«Ես շատ կուզեի, որ վարչապետը հերքեր Ալիևի հայտարարությունը, թե գործարք է եղել Ալիևի հետ՝ Դուշանբեի վերելակում». Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան զավեշտալի է համարում Ալիևի այն հայտարարությունները, թե հայկական կողմն է տապալել բանակցային գործընթացը:
«Դա, ի սկզբանե, անհեթեթություն է, որովհետև Տավուշի դեպքերից հետո արտգործնախարար փոխում է անձամբ ինքը՝ Ալիևը: Ինստիտուցիոնալ հիշողություն և մեծ փորձ ունեցող Մամեդյարովին նա փոխարինում է բացարձակ դիվանագիտական փորձ չունեցող և բանակցային գործընթացի հետ կապ չունեցող իրավաբան, տնտեսագետի հետ: Այն պահից, երբ նշանակումը եղավ, փորձագիտական շրջանակները խոսում էին այն մասին, որ մի քանի ամիս պարալիզացված է լինելու բանակցային գործընթացը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Անժելա Էլիբեգովայի խոսքով՝ նման հայտարարություններով Ալիևը փորձում է իր ապագա ագրեսիան արդարացնել. «Այս հռետորաբանությունը և դրան զուգահեռ գնացող ազդակները, որ տալիս է Ադրբեջանը, Թուրքիայի ակտիվ ներգրավումը պրոցեսում, բացի այդ՝ Ադրբեջանի ներքին լսարանի ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելը, իր կորուստները չթաքցնելը և դրանով հիստերիան ավելի սրելը հայկական կողմի վրա, այս ամենը կար նաև Տավուշի ժամանակ, և նույնը մենք տեսնում ենք հիմա: Այսինքն՝ կարելի է ակնկալել, որ Ադրբեջանը պարտաստվում է սադրանքի, և միամիտ կլիներ մտածել, որ Իլհամ Ալիևը չի փորձելու վրեժ լուծել տավուշյան ջախջախիչ պարտության համար, որովհետև իր վրա դա շատ ծանր կնստի: Իրեն պետք է այդ ռևանշը, և ինքը փորձելու է դա անել: Նման դեպքեր մենք տեսել ենք նախկինում»:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարվել էր մեկնաբանել Ալիևի հայտարարությունները՝ դրանք որակելով հուզական: Անժելա Էլիբեգովան նկատեց՝ պետք էր հերքել Ալիևի՝ ապատեղեկատվություն պարունակող բոլոր թեզերը. «Ալիևի հայտարարությունների շատ փաստարկված հերքումը պետք է տրվեր, որպեսզի միջազգային հանրությունը լսեր նաև հայկական կողմի մոտեցումը և հայկական կողմի արգումենտացիան այդ հարցի շուրջ: Ալիևը փաստացի մեզ մեղադրեց պատերազմի պատրաստվելու մեջ, մենք ասացինք, որ դա Ալիևի հուզական երևակայությունն է կամ հիասթափեցնող հայտարարություններ են: Միգուցե դիվանագիտական խողովակներով աշխատանք տարվում է դա բացատրելու համար, բայց դա նաև պետք է տեղեկատվական պատերազմում երևա, այսինքն՝ հայկական կողմը իր քարոզչական թեզերը հիմա պետք է նետի նաև միջազգային հանրությանը հասցնելու համար, թե ինչու է ստում Ալիևը: Ալիևը և՛ միջազգային, և՛ ներքին, և՛ մեր հանրությանը պատրաստում է գալիք սադրանքներին՝ մեղադրելով մեզ: Հիմա Ալիևը ինչ էլ անի՝ կանգնելու է ասի՝ ժողովուրդ ջան, ես ձեզ զգուշացրել էի, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի: Այսինքն, մեր խնդիրն է՝ հիմա բացատրել՝ մեզ այդ պատերազմը բացարձակ պետք չէ, դա պետք է Ալիևին»:
Ադրբեջանի հարցերով փորձագետն ընդգծեց՝ վերջին օրերին Ալիևը բավականին ինտենսիվ քարոզչական հարձակում է գործում. «Նրանից հետո իր միտքը շարունակեց Ադրբեջանի պաշտպանության նախարարը, դրանից հետո Թուրքիան միացավ, որովհետև ադրբեջանական կողմը հայտարարեց՝ մեկ զոհ, և փառքով-շուքով հուղարկավորություն կազմակերպեց, իսկ դա բնորոշ չէ Ադրբեջանին, որովհետև իրենք սովորաբար հակված են թաքցնել իրենց զոհերին, այդ թաղումներն անցկացնել այնպես, որ չերևա, չլսվի և հանրության մեջ չբորբոքվի բողոքի ալիքը: Այստեղ իրենք գնացին հակառակ ճանապարհով և Իլհամ Ալիևի ելույթից հետո դա ուռճացրին, Թուրքիան միացավ, ասացին, որ դա իրենց զինվորն է, այսինքն՝ նույնականացման գործընթաց է գնում՝ թուրքերի և ադրբեջանցիների: Քարոզչական դաշտում իրենց համատեղ աշխատանքն են տեսնում, որովհետև մի քանի ամիս առաջ իրենք համաձայնագիր ստորագրեցին, որ տեղեկատվական ընդհանուր հարթակ են ստեղծում՝ ներդնելով իրենց բոլոր ռեսուրսները, որպեսզի համատեղ ուժերով հայկական կողմի դեմ պայքարեն: Դրա արդյունքները մենք արդեն սկսում ենք տեսնել: Այս պարագայում, երբ հայկական կողմն ուղղակի անտեսում է դա կամ արհամարհում է, կամ մեկնաբանելու, հակազդելու, հակագրոհի կամ տեղեկատվական դաշտում հարձակվելու անհրաժեշտություն չի տեսնում, դա փորձագետներիս համար բավական մտահոգիչ է»:
Ալիևը նաև հայտարարել էր, թե 2018թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իրենք ապրում էին այն հույսով, որ Հայաստանի նոր իշխանությունը կուղղի նախկին «սխալ քաղաքականությունը». «Այդ միտքն էլ ավելի ամրապնդվեց հատկապես Դուշանբեում Հայաստանի վարչապետի հետ իմ հայտնի հանդիպումից հետո։ Այն ժամանակ ինձ խնդրեցին նրանց ժամանակ տալ, իբրև Հայաստանում ներքին իրավիճակը ծանր է, բարդ է, նախկին իշխանության ներկայացուցիչները ուզում են ռևանշ վերցնել, ինչը բացասականորեն կազդի բանակցային գործընթացի վրա։ Իբր նրանք հակված են բանակցություններին, ուզում են կարգավորել հարցը, և խնդրեցին ամրապնդել հրադադարի ռեժիմը։ Իսկ ես ասացի, որ մենք պետք է լուրջ բանակցություններ անցկացնենք, և այդ դեպքում, իհարկե, հրադադարի ռեժիմը կդառնա ավելի ամուր»:
Անժելա Էլիբեգովայից հետաքրքրվեցինք՝ երկար տարիներ զբաղվում է այս հարցերով, թերևս բոլորից լավ է ծանոթ Ալիևի հայտարարություններին. արժանահավա՞տ են այս հայտարարությունները, թե՞ ոչ:
«Ես շատ կուզեի, որ վարչապետը հերքեր Ալիևի այդ հայտարարությունը, թե ինքը ինչ-որ բան է խնդրել Ալիևից, առավել ևս՝ խնդրել է հրադադար պահպանել, մինչև ամրապնդվի իշխանությունը: Ես շատ կուզեի, որ հերքվի, որ նման գործարք է եղել Ալիևի հետ՝ Դուշանբեի վերելակում: Դրա մասին հաճախ խոսվում է փորձագիտական կամ քաղաքական դաշտում, որ նման գործարք եղել է, և դրա հետևանքները ակնհայտ երևացել են հետո: Ես շատ կուզեի, որ դա հերքվեր, բայց չի հերքվում պաշտոնական մակարդակում: Ես չունեմ հիմք՝ հավատալու Ալիևին, բայց ես նաև շատ եմ ուզում լսել հստակ հերքում, որ ինչ-որ բան Ալիևից խնդրվել է Դուշանբեի վերելակում: Ես կարծում եմ, որ մեր հանրությունն էլ է ուզում դա լսել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում