«Կառավարությունը երկար ձգել չի կարողանալու». Արման Աբովյան
Այն խնդիրները, որոնց մասին այսօր Կառավարության շենքի դիմաց բարձրաձայնում էին, դրանց մասին խոսել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռևս հունիսի 5-ին, և դեռ այն ժամանակ խոսվել է բանկային՝ լոմբարդային համակարգի և սոցիալ-տնտեսական ճգնաժամերի մասին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ շեշտելով, որ Հայաստանը կանգնած է զանգվածային գործազրկության, սոցիալ-տնտեսական լուրջ ճգնաժամի առաջ։
Դիտարկմանը, որ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ պնդել է ասվածի ճիշտ հակառակը և շեշտել, որ երկրում չկա սոցիալական և տնտեսական ճգնաժամ, Աբովյանը հակադարձեց.
«Կարելի է ասել ամեն ինչ, վերցնել թուղթը, կարդալ թվերը, բայց դրա փոխարեն կարելի է դուրս գալ փողոց ու մարդկանց հետ շփվել, իսկ այսօր կառավարության դիմաց կատարվողը պատասխանն է այն բյուրեղյա երազանքի, թե Հայաստանում ամեն ինչ լավ է։ Գոյություն ունի, փաստորեն, երկու Հայաստան՝ մի տեղում տնտեսական աճ է, բոլորն ապրում են չաղ ու բախտավոր, իսկ մյուսն իրականն է, և մենք ապրում ենք այդ իրական Հայաստանում»։
Ըստ պատգամավորի՝ իրական Հայաստանում ամեն օր զարգացող խնդիրներով է պայմանավորված այն, որ ԲՀԿ-ն նախատեսում է մեծ հանրահավաք անցկացնել: Եվ մեր զրուցակցի կարծիքով՝ դրա գովազդով ավելի շատ զբաղվում են իշխանության ներկայացուցիչները։
«Հանրահավաքի մասին տասնապատիկ շատ են խոսում մեր ընդդիմախոսները. այն գովազդը, որն անում են իրենք, մեզ շատ-շատ է օգնում. օգնում է, որ մարդիկ հասկանան խնդիրները, այնպես որ, թող շարունակեն գովազդել»,- ասաց Աբովյանը։
Ըստ Աբովյանի՝ կա հանրային պահանջ, որ կառավարությունն աշխատի, և ոչ թե՝ բոլոր ընդդիմախոսներին պիտակավորի ու փռի ասֆալտին։
Դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչը պնդում է, որ ԲՀԿ-ն իշխանությանը քննադատելով՝ լուծում է իր քաղաքական կշռի հարցը, Արման Աբովյանն արձագանքեց.
«Աբսուրդները չեմ ուզում մեկնաբանել։ Նշեմ, որ ԲՀԿ-ն աթոռակռվի խնդիր չի անում, մենք պարզապես տեսնում ենք, որ խնդիրները չեն լուծվում։ Եթե կառավարությունը չառերեսվի իրական խնդիրների հետ, չի կարողանալու երկար ձգել, իսկ մեր հայտարարության մեջ ոչ մի փոփոխություն չի եղել՝ կապված կառավարության 100 տոկոսի հրաժարականի հետ, չի եղել փոփոխություն, որովհետև Հայաստանում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում