Բաժիններ՝

Տիգրան Մանսուրյանը համավարակի ընթացքում երկու նոր ստեղծագործություն է գրել

Սիրված կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը համավարակի տարածման շրջանում երկու ստեղծագործություն է գրել, որոնք հույս ունի շուտով ներկայացնել երաժշտասերներին: Այս մասին մաեստրոն հայտնեց սեպտեմբերի 14-ին կազմակերպված մամուլի ասուլիսում:

«Մարտից հետո երկու գործ եմ գրել: Մի երիտասարդ ալտահարուհի, որը բնակվում է Գերմանիայում, ինձ խնդրել էր փոքրածավալ մի ստեղծագործություն գրել, որն անմիջականորեն կապ կունենա այն իրականության հետ, որում ապրում ենք բոլորս, երբ ստեղծագործող մարդիկ առանձնացած են, փակված, համերգային կյանքից դուրս: Ալտահարուհին ոչ միայն ինձ, այլև մի շարք այլ կոմպոզիտորների հետ է համագործակցում: Մեր ստեղծագործությունները ձայնագրելու է գերմանական ընկերություններից մեկի հետ»,-պատմեց Մանսուրյանը:

Նա շեշտեց, որ սիրով է համաձայնել մասնակցել այդ նախագծին` գրելով «Ձայն լռության» ստեղծագործությունը:

Հեղինակը գրել է նաև «Չորս հայրեն» շարք: «Կան սիրո հայրեներ, պանդխտության հայրեներ, բնության հայրեներ: Այս շարքը նվիրված է սեր և լուսին հարաբերությանը: Այն արդեն ավարտված է: Հուսամ` շուտով առիթ կլինի համերգային կյանքով ապրել և հնչեցնել նոր ստեղծագործությունները»,-եզրափակեց Տիգրան Մանսուրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս