդիալիզի անցկացման ու երեխաների բժշկական օգնության համար տրվող ֆինանսական միջոցները նվազեցվել են

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության համաձայնությանն է ներկայացրել նախագիծ, որով փոփոխություն է կատարվել 2019 թվականի պետական բյուջեով «Առողջապահություն» բաժնի ծրագրերի ֆինանսավորման հատվածում. մի շարք ծրագրերի համար ֆինանսավորումը նվազեցվել է, իսկ որոշ ծրագրերի համար՝ ավելացվել։

Մասնավորապես, «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման ֆինանսական միջոցները նվազեցվել են 255 միլիոն դրամով, «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման ֆինանսական միջոցները՝ 160 միլիոն դրամով, իսկ «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» միջոցառման ֆինանսական միջոցները՝ 60 միլիոնով։

Նվազեցվել են նաև «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման ֆինանսական միջոցները 400 միլիոն դրամով, ինչպես նաև «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» միջոցները՝ 150 միլիոնով, իսկ «Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման ֆինանսական միջոցները նվազեցվել են 100 միլիոնով, իսկ «Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ» միջոցառման ֆինանսական միջոցներն էլ նվազեցվել են 160 միլիոն դրամով։

Որպես գումարների նվազեցման պատճառ՝ Առողջապահության նախարարությունը նշել է պլանային դեպքերի դիմելիության անկումը՝ հիմնվելով կանխատեսումների վրա։

Օրինակ՝ նախարարությունը կանխատեսել է, որ մինչև տարեվերջ կունենանք երեխաների բժշկական ծառայությունների պլանային դեպքերի նվազում 1940-ով, սրտի անհետաձգելի վիրահատությունների դեպքերի նվազում՝ 80-ով, մանկաբարձական բժշկական օգնության ծառայությունների դեպքերի նվազում՝ 1061-ով։

Թե ինչպես է նախարարությունը կանխատեսել դեպքերի նվազում և ոչ, օրինակ, ավելացում, պարզ չէ։

Ինչևէ, այս ծրագրերի իրականացման համար նախատեսած միջոցների կանխատեսվող նվազեցումների շրջանակներում առաջարկվում է կատարել ավելացումներ։

Մասնավորապես, կավելանան «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման ֆինանսական միջոցները 70 միլիոն դրամով, «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի միջոցառման ֆինանսական միջոցները՝ 944 միլիոն դրամով, «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման ֆինանսական միջոցները՝ 100 միլիոն դրամով, «Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման ֆինանսական միջոցները՝ 80 միլիոնով, իսկ «Դատաբժշկական փորձաքննություններ» միջոցառման ֆինանսական միջոցները՝ 91 միլիոն դրամով։

Այս ուղղություններով ֆինանսական միջոցների ավելացումը դարձյալ հիմնված է Առողջապահության նախարարության արած կանխատեսումների վրա. օրինակ, ըստ այդ կախատեսումների, անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունների համար դիմողների թիվը մինչև տարեվերջ կավելանա 598-ով, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության համար դիմողներինը՝ 5729, իսկ ահա հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության համար դիմողների թիվը՝ 186-ով:

Թե ի՞նչ ելակետային տվյալների վրա է Առողջապահության նախարարությունը որոշել, որ, օրինակ, հոգեկան առողջության խնդիր ունեցողների դիմելիության աճ է լինելու մինչև տարեվերջ, Կառավարության հաստատած նախագծում ներկայացված չէ։

Տեսանյութեր

Լրահոս