«Կոռուպցիան նաև աշխատավարձ ստանալն ու չաշխատելն է, այնպես որ, մենք չպետք է ասենք, որ այսօրվա իշխանությունները կոռումպացված չեն». Սրբուհի Գրիգորյան

29-ամյա անկախ Հայաստանում այժմ իշխանության են եկել քաղաքական գործիչներ, որոնք ունեն վտանգավորության աստիճանի բարձր ինքնագնահատական, իսկ այս առումով որքան էլ այս իշխանությունը չցանկանա համեմատվել նախորդ իշխանության հետ, այնուամենայնիվ, կա մի բան, որ այս իշխանությունը շատ նման է նախկիններին. եթե նախկիններն ասում էին՝ մենք պատերազմել ու հաղթանակել ենք, ապա այսօրվաններն ասում են, որ քայլել ու հեղափոխություն են արել։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

«Այսօրվա իշխանությունը երկիրը հետ է տանում իր անկարողությամբ և մեծամտությամբ։ Շատ նախարարներ ունենք, որոնք իրենց տեղում չեն, անկարող են, իսկ կոռուպցիան միայն փող վերցնելը չէ. կոռուպցիան նաև աշխատավարձ ստանալն ու չաշխատելն է, իսկ մենք այսօր այդպիսի նախարարներ ունենք, այնպես որ, մենք չպետք է ասենք, որ այսօրվա իշխանությունները կոռումպացված չեն։ Ես կոչ պետք է անեմ վարչապետին, որն ասում է, որ հեռու է իզմերից, թոթափի քայլիզմը և կառավարություն հրավիրի աշխատելու մասնագետների։ Պետք է պայման դնեն, որ ոլորտը տալիս են այս կամ այն մասնագետի՝ առանց վարչապետի միջամտության, պետք է փորձեն այդպես անել, հակառակ դեպքում, բոլոր ոլորտները մշակույթի օրն են ընկնելու։ Հիմա ասֆալտել են կրթությունն ու կատոկել մշակույթը. չպետք է այսպես անել»,- ասաց Սրբուհի Գրիգորյանը։

Հարցին, իսկ ի՞նչ են անում իրենք՝ դա թույլ չտալու համար՝ որպես ընդդիմադիր խմբակցություն, Սրբուհի Գրիգորյանը պատասխանեց, որ որպես խորհրդարանական ընդդիմություն՝ ինչ կարողանում՝ անում են։ Գրիգորյանը հիշեցրեց իրենց խմբակցության՝ խորհրդարան տարած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցը, և հավելեց՝ խորհրդարանում կա 88 իշխանական պատգամավոր, ուստի իրենց բարձրացրած հարցը լուծել չեն կարողանում։

«Մենք՝ որպես փոքր խմբակցություն, անում ենք ամեն ինչ, մինչդեռ, օրինակ, կառավարությունը կարանտին է հայտարարել, և առնվազն երկու կարևոր ոլորտի նախարար գնացել է արձակուրդ»,- ասաց պատգամավորը։

Ըստ նրա՝ պետական կառավարման բոլոր ոլորտները ձախողված են, իսկ ոլորտների անկումների պատճառն այնտեղ աշխատող ոչ պրոֆեսիոնալներն են։

«Վարչապետն առաջնորդվում է իր թիմակիցներին պաշտոններ տալով, և սա ո՛չ ինքը, ո՛չ էլ որևէ քաղաքական ուժ չի կարող հերքել, իսկ եթե վարչապետը ստոպ չտա և պրոֆեսիոնալների չհավաքի, այս ամեն ինչը խորանալու է վաղ թե ուշ։ Այս կառավարությունը գուցե քննադատվի ավելի շատ, քան նախկինները, որովհետև անկարողությունը ևս մեծագույն մեղք է՝ հղի ականխատեսելի հետևանքներով»,- ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով այսօր վարչապետ Փաշինյանի կողմից հրապարակված «Հայաստանի՝ մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության» ծրագրին՝ Սրբուհի Գրիգորյանը նկատեց, որ այս ռազմավարությունը երազանք է, որովհետև նախքան նման ռազմավարությունների իրականացումը՝ առաջինը պետք է կանգնեցնել երկրում խորացող դեպոպուլյացիան։

«Դա կանխելու համար ծրագրեր անգամ չեն մշակել, ավելին՝ մի քննարկման ժամանակ, որին ներկա էին շատ պատասխանատուներ, ասացի՝ դեպոպուլյացիան պետք է կանգնեցնել, այդ պաշտոնյաներից շատերը անգամ չգիտեին, թե ի՞նչ է նշանակում այդ բառը… չգիտեմ՝ ինչ ասեմ։ Ավելին էլ կա, մեր երկրում այս իշխանությունը ներքին արտագաղթի տեմպը չի կարողացել նվազեցնել այս տարիների ընթացքում, մենք ունենք ենթակառուցվածքների խնդիր, և միայն ասֆալտը չէ, որ ենթակառուցվածք է։ Այնպես որ, այդ ռազմավարությունը երազանք է ընդամենը, իսկ մենք երազանքներով չենք կարող սնվել ու սնել մեր ժողովրդին, այդպես արեցին 2018 թվականին, երբ այդքան տոկոսներ հավաքեցին, սակայն երազանքով սնելն էլ չի աշխատում»,- ասաց Գրիգորյանը՝ շեշտելով, որ, խոշոր հաշվով, ստեղծված իրավիճակի պատասխանատուն Փաշինյանն է, և ամեն ինչ գալիս է հենց նրանից։

Հարցին՝ իսկ եթե ամեն ինչ գալիս է Փաշինյանից, ինչո՞ւ էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում, որ հեռանա ոչ թե վարչապետը, այլ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորը պատասխանեց..

«Մենք չեն կարող պահանջել Փաշինյանի հրաժարականը շատ պարզ պատճառով՝ որքան էլ անկում է ապրում նրա վարկանիշը, միևնույն է՝ հաջորդ ընտրությանը նրանք կհավաքեն եթե ոչ՝ 70, այլ՝ 40-45 տոկոս, հետևաբար՝ այդ հարցը հիմա ժամանակավրեպ է։ Փաշինյանի հրաժարականի պահանջն օդում փուչիկ ծածանել է, իսկ այն ուժերը, որոնք պահանջում են՝ իրավիճակին չեն տիրապետում, պետք է լուրջ ուսումնասիրություն անեն»,- ասաց Գրիգորյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս