«Կա հանրային մեծ դժգոհություն և երեք ուժերը հնարավորություն են ընձեռում այդ ձայնը լսելի դարձնելու համար». Իվետա Տոնոյան
Հոկտեմբերի 8-ին ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունը և ԲՀԿ-ն համատեղ հանրահավաք կանցկացնեն, այս մասին երեք ուժերն արդեն հայտարարություն են տարածել:
«Ինչպես գիտեք, այս երկու քաղաքական ուժերի հետ ԲՀԿ-ի գործակցությունը մի քանի ամսվա պատմություն ունի: Համագործակցությունը շատ արդյունավետ ընթացել է աշխատանքային խմբի ձևաչափով, այս ժամանակահատվածում բազմաթիվ նախաձեռնություններ են կյանքի կոչվել, գնահատականներ են հնչեցվել և հիմա գործընթացը թևակոխում է հանրահավաքի անցկացման կազմակերպչական փուլ»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Իվետա Տոնոյանը:
Ըստ նրա, բազմաթիվ անգամ ասել են, որ նախորդող երկու տարիների ընթացքում հանրության ամենալայն զանգվածների և շերտերի հույսերն այդպես էլ իրականություն չեն դարձել և այսօր հանրային օրակարգում կա լայն հանրային դժգոհություն:
«Հանրության ձայնը լսելի դարձնելու նպատակով երեք քաղաքական ուժերը հրավիրում են հանրահավաք, որի ելույթների ու օրակարագի մասին մանրամասներ առաջիկայում կհայտնենք, սակայն այս պահին մենք փաստն ենք արձանագրում, որ կա հանրային մեծ դժգոհություն և այս երեք ուժերը հնարավորություն են ընձեռում այդ ձայնը լսելի դարձնելու համար»,- շեշտեց նա:
Հարցին՝ կա՞ր մտավախություն, որ հանրահավաքը չէին հաջողի, այդ պատճառով էլ ներգրավել են ՀՅԴ-ին և «Հայրենիք» կուսակցությանը Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ նման մտավախություն չեն ունեցել, քանի որ ԲՀԿ-ն մեծ հանրային մեծ վստահություն վայելող ուժ է:
«Մենք խորհրդարանական ընտրություններում հարյուր հազարից ավելի վստահության քվե ենք ստացել և անկախ այն հանգամանքից, թե որքան է եղել մեր ընտրողների քանակը, միայն այն հանգամանքը, որ մենք այսօր տարբեր խմբերի կողմից ստանում ենք աջակցության ազդակներ, արդեն բավական է: Խոսքը վերաբերում է այն մարդկանց, որոնք այս օրերին բարձրաձայնում են ամենատարբեր ոլորտներում առկա խնդիրների մասին: Մենք երեք ուժերով որոշել ենք միասնական հանդես գալու, քանի որ մեր օրակարգը միասնական է, ինչի մասին մենք արդեն խոսել ենք»,-ընդգծեց Իվետա Տոնոյանը: