«Աշխարհում որևէ մեկը չկա, որ կարող է մեզ կառավարել, եթե մենք ուժեղ ենք». Արմեն Սարգսյան
«30 տարի առաջ մեր ժողովուրդը երազանք ուներ, դարերով երազանք՝ վերականգնել իր անկախ պետականությունը, և 29 տարի առաջ այդ երազանքը կատարվեց»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«29 տարվա մեջ ունեցանք և մեծ հաղթանակներ, դժվարություններ, պարտվեցինք, կարծում եմ՝ լավ և վատ դասերը սովորել ենք, և ժամանակն է՝ նորից երազենք, որպեսզի ապագա 30 տարում կառուցենք իրական, ամուր, հզոր մեր պետությունը: Շնորհավորում եմ բոլորիս»,- ասաց նախագահը:
Լրագրողի հարցին, թե մենք իսկապե՞ս անկախ ենք, ասում են՝ Հայաստանը գերտերություններից կախման մեջ է, միշտ իր քայլերը կատարում է դրանք հաշվի առնելով՝ Ռուսաստան, ԱՄՆ, Արմեն Սարգսյանը կարճ պատասխանեց.
«Հավատացեք ձեր ուժերին: Աշխարհում որևէ մեկը չկա, որ ձեզ, ինձ, մյուսներին կարողանա կառավարել, եթե մենք ուժեղ ենք: Եթե ձեզ թվում է՝ 29 տարի առաջ բոլորը սպասում էին, որ Հայաստանն անկախ լինի, սխալվում եք, մենք բոլորով՝ հայերով, հավատացինք և ստացանք այն, ինչ որ ուզում էինք, եթե այսօր էլ հավատանք, կարգապահ լինենք, կազմակերպված, հստակ նպատակ և ծրագիր ունենանք, ապա կհասնենք դրան»: