«Ուսուցիչները կոտորվեցին․ աշխատավարձը թողել են նույնը, 5-ի փոխարեն՝ 6 օր են դասի գնում, 1 դասի փոխարեն՝ 3-ն են պարապում, այ, թող այդ մասին մտածեն»
Մամուլում օրերս ակտիվորեն շրջանառվում էր տեղեկատվություն, թե իբր նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել, և ԱՆ-ի գրությամբ բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություններին հրամայված է ազատվել 65 և ավելի տարիք ունեցող բոլոր դասախոսներից, ինչի կապակցությամբ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը և ներկայացվում է այլ քողի ներքո և խեղաթյուրված է:
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ նախ և առաջ նշվածը ոչ թե հրաման է, այլ հրամանի նախագիծ, և գտնվում է քննարկումների և լրամշակումների փուլում, և միևնույն ժամանակ հանդիսանում է ոչ թե աբսուրդային, այլ օրվա հրամայական, և կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ մինչ այս պահն ընդունված բոլոր փաստաթղթերում, իրավական ակտերում նշվել է, որ անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց, ինչն ուղղված է եղել ոչ թե ռիսկի խումբ հանդիսացող աշխատակիցներից ազատվելուն, այլ վերջիններիս պաշտպանելուն։ Տվյալ առաջարկն ուղղված է ոչ թե ռիսկի խմբում գտնվող անձանց աշխատանքից կամ ուսման իրավունքից զրկվելուն, այլ վերջիններիս անվտանգության ապահովմանը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց մասնագիտական գիտելիքներն ու ներուժը ծառայեցնել պետությանը նաև կորոնավիրուսային հիվանդության պայմաններում՝ հեռավար սկզբունքով, իսկ համաճարակային իրավիճակի կայունացումից հետո անցնել իրենց բնականոն աշխատանքին»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ մայրենիի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Ջուլիետա Գյուլամիրյանը 168.am-ի հետ զրույցում հեռավար կրթությունն անարդյունավետ որակեց՝ մանրամասնելով.
«Ուղղակի անարդյունավետ է հեռավար կրթությունը: Ամբիոնի վարիչ եմ, ու իմ ամբիոնի երիտասարդ անդամներն ուղղակի կոտորվում են՝ համակարգչի էկրանի առջև 4-6 ժամ նստելով: Ես խնդիր չունեմ՝ աշխատում եմ, սակայն դժվար է ոչ միայն ինձ համար, այլև բոլորի: Այստեղ տարիքը կապ չունի: Ամբողջ ամռանն օնլայն վերապատրաստում եմ իրականացրել, այս պահին սփյուռքի ուսուցիչներին եմ վերապատրաստում, վաղն էլ օնլայն դասեր ունեմ, սակայն այսպես աշխատելը, կարծում եմ, ոչ միայն ինձ, այլև բոլորիդ համար առողջարար չէ: Անշուշտ, իմ տարիքի համար մի փոքր ավելի լարվածություն կա, սակայն ես 70-ն անց եմ, եռանդով աշխատում եմ, ինձ համար դա խնդիր չէ»:
Ջուլիետա Գյուլամիրյանի դիտակմամբ՝ առցանց աշխատելը հոգնեցուցիչ է, իսկ առերես հանդիպումը նաև լիցքաթափում է:
«Երբ ուսանողին նստեցնում և աշխատեցնում ես, նաև այդ պահին կոկորդդ հանգստանում է, իսկ այսպես անընդհատ դու ես խոսում, որովհետև 70 ուսանողից 20-ն է այդ պահին համակարգչով միանում: Չեն աշխատում, ու ինձանից մեծ ջանքեր է պահանջվում, որ անընդհատ ուսանողի անունը տամ, ստուգեմ, տեսնեմ՝ ներկա՞ է, թե՞ ոչ:
Ես, օրինակ, իմ դիպլոմային աշխատանք գրող ուսանողներին երկու-երկու կանչում եմ համալսարան, գործնական խնդիրներ կան, քննարկում ենք, դասի պլան եմ սովորեցնում, և այլն: Առանց առերես հանդիպման դա չի լինի:
Ես ավելի հեշտ եմ աշխատում, երբ հեռավար չէ: Դրանում խոսք չկա: Հետո այստեղ կա սոցիալականացման, մարդկանց հետ հանդիպելու, լիցքաթափվելու խնդիր, քան, որ 6 ժամ սենյակիդ դուռը փակես ու աշխատես:
Երիտասարդների համար էլ է շատ դժվար: Հիմա իմ ընտանիքում երկու թոռ ունեմ սովորող, հարսս ուսուցչուհի է, պատկերացրեք՝ մեր տունը դարձել է համալսարան»,- նշեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ արդյո՞ք չկա կորոնավիրուսով վարակվելու մտավախություն, տիկին Գյուլամիրյանը պատասխանեց.
«Աշխատում եմ զգույշ լինել, դիմակ եմ կրում, անընդհատ ձեռքերս լվանում եմ, պահում եմ 1.5 մետր հեռավորություն: Մտածում եմ, որ մարդ նախ և առաջ պետք է պայքարող իմունիտետ ունենա: Այնքան մարդիկ գիտեմ, որ ամեն ինչից վախենում են, մաքրասեր են, բայց գալիս, իրենց է դիպչում:
Թող գնան և ավելի շատ մտածեն այն ուսուցիչների մասին, որոնց աշխատանքը բարդացրել են: Հարսս ուսուցչուհի է, 3 օր աղջիկներով նստարաններն էին դասավորում տարբեր դասարաններում՝ կոտորվեցին, իսկ հիմա էլ 6-օրյա են սարքել դասերը, ու ամեն օր 18:30-ին է գալիս: Աշխատավարձը թողել են նույնը, 5-ի փոխարեն՝ 6 օր են դասի գնում: Ուսուցիչներն իրենց մեկ դասի փոխարեն՝ 3-ն են պարապում: Այ, թող այդ մասին մտածեն: Ինչ վերաբերում է հեռավար կրթությանը՝ իմ տարիքի շատ մարդիկ գուցե ասեն՝ հեռավարը լավ է, ի՞նչ կա որ, տնից աշխատում ենք, սակայն իսկապես աշխատելու, ջանք թափելու դեպքում շատ դժվար է: Այստեղ միայն աշխատելու հարցը չէ, չէ՞ որ մենք աշխատակազմի հետ հանդիպում, մտքեր ենք փոխանակում, մասնագիտական քննարկումներ ենք անում»: