«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում աղեստամոքսային խանգարում ստացած անձանց թիվն աճել է
Սեպտեմբերի 19-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում անձնակազմի և բուժվողների շրջանում աղեստամոքսային խանգարման դեպքեր են գրանցվել: Երեկ ԲԿ-ի Հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը հայտնել էր, որ նրանց թիվը 33 է:
Այսօր 168.am-ի հետ զրույցում Խաչատրյանն ասաց, որ նրանց թիվն աճել է՝ դառնալով 54: Թվերի ավելացումը պայմանավորված է նրանով, որ այդ օրն աշխատած բուժանձնակազմի որոշ մասը հանձնել է հերթափոխը և միայն իմանալուց հետո, որ նման դեպքեր են գրանցվել ԲԿ-ում, ահազանգել են:
«Հերթափոխը հանձնած բուժանձնակազմի անդամներն ահազանգում են գանգատների մասին, և հասկանում ենք, որ նույն գանգատներն են, և արդյունքում՝ թիվն ավելանում է: Պացիենտների թիվը կայուն է: 54-ից 8-ը պացիենտ են, 46-ը՝ բուժանձնակազմի անդամներ»,- ասաց Խաչատրյանը:
Հարցին, թե ի՞նչն է աղեստամոքսային խանգարման պատճառը, արդյոք դա կարո՞ղ է սննդից լինել, ԲԿ-ի Հանրային կապերի պատասխանատուն պատասխանեց, որ իրենք դեռ չգիտեն, ՍԱՏՄ-ն սննդից նմուշառում է արել: ԲԿ-ն օգտվում է «ԱրտԼանչ» ճաշարանների ցանցի ծառայություններից:
«Բոլորին տրվում է միևնույն սնունդը: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն «ԱրտԼանչ»-ի ծառայություններից օգտվում է արդեն մեկ տարի, նման որևէ դեպք չի գրանցվել»,- ասաց Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ կապ են պահպանում աղեստամոքսային խանգարում ունեցողների հետ: Բոլորի վիճակն այս պահին լավ է:
«Բոլորն իրենց լավ են զգում»,- ասաց Խաչատրյանը:
168.am-ը կապ հաստատեց նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանի հետ: Նա հայտնեց, որ նմուշի դասական փորձաքննությունը տևում է 5-7 օր: