Որո՞նք են Սևանի ափամերձ գոտու ապամոնտաժման ենթակա 32 շենք-շինությունները (ցանկ)

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ Սևանի առափնյա տարածքներում արդեն գույքագրվել է 32 շենք-շինություն, որոնք ենթակա են ապամոնտաժման, քանի որ գտնվում են 1901.5 նիշից ցածր:

168.amը «Սևան» ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանին գրավոր հարցմամբ խնդրել էր տրամադրել նշվող 32 շենք-շինությունների ցանկը:

Ի պատասխան՝ Արա Խլոյանը մեզ ուղղորդեց այդ ցանկին ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կայքէջում:

Ցանկը բավականին հետաքրքրական էր՝ պոմպակայաններից զատ՝ այստեղ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, տեղ էին գտել նաև Հայաստանի նկարիչների միությանը պատկանող քարե և փայտե կառույցները և, ի թիվս այլ շինությունների, նաև Շողակաթի /Շորժայի/ համայնքապետարանին պատկանող մետաղյա ինչ-որ շինություն ու  Ա.Ալիխանյանի անվան Ազգային ինստիտուտին պատկանող տարբեր մակերեսներով մետաղյա շինություններ:

168.amի հետ զրույցում Շորժայի համայնքապետ Սուլիկո Շուշանյանը տեղեկացրեց, որ որևէ ծանուցում չի ստացել համայնքապետարանին պատկանող որևէ կառույցի ապամոնտաժման վերաբերյալ:

«Ի՞նչ շինություն, մենք շինություն չունենք քանդելու»,- մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց համայնքապետը:

Ապամոնտաժման ծանուցում չեն ստացել նաև Ա.Ալիխանյանի անվան Ազգային ինստիտուտում:

«Մենք դեռ չենք ստացել. միգուցե դեռ շրջանառվո՞ւմ է»,- մեզնից հետաքրքրվեց ինստիտուտի ֆինանսական տնօրեն Լուսինե Բոյաջյանը, ապա տեղեկանալով, որ արդեն նախարարության կողմից հաստատված ցանկ է՝ խոստացավ ուսումնասիրել:

Առնվազն տարօրինակ է Շրջակա միջավայրի նախարարության որդեգրած քաղաքականությունը. ժողովրդավարական երկրում այսչափ չկարևորե՞լ իրավական գործընթացները, որոնք պիտի նախորդեն ու հաջորդեն քանդելու հեղափոխական որոշմանը՝ փոխհամաձայնության գալ տարածքն օրինական տնօրինողների հետ, խոսել փոխհատուցման մասին, կամ գոնե բարեհաճել ընդունած որոշումների մասին պատշաճ ծանուցել նրանց, ովքեր շուտով առնչվելու են այդ որոշումներին:

Հիշեցնենք, ավելի վաղ 168.am-ը նախարարության սույն որոշման առնչությամբ զրուցել էր Նկարիչների Միության հանգստյան տան ղեկավար, գեղանկարիչ Վահագն Գալստյանի հետ: Նա թեև նշել էր, որ ապամոնտաժման մասին ծանուցումն արդեն ստացել են, բայց նկատել էր, որ դա եղել է տիպային-ընդհանուր ծանուցում:

Հարցին՝ մինչ ծանուցումն արդյոք որևէ քննարկում եղե՞լ է պատկան մարմինների հետ, հատուցման գործընթաց սկսելու վերաբերյալ որևէ փոխհամաձայնություն եղե՞լ է, Վ. Գալստյանը պատասխանել էր. «Որևիցե քննարկում չի եղել՝ ո՛չ հատուցման մասին, ո՛չ պրոցեսի. մեզ համար բավականին անակնկալ էր: Մենք երեկ դեռ ծանուցման պատասխանն ենք ուղարկել»:

Տեսանյութեր

Լրահոս