Նիկոլ Փաշինյանի թանկարժեք նվերը Սերժ Սարգսյանին

Այսօր Ազգային ժողովը քննարկում և ավելի ուշ քվեարկելու է Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներին։ Քննարկումներն ու քվեարկությունները, իհարկե, ձևականություններ են, քանի որ խորհրդարանը վավերացնելու է այն որոշումները, որոնք կայացվել են ամենաբարձր մակարդակով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։

ՍԴ դատավորների թեկնածուներից ամենախորհրդանշականը Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն է, ում առաջադրել է Դատավորների ընդհանուր ժողովը։ Ֆորմալ առումով դատական համակարգը, իհարկե, անկախ է իշխանության մյուս, այդ թվում՝ գործադիր իշխանությունից, բայց ԱԺ-ի այսօրվա քննարկումը ցույց տվեց, որ Խունդկարյանի թեկնածության առաջադրումը համաձայնեցվել է իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի հետ։

ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Խունդկարյանի թեկնածության քննարկման ժամանակ կամ ընդհանրապես դիրքորոշում չհայտնեց, կամ իշխանական պատգամավորները Խունդկարյանի մասին խոսեցին դրական ելևէջներով, ինչից ակնհայտ դարձավ, որ նա իշխող խմբակցության կողմից ընտրվելու է ՍԴ դատավորի պաշտոնում։ Չար լեզուներն ասում են անգամ, որ դրանից հետո Խունդկարյանը դառնալու է նոր Սահմանադրական դատարանի՝ իշխանության նախընտրելի նախագահը։

Իշխանության կողմից Խունդկարյանի ընտրությունն իրականում մեծ ռումբ է նույն իշխանության, հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Բանն այն է, որ նրա ընտրությամբ հերքվելու է այն քարոզչական միֆը, որը հենց Փաշինյանը նախկին իշխանության դեմ պայքարի շրջանակներում կիրառել է տարիներ, տասնամյակներ շարունակ։

Ընդդիմադիր լրագրող, ապա՝ պատգամավոր ու քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ հասարակությանը համոզել է, որ Հայաստանի դատական համակարգն ամենակոռումպացված, ամենահանցավոր համակարգն է, որ դատարանները կեղեքել են քաղաքացիներին, ոտնահարել են մարդու իրավունքները, և այլն, և այդպես շարունակ։ Եթե ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանն իրավացի էր, ապա պետք է ընդունենք նաև, որ այդ ամենի համար մեծագույն պատասխանատվություն է կրում Երվանդ Խունդկարյանը, ով նախորդ երկու իշխանությունների օրոք բազմաթիվ բարձր պաշտոններ է զբաղեցրել դատական համակարգում, իսկ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 2018 թվականից, եղել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։

Խունդկարյանը, ավելի պարզ խոսքով, եղել է դատական համակարգի «թոփ մենեջերներից» մեկը, և այն ամենը, ինչ տեղի է ունեցել այդ համակարգում, կատարվել է նաև նրա անմիջական մասնակցությամբ։

Եվ այսօր՝ որպես ՍԴ դատավոր ընտրելով Երվանդ Խունդկարյանին, գործող իշխանությունը, Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն խոստովանում է, որ տարիներ շարունակ իր կողմից թմբկահարված կոռումպացված դատական համակարգի մասին թեզը եղել է կեղծ ու մանիպուլյատիվ, հակառակ պարագայում այդ նույն իշխանությունը ներբողներ չէր ձոնի «կոռումպացված դատական համակարգի» հայրերից մեկին ու չէր ընտրի նրան ՍԴ դատավորի պաշտոնում։

Երվանդ Խունդկարյանին ընտրելով՝ իշխող մեծամասնությունը, Նիկոլ Փաշինյանը մեծագույն նվեր է մատուցում նախկին իշխանություններին, Սերժ Սարգսյանին՝ մաքրելով այդ իշխանությանն  ընդդիմության կողմից առնվազն դատական համակարգի վերաբերյալ տարիներ շարունակ մանիպուլյատիվ հակաքարոզչության միջոցով հասցված խարանից։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ «նախկին հանցավոր իշխանությանը» ծառայած Երվանդ Խունդկարյանը նույն կերպ կծառայի նաև իրեն՝ արդեն ՍԴ դատավորի կամ նախագահի պաշտոնում, նշանակում է, որ պայթում է գործող իշխանության փչած ևս մեկ քարոզչական փուչիկ այն մասին, որ նախկին ՍԴ-ի դեմ քայլարշավի նպատակը ոչ թե սեփական օգտագործման ՍԴ ունենալն էր, այլ իրապես անկախ Սահմանադրական դատարանի կազմավորումը։

Հ․Գ. Խունդկարյանի թեկնածության քվեարկությունն Ազգային ժողովում տեղի է ունենալու մի քանի ժամ անց։ Տեսականորեն բացառված չէ, իհարկե, որ նա չընտրվի որպես ՍԴ դատավոր։ Սակայն, անկախ դրանից, միայն այն փաստը, որ խորհրդարանական այսօրվա քննարկումների ընթացքում իշխող խմբակցության պատգամավորներն անարգանքի սյունին չգամեցին Երվանդ Խունդկարյանին՝ նրան հիշեցնելով «կոռումպացված դատական համակարգի» բոլոր հանցագործությունները, արդեն իսկ վկայում է այն իրողության մասին, որ Նիկոլ Փաշինյանը պայթեցնում է իր նախկին քարոզչական ամենակարևոր փուչիկներից մեկը։

Առաջիկայում կպայթեն բազմաթիվ այլ փուչիկներ ևս։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս